Լրամփոփ | ապրիլ 2024
Film Mosaic x2024
Փինքը Կոպենհագենի ճարտարապետական փառատոնի հետ համատեղ ապրիլի 9-ին Երևանում ցուցադրեց կազմակերպության տրամադրած կրթաթոշակի շրջանակներում պատրաստված 5 կարճամետրաժ ֆիլմերը, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել ֆիլմերը հեղինակների հետ։ Դրան հաջորդող շաբաթը ցուցադրություն կազմակերպվեց նաև Թբիլիսիում։
Ավելի քան 80 մասնակիցների թվում հրավիրված էին նաև մեր գործընկերները Դանիայից և Վրաստանից։ Ֆիլմերը շուտով ցուցադրվելու են նաև Կոպենհագենում, որից հետո կրկին ցուցադրություններ կկազմակերպվեն Հայաստանում։
Մենք շնորհավորում ենք ֆիլմերի տաղանդավոր հեղինակներին և մաղթում նրանց նորանոր հաջողություններ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդումը
Հրապարակվել է 2023 թ․ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Հատկանշական է այն փաստը, որ ՄԻՊ գրասենյակի գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ ԼԳԲՏ անձանց իրավունքները ներկայացվել է առանձին գլխում՝ «Իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող առանձին խնդիրներ» բաժնի ներքո։ Բաժնում ներկայացված են նաև սեռական ոտնձգության և պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների խնդիրները, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ազգային փոքրամասնությունների հարցերը։
Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ևս վկայում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով անհանդուրժողական կամ խտրական վերաբերմունքի առկայության մասին։
Փաստաթղթում մատնանշվել է նաև 2023 թ․ ընթացքում «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտման 51 դեպքի մասին, որոնցից 49-ի պարագայում առկա են անհատ տուժողներ, իսկ 2-ը ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված ատելության խոսքի ծանր դրսևորումներ են՝ բռնության կոչեր կամ արդարացում։ Դեպքերից 22-ն ընտանեկան բռնության դեպքեր են, որոնց տուժողներից 5-ն են դիմել ոստիկանություն։
ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի զեկույցը
ԱՄՆ պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանին վերաբերվող տարեկան զեկույցը: Զեկույցում համապարփակ կերպով անդրադարձ է կատարվել նաև ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ Հայաստանում վերաբերմունքին և այդ մասին մտահոգություններ։
Զեկույցում անդրադարձ է կատարվել ոստիկանական բռնություններին և այն դեպքերին, երբ իրավապահները ձախողել եմ պատշաճ կերպով արդրադառնալ բազմաթիվ դեպքերի, երբ իրավախախտ անձինք բռնության կոչեր են արել և փորձել են արդարացնել ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ բռնությունները՝ կապված նրանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ (ՍԿԳԻ)։
Նշվում է նաև, որ բազմաթիվ հարձակումներ են եղել տրանսգենդեր կանանց նկատմամբ, որոնցից ոչ մի դեպք չի դատապարտվել։ Դեպքերի թվում է տրանս կնոջ սպանությունը օգոստոսին, ում դատակահարել էին և այրել Երևանում գտնվող բնակարանը որտեղ նա բնակվում էր։ Բացի այդ զոհված տրանս կնոջ հիշատակին նվիրված մոմավառության միջոցառման ժամանակ մի խումբ անձինք ձվեր, շշեր և քարեր են նետել ներկաների վրա՝ չնայած մոտակայքում ներկա էին ոստիկաններ, ովքեր չեն միջամտել և պատշաճ կերպով չեն արձագանքել հարձակմանը ներկաների վրա։
Զեկույցն անդրադարձել է նաև գենդերի իրավական ճանաչմանը, նաև բժշկական և պետական մարմիններում ուղեցույցների կամ կանոնակարգերի բացակայությանը, ինչպես նաև այն դժվարություններին, որոնց բախվում են մարդիկ, երբ փորձում են փոխել իրենց սեռի նշումը նույնականացման փաստաթղթերում կամ երբ փորձում են սկսել սեռի փոփոխության գործընթացները։