Հայտարարություն ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի չեղարկման վերաբերյալ

18-11-2018

Այս օրերին Հայաստանում պետք է տեղի ունենար «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը*», որը պլանավորվել էր դեռևս մեկ տարի առաջ։ Ֆորումի չեղարկման կապակցության Հյուման ռայթս հաուս Երևանը հրապարակել է հայտարարություն։

Նոյմեբերի 6-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում այն չի՛ անցկացվելու՝ մասնավորապես նշելով, որ «(…) կարծում եմ այս պահին նպատակահարմար չէ, ինքս չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաև անվտանգությունից ելնելով»։ Ոստիկանապետ Օսիպյանը նաև հայտարարել էր, թե կազնակերպիչների հետ կատարել են բացատրական աշխատանքներ՝ ֆորումը կասեցնելու ուղղությամբ։ Օսիպյանի հայտարարությունից հետո «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, որը ֆորումի հայաստանյան կազմակերպիչն էր, ստիպված եղավ հայտարարել, որ չեղարկում է նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը՝ հաշվի առնելով՝

  • համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները,
  • կազմակերպության աշխատակիցների նկատմամբ կազմակերպված հետապնդումները,
  • ֆորումի մասնակիցների վրա հնարավոր հարձակումների ռիսկերը,
  • ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը։

Այնինչ ՀՀ ոստիկանությունը պարտավոր էր լիարժեքորեն ապահովել հավաքների ազատության իրացումը և ջանքեր գործադրեր ու «բացատրական աշխատանքներ» վարեր այդ իրավունքները ոտնահարելուն պատրաստ և բռնության կոչեր անող խմբերի հետ։ Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության կողմից ուղղակիորեն դրսևորվել է ոչ իրավաչափ միջամտություն ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպիչների և մասնակիցների հավաքների ազատության իրավունքի իրացման նկատմամբ։

Վերջին ամիսներին իրավապահների դրսևորած անպատասխանատու մոտեցումը պարարտ հող է դարձել անցումային կառավարության և նրանց հակառակորդների կողմից մոբիլիզացված բազմաթիվ հակաիրավապաշտպան խմբավորումների համար՝ կազմակերպելու ատելության խոսքի և բռնության քարոզի հավաքներ և արշավներ Երևանի փողոցներում ու սոցիալական ցանցերում։ Այս գործողություններին հանրային աջակցություն հայտնեց նույնիսկ հասարակությանը իրականում հուզող խնդիրների հանդեպ իր անտարբերությամբ հայտնի և քրիստոնեական կեցվածքից հեռու Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Այսպիսի աջակցությունը հեշտացնում է ատելության խոսքի և բռնության քարոզի տարածումը Հայաստանի հասարակության շրջանում և ավելացնում դրանց իրագործման ռիսկերը, ուրեմն և դրանք կանխելու անհրաժեշտությունը։

Այնինչ ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ էլ պետական որևէ պաշտոնատար անձ վերջին ամիսներին չի դատապարտել կամ քննադատել հասարակության որոշակի խմբերի նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվող ատելության ու թշնամանք սերմանող խոսքը, խտրականության և բռնության քարոզը։ Ավելին, ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության ու ատելության խոսքի տարածմանն են նպաստել ոչ միայն նախկին կառավարող համակարգի մաս կազմած ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ պատգամավորների ելույթները Ազգային Ժողովի ամբիոնից, այլև հոկտեմբերի 24-ին երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի նույն հարթակից հնչեցրած ոչ միանշանակ արտահայտությունները։ Իր խոսքում վերջինս ԼԳԲՏ անձանց և նրանց իրավունքների պաշտպանության հարցը անվանեց «գլխացավանք», այնինչ երկրի ղեկավարի գործառույթն էր հարցին մոտենալ մարդասիրական, իրավապաշտպան, ինչպես նաև ժողովրդավարական և իրավական պետության պարտավորությունների դիտանկյուններից։

Վերջին ամիսներին քաղաքական նպատակով կազմակերպված մանիպուլյացիաների հետևանքով Հայաստանի ԼԳԲՏ անձինք, ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատներն ու կառույցները եղել են մեծամասշտաբ թիրախավորման կիզակետում, շահարկվում են նրանց անունները, նրանց անունից կեղծ տեղեկատվություններ են տարածվում։ Այս մթնոլորտի թեժացմանը նպաստում են ոստիկանության հակաիրավական քայլերը և անցումային կառավարության անհամարժեք արձագանքը։

Առկա իրավիճակում Հյուման Ռայթս Հաուս Երևանը պահանջում է՝

ՀՀ Ոստիկանությունից՝

  • Պատշաճ քննություն իրականացնել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցների հետապնդման առիթով և դրա ընթացքի ու արդյունքների վերաբերյալ իրազեկել հանրությանը;
  • Կանխել ԼԳԲՏ անձանց և իրավապաշտպանների հանդեպ ուղղորդված և կազմակերպված խմբերի ատելության խոսքի քարոզարշավները;

Ընտրարշավին մասնակից կուսակցություններից՝

  • Զերծ մնալ ՀՀ քաղաքացիների մի խմբի թիրախավուրումից և ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցի շահարկումներից, որը կարող է նրանց կյանքի ու անվտանգության հանդեպ իրական սպառնալիքներ առաջ բերել, ինչպես նաև զերծ մնալ ԼԳԲՏ իրավիրավապաշտպանների գործունեության խոչընդոտումից;

ՀՀ նոր ձևավորվելիք Ազգային Ժողովից ու կառավարությունից՝

  • Ապահովել ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների ազատ, լիարժեք և անվտանգ գործունեության համար նպաստավոր և աջակցող բոլոր պայմանները, այդ թվում՝
    • մշակել և ընդունել համապատասխան օրենսդրական կարգավորումներ Հայաստանում ատելության խոսքի և անհանդուրժողականության ու բռնության քարոզի կանխարգելման ուղղությամբ,
    • ինչպես նաև նման դեպքերի պատշաճ քննության և մեղավորներին պատասխանատվության կանչման ուղղությամբ;
    • մշակել քաղաքականություններ մարդու արժանապատվությունը նսեմացնող և դրանք խրախուսող պրակտիկաներն արմատախիլ անելու ուղղությամբ։

——————————-
* «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումն» ամենամյա միջոցառում է, որը տեղի է ունենում 2004թ-ից ի վեր և մեր տարածաշրջանում իրականացվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Ռուսաստանը, Էստոնիան, Մոլդովան, Ռումինիան և այլն։