Նամակ ծնողին․ Մա՜մ, կլսե՞ս ինձ

07-10-2019

ԼԳԲՏ անձինք նամակներ են գրել իրենց ընտանիքներին։ Կազմակերպության կամավորներն ընթերցել են այդ նամակները և պատրաստել հոլովակներ։ Ներկայացնում ենք նամակներն առանց փոփոխության։

Բարև, Մամ: Նայի՝ ինչ արևոտ օր է: Հաճելի է, չէ՞։ Զբոսնե՞նք։

Չէ, դժվար, Մամ, ուժ չունեմ:

Ինչի՞, Մա՜մ, կլսե՞ս ինձ : Մամ, խոստացիր, որ կմնաս կողքիս։

Լսի, Մամ։ Գիտե՞ս՝ ես շատ եմ փոխվել։ Բայց, միևնույն է, ես քո փոքրիկ աղջիկն եմ։

Ես երբեք չեմ ցանկացել քեզ ցավ պատճառել, բայց հիմա իմ ներսն է ցավում։ Հոգիս փշրվում է, Մա՜մ, ես կործանվու՞մ եմ։ Մամ, խենթանում եմ, նայում եմ իր աչքերին ու ցնդում օդ… Մա՜մ, ես կարոտում եմ իրեն, կարոտից հոգիս կուչ է եկել մի անկյունում ու վախենում է։ Վախենում է կորցնելուց, քեզ կորցնելուց, իրեն կորցնելուց։

Մա՜մ, նրա անունը Աննա է… Նա ունի մեծ շագանակագույն աչքեր, գեղեցիկ սև վարսեր: Սիրում է ակտիվ ժամանց, կարդում է այն գրքերը, որոնք ես եմ սիրում: Մամ, մի բղավի, լսի մինչև վերջ։ Մեր երաժշտական ճաշակը բացառապես նույնն է։ Մամ, նա իմ իդեալն է. ես գտել եմ նրան: Բայց դժվար է, գիտե՞ս։

Չէ, նա ինձ չի սիրում, ասում է՝ իբր սիրել է։ Բայց ո՞նց կարելի է սիրել անցյալում:

Ես խեղդվում եմ նրա պակասությունից, Մա՜մ: Ես ուզում եմ խոսել քեզ հետ, Մամ, պատմել նրա մասին, պատմել կարոտս ,սերս, ցավս, բայց քեզ ցավացնում եմ։ Ինչի՞, ինչի՞ համար է ա՛յ սենց բարդ։

Ինչի՞ համար չեմ կարող գալ ու գրկել քեզ, գրկել ու լաց լինել գրկումդ, ինչի՞ համար, կասե՞ս։

Մա՜մ, ես կործանվու՞մ եմ: Ես ընտանիքի խայտառակությու՞նն եմ։ Դու ինձ էլ չե՞ս սիրում, Մամ։ Դու Աննայի պես ինձ լքու՞մ ես։

Սիրել ես… Իսկ հիմա՞։ Ո՞նց կարող է սերը անցյալ ունենալ, չէ որ միշտ հպարտացել ես ինձանով, ի՞նչ եղավ։ Սիրելն արգելվա՞ծ է։ Ես մեղք չեմ գործել, Մամ, մի դատապարտի ինձ, խնդրում եմ, աղաչում եմ քեզ, Մա՜մ։

Ես քոնն եմ, քո աղջիկն եմ, մի կոտրի ինձ, գոնե՝ ոչ դու։ Ես չեմ կարող էլ պայքարել, Մամ։ Աննան ու դու գրավել եք իմ ամբողջ միտքը. ներսս ձերն է։

Դուք տարբեր եք՝ մեկդ ինձ է ցավեցնում, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ քեզ չցավեցնեմ, Մամ։ Բայց նաև նման եք` դուք երկուսդ էլ ինձ սիրել եք։ Ինչ ահավոր ա հնչում։

Լաց մի եղի, Մամ… Ես քոնն եմ, ես մարդ եմ, ես մեղք չեմ գործել։

Գիտեմ, Մամ, օրերից մի օր՝ մի այսպիսի արևոտ, ջերմ օր, դու կհասկանաս քո աղջկան, կներես ու կգրկես:

Ու չես նայի մեծ ատելությամբ վրաս:

Որովհետև ես քոնն եմ, և ես քեզ սիրում եմ:

Մ․, Վանաձոր