Խոսում են ակտիվիստները․ Լիլիթ Մարտիրոսյան

15-06-2023

Հպարտության ամսվա շրջանակներում այս տարի պատրաստել ենք առցանց արշավ՝ ներգրավելով ԼԳԲՏ ակտիվիստների, որոնք խոսում են իրենց ակտիվիստական փորձառությունից և կիսվում իրենց ակտիվիստական գործունեության պատմություններով։ Առցանց արշավի շրջանակներում ներգրավված ակտիվիստների հետ տեսանյութերի ձևաչափով անցկացված հարցազրույցների հիման վրա հրապարակվելու են հոդվածներ և կարճ տեսանյութեր։ 

Մեր առաջին հյուրն էր «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, տրանս կին, ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը։  

Լիլիթ Մարտիրոսյանը դեռևս վաղ տարիքից՝ 13 տարեկանից գիտեր իր գենդերային ինքնության մասին։ Նրա համար դժվար էր ապրել գյուղում, ինչի պատճառով նա որոշեց լքել իր բնակավայրը և տեղափոխվել Երևան։ Երևան տեղափոխվելուց հետո Լիլիթը սկսել է հասարակական կազմակերպություններում կամավորական աշխատանքով զբաղվել, իսկ այնուհետև, ներշնչվելով Հարվի Միլքի իրավապաշտպան գործունեությունից, որոշել է ներգրավվել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։  

Որպես ակտիվիստ Լիլիթն իր առջև դրել մի շարք նպատակներ է դրել։ Այդ նպատակների շարքում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր աշխատանքի միջոցով Հայաստանը ամբողջապես ժողովրդավար երկիր դարձնելը․ ժողովրդավար երկիր ասելով հասնակում ենք երկիր, որտեղ մարդու սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն ընդունված են, և որտեղ կբացառվի խտրականության ցանկացած դրսևորում։ Լիլիթի կարծիքով այս ամենին կարելի է հասնել ակտիվիզմի միջոցով՝ աշխատելով ԼԳԲՏ անձանց խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։  

Լիլիթի նպատակներից մեկն է նաև լուծել Հայաստանի Հանրապետությունում գենդերի իրավական ճանաչման հարցը, քանի որ դրա բացակայության պատճառով խտրականության մակարդակն ավելի բարձր է։ Տրանս անձանց կյանքը բարելավելու ուղղությամբ Լիլիթը նպատակ ունի նախաձեռնել նաև այլ քայլեր՝ տրանս անձանց հորմոնաթերապիայով ապահովելը, բժշկական ծառայություններին հասանելիություն ունենալը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել տրանսֆոբիայի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։ 

Լիլիթին անհանգստացնում է նաև իրավապաշտպանների և ակտիվիստների անվտանգությունը։ Իրավապաշտպաններն ու ակտիվիստները, լինելով պայքարի առաջնագծում, բազմիցս ենթարկվում են բռնության, սոցիալական մեդիայում հանրության կողմից ատելության խոսքի դրսևորումների, ինչը խոսում է այն մասին, որ պետությունը դեռևս համապատասխան կերպով չի ապահովում իրավապաշտպանների անձեռնմխելիությունը։ Ականատես լինելով այս խնդրին՝ Լիլիթը նշում է, որ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության գործում պետության աջակցությունը կարևորագույն դեր ունի, և որ պետության աջակցությունը ստանալու դեպքում կարելի է առնվազն նվազեցնել բռնաճնշումներն ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ։  

Պետական մարմինների հետ համագործակցությունը Լիլիթը առանցքային է համարում նաև այն առումով, որ այդ համագործակցության միջոցով կարելի է ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներ իրականացնել, ինչը Հայաստանի պայմաններում շատ կարևոր է, քանի որ օրենսդրական բացերի պատճառով ՍԿԳԻ (սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն) հիմքով խտրականության դեպքերը դեռևս պատշաճ կերպով չեն քննվում։ 

Իր ակտիվիստական գործունեության ընթացքում Լիլիթը հեշտությամբ չի հասել հաջողությունների։ Նա բազմիցս խտրականացվել և բռնության է ենթարկվել, սակայն, չվախենալով մի շարք մարտահրավերներից, շարունակել է ակտիվիզմով զբաղվել։ Իր ակտիվիստական ձեռքբերումներից Լիլիթն առանձնացնում է Հայաստանում տրանս անձանց անվանափոխության պրակտիկայի հեշտացումը, որին նա հասել է պետական մարմինների հետ համագործակցելով։ «Կարող է թվալ, թե սա փոքր ձեռքբերում է, սակայն նման հաղթանակներն են ինձ ուժ տալիս։ Եթե չլինեին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, այս հաղթանակները տեղի չէին ունենա»,- իր խոսքում նշում է Լիլիթը։ 

Ակտիվիզմը Լիլիթն առաջին հերթին կապում է մարդասիրության և համերաշխության հետ։ Նա ակտիվիզմն ասոցացնում է ուժեղության և մարտահրավերներին դիմանալու հետ, և կարծում է, որ ակտիվիստ լինելու համար պետք է շատ ուժեղ լինել։ Մարդասիրությունը Լիլիթի համար ակտիվիզմով զբաղվելու մեծ մոտիվացիա է։ Նրա կարծիքով իր առաքելությունը մարդկանց օգնելն է, ինչն էլ ուղղակիորեն կապված է իր աշխատանքի ու ակտիվիստական գործունեության հետ։ «Եթե ես մարդուն չսիրեմ, ես չեմ կարող մարդու իրավունքներով զբաղվել»,- նշում է Լիլիթը՝ ցույց տալով մարդասիրության և մարդու իրավունքների միջև անմիջական կապը։ 

Որպես ակտիվիստ Լիլիթն ունի երազանքներ․ նա երազում է, որ մի օր Հայաստանը կլինի մի երկիր, որտեղ կբացառվի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը, և որտեղ յուրաքանչյուր անձ կարող է սիրել և սիրվել։ Լիլիթը նաև ցանկանում է, որ տրանսգենդեր անձինք կարողանան ապրել իրենց ընտանիքների հետ, քանի որ նրանք հիմնականում ապրում են իրենց ընտանիքներից լքված՝ չընդունվածության մթնոլորտում։ 

Ակտիվիզմը Լիլիթի համար մեծագույն ուժ և մոտիվացիա է, և իր նպատակներին հասնելու համար նա պատրաստ է մշտապես պայքարել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության համար՝ դիմանալով մարտահրավերներին և խոչընդոտներին։