Նոյեմբերի 25-ին ազդարարվում է Ըննդեմ գենդերային բռնության 16-օրյակի սկիզբը

25-11-2022

Ամեն տարի նոյեմբերի 25-ին ամբողջ աշխարհում նշվում է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, որով ազդարարվում է Ըննդեմ գենդերային բռնության 16-օրյակի սկիզբը։ Գենդերային հիմքով բռնությունը նպատակաուղղված ֆիզիկական ուժի կամ իշխանության կիրառումն է կամ դրա սպառնալիքը՝ պայմանավորված անձի գենդերով։ Վերջինս վերաբերում է հասարակությունում սահմանված առնականության և կանացիության որոշակի վարքագծերին և դերերին։ Գենդերային բռնությունը հասարակության մեջ արմատացած գենդերային անհավասարության և ուժի չարաշահման հետևանք է։ Գենդերային բռնության կարող է ենթարկվել յուրաքանչյուրը՝ ներառյալ տղամարդիկ, սակայն կանայք, ոչ բինար ու տրանս անձինք ավելի հաճախ են ենթարկվում գենդերային հիմքով բռնության։

Գենդերային հիմքով բռնությունը վերաբերում է նաև գենդերային նորմերին չհամապատասխանող անձանց՝ անկախ նրանից կին է, տղամարդ, թե այլ գենդերի անձ։ Այս անձանց դեպքում գենդերային հիմքով բռնությունը կարող է հաճախ չբարձրաձայնվել և տեսանելի չլինել։ Գենդերային խտրականությունը կարող է հաճախ պատճառ լինել, որ մարդիկ այս հարցերով չդիմեն աջակցության կամ չբարձրաձայնեն դեպքերի մասին։

Գենդերային հիմքով բռնության օրինակներ են՝

  • Ֆիզիկական բռնություն․ երբ մարդուն ֆիզիկական վնաս են հասցնում՝ ծեծում, հարվածում, ապտակում և այլն, որովհետև չի համապատասխանում հասարակությունում ընդունված առնականության և կանացիության մասին պատկերացումներին, նորմերին, սպասելիքներին, դերերին։ Վնասը կարող է լինել նաև անուղղակի՝ անձին առաջին բուժօգնությունից, քնից, կենսական կարիքները հոգալուց զրկելը։
  • Հոգեբանական բռնություն․ նույն պատճառով մեկուսացում, նվաստացում, շարունակական վիրավորանք, քննադատություն, գազլայթինգ, կարող է լինել նաև շանտաժը, երբ անձից գումար են պահանջում՝ սպառնալով նրա սեռականությունը բացահայտել այլ անձանց մոտ։
  • Տնտեսական բռնություն․ բնակարանից, ուտելիքից, հագուստից, ֆինանսական միջոցներից զրկումը կամ սահմանափակումը գենդերային ինքնության և/կամ արտահայտման հիմքով։
  • Սեռական բռնություն․ սեռական բնույթի ցանկացած ստիպողաբար գործողություն կամ անձի սեռականության օգտագործում, ինչպես նաև բռնաբարությունը՝ այդ թվում ամուսնական հարաբերություններում։
  • Սեռական ոտնձգություն. գիտակցված և չպարտադրված համաձայնության բացակայությամբ սեռական բնույթի արտահայտություններ, հայհոյանք, մարմնի հատվածներին դիպչել և այլն։
  • Ընտանեկան բռնություն․ ներառում է ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական բռնությունը, դրսևորվում է ընտանիքի ներսում, կրում է շարունակական և ցիկլիկ բնույթ։ Կարող է լինել զուգընկերների կամ ամուսինների միջև կամ ընտանիքի անդամներից մեկի կողմից մյուսների նկատմամբ։
  • Գենդերային հիմքով բռնության հաճախ հանդիպող օրինակներ են նաև ստիպողաբար ամուսնությունները՝ ներառյալ անչափասաների դեպքում, ինչպես նաև տղա երեխա ունենալու նախապատվությամբ հղիության արհեստական ընդհատումները և այլն։

Կարևոր է բարձրաձայնել գենդերային հիմքով բռնության դեպքերի մասին և արձագանքել դրանց։ Գենդերային հիմքով բռնությունը լայնորեն ազդում է մարդու կյանքի տարբեր ոլորտների վրա։ Վերապրածները հաճախ կարիք ունեն լսելու և իմանալու, որ իրենք միայնակ չեն, որ բռնությունը հանցագործություն է, որի համար պատասխանատու է բռնություն իրականացնողը։ Բռնության դեպքերի ճանաչումն առանցքային դեր ունի գենդերային հիմքով բռնությունների կանխման ու վերապրածներին իրենց իրավունքների և նրանց համար հասանելի աջակցության ծառայությունների մասին տեղեկացնելու գործում։

Գենդերային հիմքով բռնության ենթարկված ցանկացած անձ կարող է դիմել և ստանալ համապատասխան աջակցություն հետևյալ թեժ գծերով՝

 

  • «Փինք» իրավապաշտպան ՀԿ – 060 377 277
  • Կանանց իրավունքների տուն – 077 570 870
  • Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն – 094 440 618
  • Կանանց ռեսուրսային կենտրոն (իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային և ամուսնաընտանեկան հարցերի շուրջ) – 093 948 886

Հիշե՛ք, որ Դուք միայնակ չեք։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է կանխել գենդերային հիմքով բռնությունը և ստանալ աջակցություն։