Հանրային հեռուստաընկերությունը խախտել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթները

13-02-2023

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով «Փինք» ՀԿ -ի դիմումը Հանրային հեռուստաընկերության «Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի հետ» հաղորդաշարի 2022թ․ հոկտեմբերի 24-ին հեռարձակված «Ողբերգության պատճառները. ինչպես խուսափել կրկնությունից» խորագրով թողարկման վերաբերյալ, գտել է, որ հեռուստաընկերությունը խախտել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթները։

Հաղորդումը, մասնավորապես, վերաբերում էր 2022թ․ հոկտեմբերի 20-ին 16 և 21-ամյա երիտասարդների ենթադրյալ ինքնասպանության դեպքին, որը կապվել է երիտասարդների սեռական կողմնորոշման հետ: Հաղորդման հյուրերն են եղել հոգեբան Իրինա Ծատուրյանը և Ազգային արժեքների պաշտպանության նախաձեռնության անդամ, փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, ովքեր հանդիպման ընթացքում հնչեցրել են հակագիտական, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ սերմանող մտքեր։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն դիմել է Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, մտահոգություն հայտնելով հաղորդման ընթացքում հակագիտական և ատելության խոսք պարունակող մտքերի շուրջ՝ խնդրելով հեռացնել հաղորդման տեսագրությունը կամ եթերաժամ տրամադրել խնդրի շուրջ գիտականորեն հիմնավորված, օբյեկտիվ տեսակետ ներկայացնելու համար։

Հանրային հեռուստաընկերությունը պատասխանել է, որ հաղորդման մասնակիցներն արտահայտել են իրենց սուբյեկտիվ կարծիքը և որ դա ատելության խոսք չի պարունակում, հետևաբար հիմք չկա հաղորդման տեսագրությունը հեռացնելու համար։ Միևնույն ժամանակ, հեռուստաընկերությունը հայտնել է, որ հաշվի առնելով եթերացանցի ծանրաբեռնվածությունը և թեմաների ընտրությունն ըստ արդիականության՝ օրակարգում այս թեմայի առկայության դեպքում առաջիկայում հարթակ կտրամադրվի «Փինքի» ներկայացուցչին։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն դիմել է նաև ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին՝ խնդրելով որակել Հանրային հեռուստաընկերության կողմից նման բովանդակությամբ հաղորդում հեռարձակելու համապատասխանությունը էթիկայի սկզբունքներին։

Դիտորդ մարմնի եզրակացության համաձայն, այն, որ հաղորդման հյուրերը ունակ չէին միմյանց ընդդիմախոսել և ընդհանուր առմամբ նույն սուբյեկտիվ տեսակետն էին կիսում, թույլ չի տվել բազմակողմանի և խորը ներկայացնել խնդրո առարկան։ Դիտորդ մարմինը սա համարել է էթիկայի կանոնագրքի 1.4. և 1.5. դրույթների խախտում։

Էթիկայի մարմինը նշել է, որ հյուրերի կողմից նույնասեռականությունը «շեղում» անվանելը և սեռական կողմնորոշումը որպես անձի ընտրություն մեկնաբանելը պետք է համապատասխան շտկման կամ միջամտության արժանանար հաղորդավարի կողմից, ինչի բացակայությունը համարվում է կանոնագրքի 5.1. և 5.2. դրույթների խախտում։

Դիտորդ մարմինը, անդրադառնալով հեռուստաընկերության կողմից «Փինք» ՀԿ-ին տրամադրվելիք եթերաժամանակին, շեշտել է, որ Էթիկայի կանոնակարգի դրույթներից է բխում հեռուստաընկերության կողմից ժամկետների և ձևաչափի առումով ավելի որոշակի պատասխան տալը։

Հավելենք նաև, որ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն կրկին դիմել է Հանրային հեռուստաընկերությանը՝ խնդրելով որոշակիցնել տրամադրվելիք հարթակի ձևաչափն ու ժամանակը, սակայն որևէ պատասխան դեռ չի ստացել։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ևս մեկ անգամ Հանրային հեռուստաընկերության ուշադրությունն ենք հրավիրում էթիկայի կանոնների խախտման փաստի վրա և հորդորում հնարավորինս սեղմ ժամկետում հարթակ տրամադրել «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ին՝ ներկայացնելու համար գիտականորեն հիմնավորված, օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվություն։