Պանսեքսուալների և պանռոմանտիկների տեսանելիության օր

24-05-2022

Մայիսի 24-ը պանսեքսուալների և պանռոմանտիկների տեսանելիության օրն է։ Պանսեքսուալությունը սեռական, ռոմանտիկ կամ զգացմունքային գրավչության դրսևորումն է մարդկանց նկատմամբ՝ անկախ նրանց սեռից կամ գենդերային ինքնությունից: Պանսեքսուալ անձանց համար մարդու սեռը կամ գենդերային ինքնությունը նրանց նկատմամբ էմոցիոնալ կամ սեռական գրավչություն ունենալու հիմք չեն հանդիսանում։ Կարելի է ասել, որ պանսեքսուալ մարդկանց համար առաջնային է մարդու անհատականությունը՝ անկախ նրա գենդերային ինքնությունից։ Պանռոմանտիկների համար իրենց զուգընկեր ընտրելիս սկզբունքային են գրեթե բոլոր վերոնշյալ բնութագրիչները, բացառությամբ սեռական հարաբերությունների, քանի որ պանռոմանտիկ լինելը նշանակում է ռոմանտիկ գրաչություն ունենալ անձի նկատմամբ անկախ վերջինիս գենդերի։

Հետաքրքրական է, որ պանսեքսուալությունը հաճախ շփոթում են բիսեքսուալության հետ, սակայն հարկ է նշել, որ չնայած դրանք որոշ չափով իրար նման են, այնուամենայիվ, այդ երկու հասկացությունների միջև որոշակի տարբերություն կա։ Բիսեքսուալության հիմքում ընկած է երկու և ավելի սեռերի կամ գենդերի հանդեպ գրավչություն ունենալը, իսկ պանսեքսուալ անձանց կարող են գրավել ցանկացած գենդերային ինքնություն ունեցող մարդիկ՝ կանայք, տղամարդիկ, տրանս անձինք, ոչ բինար անձինք, ագենդեր անձինք և այլն։

Ըստ տարածված միֆի՝ պանսեքսուալները ավելի հաճախ են սեռական հարաբերություններ ունենում և ավելի քիչ հավանականությամբ են մոնոգամ լինում։ Իհարկե, սա չի համապատասխանում իրականությանը․ նրանք կարող են նախընտրել մոնոգամությունը կամ բազմասիրությունը այն նույն հավանականությամբ, ինչ և հետերոսեքսուալ կամ նույնասեռական մարդիկ։

Այս տարի IDAHOBIT-ի շրջանակներում Փինքի կազմակերպած սթիքերների վորքշոփի ժամանակ պատրաստվել են պանսեքսուալության թեմայով սթիքերներ։ Նկարում ներկայացված են Լին Կիռայի աշխատանքները։

Մայիսի 24-ին պանսեքսուալների և պանռոմանտիկների օրվա շրջանակներում վերահաստատենք այն, որ պանսեքսուալ մարդիկ ԼԳԲՏ+ համայնքի անբաժան մասն են, և կարևոր է խոսել նրանց մասին: