Խոսում են ակտիվիստները․ Կուկա Կասյան

24-06-2023

Հպարտության ամսվա առցանց արշավի մյուս մասնակիցը Կուկա Կասյանն է՝ տրանս կին, ակտիվիստ, իսկ այժմ նաև Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամի գործադիր տնօրենը։

Վաղուց է, ինչ Կուկան ներգրավվել է ակտիվիզմի մեջ։ Իր ակտիվիստ լինելը Կուկան մեկնաբանում է որպես իր ներսից եկող մի ուժ, որ ի սկզբանե առաջացել է աննկատ կերպով և ժամանակի ընթացքում զարգացել։ Կուկան պատմում է, որ երբ իր տրանս ընկերներին փողոցում վարկաբեկում կամ նեղացնում էին, ինքը նրանց համար նեցուկ էր լինում և պաշտպանում էր նրանց։ Դեռևս վաղ տարիքից նա մշտապես ցանկացել է աջակցել տրանս անձանց և փորձել է այնպես անել, որ նրանք չվախենան հասարակության ճնշումներից ու խտրականությունից։

Կուկան նշում է, որ վերջին երեք տարիների ընթացքում ավելի է ընդլայնել իր ակտիվիստական գործունեությունը։ Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամի ստեղծումը նրա ակտիվիստական գործունեության մի մասն է կազմում։ Հիմնադրամի նպատակը ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասյան տարածաշրջանի տրանս անձանց կյանքը բարելավելն է և նրանց աջակցելը, ինչպես նաև խտրականության նվազեցումը և հասարակության կարծիքի դրական փոփոխությունը տրանս անձանց նկատմամբ։

Կուկային անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանում տրանս անձինք թե՛ սոցիալապես, թե՛ հոգեբանորեն ճնշված են, և այս առումով իր նպատակների շարքում նա նշում է տրանս անձանց ներգրավումը հասարակական կյանքում և խտրականության բացառումը նրանց հանդեպ։

Ձեռքբերումները Կուկայի ակտիվիստական գործունեության ընթացքում շատ են եղել, սակայն որպես իր ամենամեծ հաջողություն նա նշում է հիմնադրամի ստեղծումը, քանի որ իր ակտիվիստական գործունեությունը շարունակելու է հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամի ստեղծումը մեծագույն մոտիվացիա է Կուկայի համար, քանի որ առաջիկայում հիմնադրամն աջակցելու է բազմաթիվ տրանս անձանց։ Մեկ այլ մոտիվացիա է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների աջակցությունը, որը նա մշտապես ստանում է, և այն, որ համայնքը գնահատում է իր ակտիվիստական գործունեությունը և հավատում իր ուժերին։

Իր ակտիվիստական գործունեության ընթացքում Կուկան բազմիցս մարտահրավերների է բախվել՝ ենթարկվելով բռնության, հետապնդումների, սոցիալական մեդիայի հարթակներում՝ վիրավորական մեկնաբանությունների։ Սակայն այդ ամենը նրան չի խանգարել, և իմանալով, որ իր ակտիվիստական գործունեությամբ նա կարող է բարելավել տրանս անձանց կյանքը, նման խնդիրները նրա համար սկսել են չնչին երևալ, և նա շարունակել և շարունակում է զբաղվել ակտիվիզմով, իսկ բացասական մեկնաբանություններին պատասխանում է բարեկիրթ կերպով՝ փորձելով կրթել հասարակությանը։

Ակտիվիզմը Կուկայի ներքին եռանդն է։ Նա ակտիվիզմի միջոցով փորձում է հասնել մի հասարակություն ստեղծելուն, որը չի լինի պառակտված, այլ ընդհակառակը՝ միասնական, և որտեղ անհանդուրժողականությունը բացառված կլինի։

Իր ակտիվիստական տեսլականում Կուկան պատկերացնում է մի հասարակություն, որտեղ չկա բռնություն և խտրականություն, և որտեղ լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս անձինք, լինելով հասարակության լիիրավ անդամներ, հասանելիություն կունենան հավասար իրավունքների և չեն ապրի խտրականության խարանով։