Խոսում են համախոհները․ Վահե Ասրյան՝ բժիշկ-սեքսոպաթոլոգ

17-05-2018

Հասարակությունն ինձ համար կենդանի մի օրգանիզմ է, ու մեզանից յուրաքանչյուրը այդ օրգանիզմի մի բջիջն ա: Լինելով բժիշկ՝ կարևորում եմ այդ օրգանիզմի յուրաքանչյուր բջջի առողջությունը, յուրաքանչյուր բջջի լավ զգալը: Եթե այդ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջն իրեն լավ զգա, մենք կունենանք առողջ հասարակություն:

Լինել բժիշկ նշանակում է օգնել մարդկանց: Օգնել մարդուն անկախ նրա սեռից, տարիքից, մաշկի գույնից, ազգային պատկանելիությունից, կրոնից, սոցիալական վիճակից, ընտանեկան դրությունից, քաղաքական հայացքներից, անկախ մարդու սեռական կողմնորոշումից ու սեքսուալ մշակույթից:

Օգնելուց զատ, բժշկության մեջ մի շատ կարևոր հասկացություն կա: Դա չվնասելն է: Non nocere լատիներեն նշանակում է մի՛ վնասիր:

Մեր երկրում վնասվում են նաև ԼԳԲՏ մարդիկ: Ու շատ դժվար ա լինում ընկալվել, որ դու մարդուն օգնում ես, որովհետև դու մարդուն չես տարբերում ու մարդկանց չես զանազանում այս կամ այն չափանիշներով: Դու մարդուն օգնում ես, որովհետև նա մարդ է: Մարդ, որը կարող է տարբեր լինել:

Անհրաժեշտ է, որ մարդը, չսիրելով հանդերձ, ատելություն չսերմանի, որովհետև, վնասելով ցանկացած մեկ այլ մարդու, մենք վնասում ենք էս ամբողջական կենդանի օրգանիզմի առողջությունը: Ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը այս կենդանի օրգանիզմի, հասարակության առողջության պատասխանատուն է: Ու կարևոր ա, որ յուրաքանչյուրս մեզանում այս պատասխանատվությունը կրենք, չվնասենք մեկ այլ մարդու ու դրա արդյունքում մեր հասարակությունը ավելի վատը չդարձնենք, ու էլ ավելի չվատացնենք էն պայմանները, որը որ կա մեր երկիրում։

Կարծիքս, առաջարկածս բարդ բան չի, կարծում եմ, որ դա կենսունակ է: Եկե՛ք չվնասենք մեզ, Noli nocere!

Սույն նյութը պատրաստվել է «Համախոհները գործողության մեջ» ծրագրի շրջանակներում` Սի-Օ-Սի Նիդերլանդների և ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ: