Կարդա ինձ․ իր սերը քոնի պես ապրել է ուզում

18-05-2017

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակներում ԼԳԲՏ անձանց խնդրել ենք նամակներ գրել ու պատմել իրենց կյանքից որևէ դրվագ։ Մայիսի 15-21-ը ամեն օր հրապարակելու ենք այդ նամակներից մեկը։ Ահա երրորդ նամակը։

Ես լեսբի եմ ու քեզ պես սիրել գիտեմ

Ականջակալներից թափվելով, թմբկաթաղանթները պատռելով` կարծես իր մեջ էր լցվում «crazy»-ն, որ երևի 90-ականների հիթ էր, ասես` փորձելով նրա մեջ արթնացնել գժին, որ սովորաբար ցերեկվա էդ ժամին քնած էր լինում, մանավանդ քաղաքի էն թաղում, ուր նա մեծացել էր, ու որտեղ տենց մարդ չկար, որ իրեն չճանաչեր, անգամ նրանք, ում ինքը չգիտեր։

Բնական է. պահպանողական քաղաքի արվարձանում, ուր անգամ կարճ հագած՝ աղջիկը դեռ ստիպում էր թաղի տղեքին շուռ գալ, նրան հնարավոր չէր չնկատել․ կարճ անորոշ սանրվածքով, ականջակալները՝ միշտ ականջները խրած, անփույթ քայլվածքով, չխնամված մի տիպ, ում սեռը դժվար էր որոշել, անգամ երևի հենց իր համար։

Լոգախցիկում ծուխն ու գոլորշին խառնվել էին՝ խեղդելու արդեն ինքն էլ չգիտեր ինչ՝ իրեն, ներսի հիմարին, սիրտը՝ ցիտրուսի հյութաքամիչի պես պտտելով ջրազրկող ցավը, թե նրա սառը խոսքերը, բարձրաձայն «ինչքան էլ քեզ սիրեմ, բայց մեր սերը ապագա չունի, պապաս իմանա, ինֆարկտ կստանա»։

Նրա բոլոր սերերը դատապարտված էին միջակետի․ միջակետ, որից հետո ոչինչ այդպես էլ չէր գրվում։

Ժամանակի ու տարածության հատման այն կետում, որը համընկնում էր այդ «տիպի» գոյության հետ, իր սերն ուղղակի գոյություն չուներ, պարզապես չկար։ Այդ սերն ամեն անգամ նրան տանում էր այդ միջակետի հետ երեսարկման․ միջակետ, որ այլ լեզուներում վերջակետ էր, իսկ իր մայրենիում ասես դիմակավորվել էր, խաղում էր այդ կեղծ միջակետի դերը, որից հետո, մեկ է, ոչինչ էլ երբեք չէր գրվելու։

Իր սեռը շատ պարզ էր, հիմա գոնե հենց իր համար։ Նա սիրում էր իր մարմինը և մարդկանց, ովքեր ունեին իր մարմնից։ Կնոջ մարմինը թուլանում էր նրա գրկում այնպես, ինչպես կավն է փափկում կավագործի ճկուն մատների արանքում ու տրվում նրանց տիրապետությանը, հանձնում այդ հմուտ մատներին իր կամքը։ Կնոջ մարմինը․ մարմին, որ նա գիտեր իր 5 մատների պես, մարմին, որ իր մատները ճանաչում էին այնքան մոտից, որքան իր սեփականը։

Նրան սիրո իրավունք է պետք, իր սերը քոնի պես ապրել է ուզում, քոնի պես սիրածի հպումն է ուզում, հոտն է ուզում, մոտն է ուզում, բայց չի կարող քոնի նման, նա ուրիշ է, նրա սերը անհնարին։