Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր

03-12-2023

1992 թ․ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Իսկ 2006 թ․-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային: Վավերացնելով Կոնվենցիան՝ Հայաստանը պարտավորվեց հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի բոլոր ոլորտներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Դրանք պետք է ուղղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հիմունքներով ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության և հաղորդակցության հասանելիության ու մատչելիության ապահովմանը: Սակայն այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող  բազմաթիվ անձինք ենթարկվում են շարունակական խտրական վերաբերմունքի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Նրանք բախվում են մի շարք մարտահրավերների՝ ֆիզիկական խոչընդոտներից մինչև սոցիալական խարան: Մատչելի ենթակառուցվածքների (օրինակ՝ թեքահարթակների և վերելակների) բացակայությունը դժվարացնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ազատ տեղաշարժը՝ սահմանափակելով նրանց մուտքը հանրային տարածքներ և խոչընդոտելով նրանց անկախությանը: Մտահոգիչ է նաև հաշմանդամություն ունեցող ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը մեր երկրում․ նրանք հանդիպում են բազմաթիվ դժվարությունների՝ կապված ոչ միայն հաշմանդամության, այլև՝ սեռականության վերաբերյալ հասարակության ունեցած կարծրատիպերի պատճառով։ Խախտվում են վերջիններիս կրթության, աշխատանքային, սպորտային և մշակութային կյանքին մասնակցելու, սոցիալական պաշպանությունից օգտվելու, ազատ տեղաշարժի, ընտրելու և բազմաթիվ այլ իրավունքներ:

Հաշմանդամություն ունեցող անձանց  նկատմամբ հասարակության խտրական վերաբերմունքը հաճախ նպաստում է նրանց մեկուսացման, սոցիալական ինտեգրման խոչընդոտների և առողջական խնդիրների առաջացմանը։ Ավելին, հաշմանդամություն ունեցող անձանց մոտ ավելի են բարձրանում ռիսկերը ենթարկվելու ընտանեկան, հատկապես՝ սեռական բռնության։

Հասարակության ընկալումների բարեփոխումը վճռորոշ նշանակություն ունի ներառական միջավայր ստեղծելու համար: Սա ենթադրում է նաև հաշմանդամության, սեռականության, ԼԳԲՏ անձանց և մյուս խոցելի խմբերի խնդիրների մասին իրազեկվածության բարձրացումը, հասարակությունում առկա նախապաշարմունքների և կարծրատիպերի կոտրման վերաբերյալ կրթական աշխատանքները, ինչպես նաև՝ հանդուրժողականության և ապրումակցման սերմանումը: Կրթությունը առանցքային դեր է խաղում ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլև՝ աշխատավայրերում և հանրային տարածքներում: Նպաստելով փոխըմբռնման և ընդունման մշակույթին՝ մենք կարող ենք սկսել կոտրել այն խոչընդոտները, որոնք մեկուսացնում են հաշմանդամություն ունեցող ԼԳԲՏ անձանց: 

Այդուհանդերձ, պետք է նշել, որ յուրաքանչյուր հասարակությունում ներառականությունն ու հավասար հնարավորությունները պետք է լինեն առաջընթացի հիմնաքարեր։ Պետության պարտավորությունն է աջակցել, պաշտպանել և երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ։ Հայաստանը պետք է ապահովի և պաշտպանի յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և մշակութային կյանքում, անկախ որևէ հատկանիշից կամ հանգամանքից։