Կանանց իրավունքների միջազգային օր

08-03-2022

Ինչպես ոգեշնչող շատ այլ պատմություններ, Կանանց շարժումը ևս սկսվեց մի խումբ մարդկանցով, որոնք չլռեցին։ Պատմության ընթացքում կանայք պայքարել են իրենց իրավունքների և ազատությունների համար։ Լեսբի, բիսեքսուալ, տրանս, քվիր կանայք նույնպես անմասն չեն մնացել այդ պայքարից և շարունակաբար ապացուցել են, որ կարող են փոխել աշխարհը թե՛ արվեստի, թե՛ քաղաքականության և թե՛ գիտության միջոցով։

Կանանց միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես կին աշխատավորների և այլ ասպարեզներում պայքարող կանանց տոն: Այս օրը նշանավորվել է շնորհիվ 19-րդ դարի կեսերին տեղի ունեցած ամերիկացի կին աշխատավորների երկու գործադուլների։

Արդի ժամանակներում կապիտալիզմը բազմաթիվ տոներ վերածել է կոմերցիոն առիթի, և մարտի 8-ը բացառություն չէ։ Տոնի իմաստի խեղաթյուրման գործընթացը նոր չէ. նույնիսկ իրեն սոցիալիստական հռչակած ԽՍՀՄ-ում պարբերաբար փոխվում էր այդ տոնի իմաստը` Կանանց սոլիդարության օրվանից վերջնականապես վերածվելով «գարնան, սիրո և կանացիության» տոնի։

Սակայն մեզ համար շատ կարևոր է վերաիմաստավորել մարտի 8-ը և ևս մեկ անգամ հիշել այն քաջ կանանց, որոնք պայքարել են մեր սիրելու ու սիրվելու բացարձակ իրավունքի համար․ չէ՞ որ քույրությունը զորեղ է։