Խոսում են ակտիվիստները․ Լիլիթ Ավետիսյան

28-06-2023

Հպարտության ամսվա առցանց արշավի հաջորդ մասնակիցը Լիլիթ Ավետիսյանն է։ Լիլիթն արդեն տարիներ շարունակ աշխատում է Փինք իրավապաշտպան ՀԿ-ում, իսկ ակտիվիզմը նրա կարիերայի մի մասն է կազմում։

Տարիներ առաջ, երբ Լիլիթը սկսել էր հետաքրքրվել ակտիվիստական գաղափարներով և արժեքներով, նա նկատեց, որ այդ ամենն իրեն շատ հոգեհարազատ է, քանի որ անարդարությունների դեմ պայքարելու ցանկություն ուներ։ Դեռևս իր դեռահասության տարիներին նա դպրոցում ուսուցիչների կողմից անարդար վերաբերմունք էր նկատում աշակերտների նկատմամբ, ինչն իրեն անհանգստացնում էր, այստեղից էլ առաջացել էր անարդարությունների դեմ պայքարելու նրա ցանկությունը։

Ավելի ուշ Լիլիթին սկսեցին անհանգստացնել այլ հարցեր ևս՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս անձանց խնդիրները։ Նա նկատում էր, որ խոցելի խմբերի նկատմամբ հասարակությունը տարբերակված վերաբերմունք ունի, ինչի արդյունքում անարդարության զգացում էր ունենում, քանի որ գտնում էր, որ յուրաքանչյուր մարդ իրեն ապահով և պաշտպանված զգալու կարիք ունի։

Այնուհետև, երբ Լիլիթն աշխատանքի անցնելով Փինք իրավապաշտպան ՀԿ-ում, խոցելի խմբերի խնդիրներով զբաղվելը ներառվեց նրա ակտիվիստական օրակարգում։ Փինքում Լիլիթն ի սկզբանե ներգրավվել է որպես օգնող մասնագետ՝ հոգեբան։ ԼԳԲՏ անձանց հետ որպես օգնող մասնագետ աշխատելիս նա նկատել էր մի շարք խնդիրներ օգնող մասնագետների շրջանում, քանի որ մասնագետները սովորաբար խուսափում էին ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքից։ Ականատես լինելով այս խնդրին՝ Լիլիթը ներգրավվեց նաև ծրագրերի համակարգման գործընթացներում․ այս ընթացքում նա զբաղվում էր օգնող մասնագետների շրջանում ԼԳԲՏ անձանց տեսանելիության բարձրացման հարցով, իսկ ծրագերն ուղղված էին մասնագետներին ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի նրբություններին ծանոթացնելուն։ Այս ընթացքում շատ մասնագետներ սկսեցին դիմել Լիլիթի օգնությանը՝ ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքին առնչվող գրականություն և տեղեկատվություն խնդրելով, իսկ Լիլիթը սիրով նրանց էր տրամադրում համապատասխան տեղեկատվություն։ Այս ամենը, բնականաբար, խթանիչ ազդեցություն ունեցավ օգնող մասնագետների շրջանում, և մասնագետների շրջանակը սկսեց ընդլայնվել։

Ակտիվիստ լինելը Լիլիթը բնութագրում է որպես բովանդակային նպատակների և քայլերի ամբողջություն, որի արդյունքում հասարակության շրջանում որոշակի բարեփոխումներ են տեղի ունենում։ Նման բարեփոխումների շարքում Լիլիթի համար օգնող մասնագետների շրջանում ԼԳԲՏ անձանց տեսանելիության բարձրացումն էր և ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում նրանց ներգրավելը, ինչի շնորհիվ այժմ Հայաստանում կան մեկ տասնյակից ավելի հոգեբաններ, որոնք աշխատում են ԼԳԲՏ անձանց հետ։ 2013թ․-ի դրությամբ Լիլիթը ԼԳԲՏ անձանց հետ աշխատող այն քիչ մասնագետներից էր, ովքեր չէին վախենում մասնագիտական դաշտում վարկաբեկվելուց կամ բացասական վերաբերմունքի արժանանալուց, և առաջ էին տանում իրենց պայքարը։ Այս ամենի շնորհիվ այժմ ունենք այլ պատկեր՝ օգնող մասնագետների ընդլանված շրջանակ, որը ԼԳԲՏ անձանց հնարավորություն է տալիս հեշտությամբ հոգեբանական աջակցություն ստանալ։

Լիլիթը կարծում էր, որ ԼԳԲՏ անձանց հանդեպ տարածված խտրականության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ավելի լուրջ քայլեր ձեռնարկել։ Այս շրջանում էր, երբ նա հոգեբան-մասնագետից անցավ իրավապաշտպան գործունեության և ստանձնեց Փինք իրավապաշտպան ՀԿ-ի նախագահի պաշտոնը՝ իր տեսլականում ունենալով ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունն ու ջատագովությունը։

Իր ակտիվիստական գործունեության մեջ Լիլիթը կարևորում է պետական և միջազգային մարմինների շրջանում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելը և համագործակցության հնարավորությունը, քանի որ օրենսդրական բացերը լրացնելու գործում այս քայլերը մեծ դեր ունեն։ Ինչ վերաբերում է հանրային հարթակներում իրազեկման գործընթացներին՝ Լիլիթը բազմիցս է հանրային ելույթներ ունեցել թե՛ որպես ակտիվիստ, թե՛ որպես իրավապաշտպան, և կարծում է, որ հանրային հարթակներում իրազեկման միջոցառումներն առանցքային դեր ունեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանրության կարծիքի փոփոխության հարցում։

Ակտիվիզմը Լիլիթը բնութագրում է որպես մարդկանց՝ անարդարությունների հանդեպ անտարբեր չլինելու մղում, ինչն էլ, իր կարծիքով, միավորում է բոլոր ակտիվիստներին։ Նա նշում է, որ ինչքան էլ յուրաքանչյուր ակտիվիստ իր սեփական փորձառությունն ունենա, այնուամենայնիվ, ակտիվիստների գաղափարները շատ հարցերի շուրջ միավորվում են, ինչը շատ կարևոր է, քանի որ սոլիդարությունը հաճախ մեծ աջակցություն է ակտիվիստների համար։

Որպես ակտիվիստական տեսլական Լիլիթն իրատեսական է համարում տեսնել մի ապագա, որտեղ ակտիվիստներն իրենց միայնակ չեն զգա իրենց պայքարում և կիմանան, որ իրենց գործը երբեք կիսատ չի մնա՝ շնորհիվ այլ ակտիվիստների աջակցության և սոլիդարության, ինչի արդյունքում կկարողանան իրականությունն ավելի լավը դարձնել։