Խոսում են ակտիվիստները․ Կարինե Աղաջանյան

26-06-2023

Հպարտության ամսվա ակտիվիզմի վերաբերյալ արշավում ներգրավված մյուս մասնակիցը Կարինե Աղաջանյանն է՝ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի ներկայիս նախագահը։

Կարինեն սկսել է ակտիվիստական գործունեությամբ զբաղվել 2010 թվականից։ Նրա համար ակտիվիզմում ներգրավվելու շարժիչ ուժ է եղել Զարուհի Պետրոսյանի սպանության դեպքը։ Զարուհի Պետրոսյանը տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության թե՛ ամուսնու, թե՛ սկեսրոջ կողմից։ Նրա սպանության դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության և ակտիվիստների շրջանում։ Երբ Կարինեն լուրերից և իր ընկերներից տեղեկացավ այդ դեպքի մասին, բուռն էմոցիոնալ արձագանք տվեց դրան։ Ինքը և Զարուհին այդ ժամանակ նույն տարիքի էին, և երբ Կարինեն մտածում էր, որ Զարուհու փոխարեն ինքը կարող էր լինել, հասկանում էր, որ նման դեպքերին պետք է պատշաճ արձագանք տալ և բարձրաձայնել ընտանեկան բռնության մասին, որպեսզի դրանց լուծում տրվի։ Այդ ժամանակ դեռևս գոյություն չուներ ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքը, ինչը անհանգստացրեց ակտիվիստներին, ներառյալ՝ Կարինեին, և նրանք սկսեցին ակտիվորեն զբաղվել կանանց իրավունքների ջատագովությամբ, աշխատանքներ տանել ընտանեկան բռնության օրենքի ստեղծման ուղղությամբ․ օրենք, որի շնորհիվ Հայաստանում կանայք պաշտպանված կլինեին ընտանեկան բռնությունից։

Երբ նա տարբեր ակտիվիստների հետ միասին մասնակցում էր բողոքի ցույցերի, որոնց ժամանակ ծանոթանում էր տարբեր սրտացավ մարդկանց հետ, հասկանում էր, որ այս խնդիրը շատերին է հուզում։ «Այդ դեպքն ալեկոծել էր բոլորի ներաշխարհը։ Եթե հասարակության մեջ որևէ կին վտանգված է, ապա պետք է դրա մասին բարձրաձայնել», – իր խոսքում նշում է Կարինեն։ Հենց այս դեպքից հետո էլ սկզբնավորվեց Կարինեի ակտիվիստական ճանապարհը։

Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Կարինեի մոտ ցանկություն առաջացավ ավելի մոտիկից ծանոթանալ դաշտի կազմակերպություններին, և նա ներգրավվեց Կանանց ռեսուրսային կենտրոնում որպես կամավոր։ Այդ շրջանում Կարինեն մասնակցում էր ակցիաների, կազմակերպում էր միջոցառումներ, որոնք ուղղված էին կանանց իրավունքների վերաբերյալ իրազեկմանը։ Կարինեի՝ կանանց իրավունքների ուղղությամբ ակտիվիստական գործունեությունից անցումը դեպի Փինք իրավապաշտպան ՀԿ եղել է սահուն կերպով։ Նա նշում է, որ այդ անցումը չէր կարող տեղի չունենալ, քանի որ կանանց իրավունքներին վերաբերող յուրաքանչյուր հարց վերաբերում է նաև բոլոր այն կանանց, ովքեր ունեն այլ սոցիալական հատկանիշներ՝ ներառյալ լեսբի, բիսեքսուալ, տրանս, քվիր, ոչ բինար և այլ սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքնություն ունեցող կանայք, և, բնականաբար, այլ սոցիալական խմբերի պատկանող կանանց խնդիրները նույնպես անհանգստացնում էին նրան։

Կարինեի՝ ակտիվիզմով զբաղվելու մոտիվացիան սերում է նրա՝ անարդարության հանդեպ ունեցած անհանդուրժողական վերաբերմունքից։ Որևէ անարդար դեպքի մասին տեղեկանալիս նրա մոտ ցանկություն է առաջանում պայքարել դրա դեմ՝ իր արժեքներին և հնարավորություններին համապատասխան ձևով։ «Ցանկացած անարդարություն ինձ մոտ առաջացնում է մեծ մոտիվացիա՝ դադարեցնելու այն կամ բարձրաձայնելու դրա մասին», – նշում է Կարինեն։

Կարինեն իր երևակայական ակտիվիստական տեսլականը նկարագրում է որպես մի աշխարհ, որտեղ մարդիկ միմյանց սիրում և հարգում են, և ամենակարևորը՝ կարողանում են կառավարել իրենց մտքերը։ Այս առումով Կարինեն իր խոսքում նշում է․ «Դժվար է կառավարել այլ մարդկանց հանդեպ վերաբերմունքը, բայց շատ հեշտ է կառավարել սեփական մտքերը․ քանի որ առօրյայում շատ ենք հանդիպում տարբերվող մարդկանց, հնարավոր է, որ անկառավարելիորեն որևէ վերաբերմունք ցույց տանք նրանց, սակայն մեր մտքերը կառավարելով կարող ենք կառավարել նաև մեր վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ, ինչի արդյունքում այդ երևակայելի աշխարհում մարդիկ կհարգեն, կսիրեն իրար և միմյանց լավ կվերաբերվեն»։

Անարդարության դեմ պայքարելը Կարինեն չի ասոցացնում միայն ակտիվիզմի հետ, քանի որ, նրա խոսքով, յուրաքանչյուր մարդ կարող է պայրքարել անարդարության դեմ՝ հենարան լինելով այն անձանց, ովքեր պաշտպանված լինելու կարիք ունեն։