Հոմոֆոբիան խլեց ևս երկու կյանք

21-10-2022

Հոկտեմբերի 20-ի երեկոյան Դավթաշենի կամրջից երկու երիտասարդներ են ցած նետվել։ Երկուսն էլ մահացել են։ Ինքնասպան լինելուց առաջ տղաներն Ինստագրամում լուսանկարներ են հրապարակել՝ հետևյալ գրառմամբ․ «Երջանիկ ավարտ․ լուսանկարներով կիսվելու և մեր հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներն ընդունվել են երկուսիս կողմից՝ համատեղ կերպով»։ Նկարներից մեկում նրանք համբուրվում են։

Ցավոք, զարմանալի չէր տեսնել տեղի ունեցածի շուրջ հանրության արձագանքը։ Տղաների հրապարակած լուսանկարներն արագ տարածվեցին սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում՝ ատելությամբ լցված և վիրավորական արտահայտություններով, մեծամասամբ շարունակելով շեշտել այն փաստը, որ տղաները նույնասեռական են, և այդ հանգամանքն արդարացնում է նրանց ինքնասպան լինելու որոշումը։ Բազմաթիվ մեկնաբանություններ նույնիսկ կոչ էին անում այլոց նույն կերպ վարվել։

Անթույլատրելի ենք համարում մարդկային կյանքի կորուստն արդարացնելը։ Երիտասարդ տղաները դեռ երկար տարիների կյանք ունեին իրենց առջև, սակայն նրանց նկատմամբ անհանդուրժողականության պատճառով գնացին նման ողբերգական քայլի։ ԼԳԲՏ անձանց քաջ ծանոթ է մեկուսացված, ընտանիքի ու հասարակության կողմից չհասկացված լինելու զգացողությունը։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում ԼԳԲՏ անձինք ապահով և պաշտպանված չեն ո՛չ հասարակության կողմից և ո՛չ էլ պետության կողմից։

Չափազանց կարևոր է կարեկցանք դրսևորել՝ գիտակցելով կատարվածի լրջությունը։ Ցավակցում ենք երիտասարդների մտերիմներին, միևնույն ժամանակ, կարեկցելով նրանց վշտին, կոչ ենք անում հասարակությանը զերծ մնալ վիրավորանքներից, նվաստացուցիչ արտահայտություններից, ատելությամբ լցված հաղորդագրությունների և մեկնաբանությունների տեսքով դեպքի մանրամասները խեղաթյուրելուց և մարդատյացություն տարածելուց։

Ինքնասպանության մասին մտքերը հաճախ զուգակցվում են մեղքի, վախի, ինքնամեղադրանքի և ամոթի զգացումներով՝ սեփական սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության շուրջ հասարակության դրսևորած վերաբերմունքի պատճառով։ Նման իրավիճակներում չափազանց կարևոր է պատշաճ մասնագիտական աջակցության տրամադրումը։

Փինքը շարունակում է տրամադրել մասնագիտական (հոգեբանական, սոցիալական աշխատողի և իրավաբանական) ու հավասարը հավասարին աջակցություն ԼԳԲՏ անձանց, նրանց ծնողներին և աջակիցներին։ Եթե զգում եք, որ Դուք կամ Ձեր մտերիմներն ունեն աջակցության կարիք, մեր մասնագետները և խորհրդատուները հասանելի են ցանկացած ժամի։ Եվ հիշե՛ք, դուք միայնակ չեք։