Խոսում են համախոհները․ Ռուզաննա Ասլիկյան՝ սոցիալական աշխատող, մայր

16-05-2018

Մեր հասարակությունում ընդունված է, որ մենք ծնողակենտրոն և երեխայակենտրոն ընտանիքներ ունենք: Բայց երբ առնչվում ենք սեռական կողմնորոշման հետ, չգիտեմ ինչի մոռանում ենք, որ մեր երեխաներն են մեր դիմաց կանգնած, ու սկսում ենք ամենադաժան ու անհանդուրժող վերաբերմունքը ցուցաբերել՝ մոռանալով, որ մենք ենք ծնել էդ երեխաներին:

Ե՛վ իմ մասնագիտությամբ, և՛ իմ սեփական փորձով փորձում եմ իմ ծնողավարման հմտությունները զարգացնել ինքս իմ երեխային մեծացնելու ընթացքում: Ուղղորդվում եմ մի սկզբունքով՝ լինել մարդասեր և մարդակենտրոն: Երեխային չվերաբերվել որպես օբյեկտ, որը պետք է իրականացնի մեր չիրականացված նպատակները կամ ցանկությունները, այլ երեխային դիտել որպես մարդ, ու փորձել իրեն ավելի շատ մարդասեր և հանդուրժող մեծացնել։

Երբ ձեր երեխան խոսում է սեռական կողմնորոշման մասին, որ գալիս են, դիմում են, որ իրենք լեսբի են, գեյ են, բիսեքսուալ են, տրանսգենդեր անձինք են, դրանից ոչինչ չի փոխվում: Իրենք ձեր նույն երեխաներն են: Մի փոքր ժամանակ հատկացրեք՝ լսելու: Եթե մի փոքր լսեք ու փորձեք հասկանալ, ատելությունը դուրս կգա մեր մեջից, և մեր երեխաներին չենք թողնի մենակ:

Երբ ծնողները չեն լսում, չեն կարողանում հասկանալ իրենց զավակներին, դա բերում է շատ մեծ դժբախտությունների: Տնից դուրս հանելով կամ տանը փակի տակ պահելով՝ մենք չենք կարողանա ինչ-որ բանի հասնել: Ընդամենը կարող ենք բերել նրան, որ մեր երեխաները հոգեբանորեն ճնշվեն, իրանց հոգեբանության մեջ ինչ-որ բաներ է կատարվում, որը բերում է ինքնասպանության, որը բերում է անձի երկատման:

Դրա համար խնդրում եմ ուղղակի, լինենք հանդուրժող, ատելությունից զերծ մնանք, ու լինենք մեր երեխաների կողքին:

Սույն նյութը պատրաստվել է «Համախոհները գործողության մեջ» ծրագրի շրջանակներում` Սի-Օ-Սի Նիդերլանդների և ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ: