Ոչ բինար անձանց միջազգային օր

14-07-2022

Ոչ բինար անձանց միջազգային օրը նշվում է ամեն տարի հուլիսի 14-ին: Օրվա հիմնական նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը ոչ բինար անձանց մասին և այն դժվարությունների, որոնց նրանք բախվում են ամբողջ աշխարհում:

Բազմաթիվ մշակույթներում և կրոնական ավանդույթներում գենդերն ընկալվում է որպես բինար (երկբևեռ) համակարգ, որի բևեռներում կնոջ և տղամարդու իրարամերժ կատեգորիաներն են: Օրինակ հայ հասարակության մեջ գենդերային դերերի հստակ բաժանում և սահմաններ կան, վարքագծի կանոններ` համապատասխանող «տղամարդ» և «կին» հասարակական կատեգորիաներին կամ գենդերներին:

Այնուամենայնիվ, մարդկության պատմության ընթացքում եղել են ոչ բինար գենդերային համակարգով հասարակություններ: Օրինակ, Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ բնիկ ժողովուրդների մեջ կար և կա «երկու հոգի ունեցող մարդիկ» հասկացությունը. նման մարդիկ ստանձնել են հակառակ սեռի գենդերային դերը։ Ոչ բինար գենդերային համակարգեր գոյություն ունեն նաև Ասիայի, Աֆրիկայի Հարավային Ամերիկայի տարբեր մշակույթներում: Նման հասարակություններում «երրորդ սեռի» մարդիկ սովորաբար կարևոր դեր են խաղում կրոնական ծեսերի ժամանակ և մեծ հարգանք են վայելում:

Ոչ բինար մարդիկ այն մարդիկ են, ում գենդերային ինքնությունը և /կամ գենդերային արտահայտումը դուրս է երկբևեռ (բինար) համակարգից։ Որոշ ոչ բինար մարդիկ օգտագործում են գենդերային չեզոք դերանուններ կամ փորձում են խուսափել դերանուններ օգտագործելուց:

Ներկայումս որոշ երկրներում հնարավոր է փաստաթղթերում նշել երրորդ սեռը (սովորաբար նշվում է X-ով) կամ ընդհանրապես հրաժարվել սեռը նշելուց։ Դրանց թվում են, օրինակ, Ավստրալիան, Դանիան, Հնդկաստանը, Իսլանդիան, Կանադան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Թայվանը և Ուրուգվայը:

Ոչ բինար մարդիկ հաճախ բախվում են թյուրիմացության և խտրականության նաև ԼԳԲՏ համայնքում: Խտրականության ընդհանուր դրսևորումները ներառում են, օրինակ, սխալ դերանունների դիտավորյալ օգտագործումը, խտրականությունն աշխատավայրում և առողջապահական հաստատություններում և գենդերային ինքնությամբ պայմանավորված բռնությունը:

2012 թվականից սկսած ամեն տարի նշվում է ոչ բինար անձանց միջազգային օրը։ Այս օրը գտնվում է Կանանց միջազգային օրվա (մարտի 8) և Տղամարդկանց միջազգային օրվա (արևմտյան երկրներում նշվում է նոյեմբերի 19-ին) միջև՝ ընդգծելով այն փաստը, որ ոչ բինար անձինք չեն նույնականանում որպես տղամարդ կամ կին։