Հպարտության ամսվա շրջանակներում տեղի ունեցավ Փինքի կլոր սեղան-քննարկումը

23-06-2023

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Իրավական պաշտպանության մեխանիզմների արդյունավետությունը» խորագրով կլոր սեղան-քննարկումը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեց Փինքի հրատարակած «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2022թ․ ընթացքում» տարեկան զեկույցը, որն ամփոփում է 2022թ․ ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների խախտումները։ 

Քննարկմանը մասնակցում էին ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ԼԳԲՏ անձինք, այնպես էլ՝ միջազգային կառույցների, դեսպանությունների ու պետական մարմինների ներկայացուցիչներ՝ ՀՀ արդարադատության ու Ներքին գործերի նախարարություններից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և այլն։ 

Բացման խոսքով հանդես եկավ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Կարինե Աղաջանյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հյուրերին իրենց ներկայության և աջակցության, մարդու իրավունքների ոտնահարումների հանդեպ անտարբեր չլինելու համար՝ նշելով, որ միասնական ջանքերով հնարավոր է բարեփոխումներ անել ԼԳԲՏ անձանց կյանքում, ինչը նա անսահման կարևորում է։ 

Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը և Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը նույնպես հանդես եկան ողջույնի խոսքով։ Նրանք հատկապես նշեցին յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ Հայաստանում ներառական հասարակություն ունենալու կարևորության մասին․ ներառական՝ թե՛ ԼԳԲՏ անձանց, թե՛ հաշմանդամություն ունեցող անձանց, թե՛ կրոնական փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։ Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին քաղաքացիական հասարակությանը, քանի որ ներկայումս քաղհասարակությունը մեծ ջանքեր է գործադրում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ամբողջական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ։ Եվրամիության դեսպանը հատկապես շեշտեց իրավակիրառ պրակտիկայում հիմնարար փոփոխությունների, ներառյալ՝ ոստիկանական բռնի գործելաոճի փոփոխությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ 

Քննարկման ընթացքում մասնավորապես ներկայացվեցին 2022թ․-ին արձանագրված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված իրավախախտումները, օրենսդրական նոր կարգավորումները, դրանց կիրառման արդյունավետությունը։ Անդրադարձ կատարվեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտման վերաբերյալ Օգանեզովան ընդդեմ Հայաստանի գործով առաջին վճռի կատարմանը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Մարդու իրավունքների ադվոկացիոն կենտրոնի (EHRAC) իրավաբանը։ Կարևորվեցին պետության կողմից ձեռնարկված միջոցառումները և պատրաստակամությունը առաջիկայում նպաստելու իրավական պաշտպանության մեխանիզմների արյունավետ գործադրմանը։ 

Փինքի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը և փաստաբան Լուիզա Վարդանյանը առանձնահատուկ անդրադարձ կատարեցին 2022թ․ հոկտեմբերին նույնասեռական զույգի ինքնասպանության դեպքին՝ նշելով, որ խախտվել է անձանց կյանքի իրավունքը, քանի որ ընտանեկան բռնության ենթարկվելու և հասարակության ճնշումներից վախի արդյունքում զույգն ի վերջո նման քայլի է դիմել։ Նշվեց նաև այն փաստը, որ ինքնասպանության դեպքից հետո սոցիալական մեդիայի հարթակներում ատելության խոսքի հսկայական ալիք է տարածվել, ինչը խոսում է այն մասին, որ հասարակությունը դեռևս շարունակում է բռնության կոչեր անել, իսկ իրավակիրառ մարմինները, Փինքի կողմից դեպքի մասով հաղորդում ստանալուց հետո անգամ չեն ցանկացել դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրել կազմակերպությանը, ինչպես նաև հրաժարվել են պատշաճ կերպով գործի քննություն իրականացնել։  

Փինքի իրավաբանն ու փաստաբանն այնուհետև ներկայացրին ՍԿԳԻ հիմքով խտրականությամբ զուգորդված բռնության դեպքերը, որոնք մասնավորապես տեղի են ունեցել փողոցում կամ հասարակական այլ վայրերում տրանս անձանց նկատմամբ։ Նշվեցին նաև ԼԳԲՏ անձանց նկատմամբ 2022թ․-ին տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքերը, ինչպես նաև դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում ԼԳԲՏ անձանց նկատմամբ առկա ակնհայտ տարբերակված վերաբերմունքն ու խտրականությունը, ինչի արդյունքում ՍԿԳԻ հիմքով բռնության դեպքեր են արձանագրվում նաև Հայաստանի ուսումնական հաստատություններում։ Ցավոք, իրավակիրառ մարմինները նշված դեպքերը պատշաճ կերպով չեն քննում, և ի վերջո բռնություն գործադրող անձինք մնում են անպատիժ։  

Քննարկումն ամփոփվեց Փինք իրավապաշտպան ՀԿ-ի առաջարկներով՝ ուղղված պետական մարմիններին, ԶԼՄ-ներին, Մարդու իրավունքների պաշտպանին, որոնք արտացոլված են նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմինների առաջարկներում։