Պետությունը տապալում է Շուռնուխի գործով պատշաճ նախաքննության իրականացումը

30-01-2020

Շուռնուխում տեղի ունեցած բռնության գործով նախաքննությունը դեպքից շուրջ 1․5 տարի անց դեռևս ավարտված չէ։ Հունվարի 24-ին պետք է տեղի ունենար նախաքննության մարմնի կողմից կայացված մի շարք ապօրինի որոշումների դեմ բերված բողոքների քննությունը՝ նախաքննության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում: Սակայն բողոքներն այդպես էլ չլսվեցին, և նիստերը հերթական անգամ հետաձգվեցին:

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանգստացող 9 երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստներ, ծեծի և հոգեբանական բռնության են ենթարկվել նույն գյուղի և Գորիս քաղաքի ավելի քան 20 բնակիչների կողմից, որոնք տուժողներից պահանջել են հեռանալ գյուղից, հարվածել են նրանց քարերով, ձեռքերով ու ոտքերով: Բռնության առնչությամբ քրեական գործ է հարուցվել միայն ծեծի հոդվածով և որևէ անձ չի ներգրավվել որպես մեղադրյալ։ Ցուցմունքներով իրենց մեղքն ընդունած անձանց նկատմամբ կիրառվել է համաներում և քրեական գործի վարույթը կարճվել է անօրինական որոշմամբ: Այլ անձանց նկատմամբ ընդհանրապես քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ նրանց գործողություններում հանցակազմ առկա չէ։ Հերթական անգամ սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված հանցավոր ոտնձգություն իրականացրած անձինք պատասխանատվության չեն ենթարկվել։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն բազմիցս բարձրաձայնել է, որ ատելության հիմքով հանցագործություններին իրավական պատշաճ գնահատական չտալը հանգեցնում է անպատժելիության մթնոլորտի առաջացմանը հանցավորների մոտ։ Վերջինս կարող է հանգեցնել ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանցագործությունների կրկնման ռիսկի բարձացմանը։

Ուստի Շուռնուխի գործով տուժողների խախտված իրավունքները վերականգնելու համար վարույթն իրականացնող մարմնի ապօրինի որոշումների դեմ բողոքներ են ներկայացվել գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ներկայացված բողոքները մերժվել են վերջինիս կողմից, և վերահաստատվել են քննիչի՝ տուժողների իրավահեն պահանջը մերժելու անհիմն որոշումները: Դատախազի որոշումների դեմ բողոք է բերվել դատարան: Թվով 6 բողոքները քննվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատարանի 2 կազմով: Բողոքներից մեկով դատարանը կայացրել է աննախադեպ որոշում. այն ճանաչել է տուժողների իրավունքների խախտումը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնել այդ խախտումները։ Քրեական գործը կարճելու որոշումը փաստացի վերացվել է:

Չնայած այդ հանգամանքին՝ վարույթն իրականացնող մարմինը չի շտապում որևէ դատավարական գործողություն իրականացնել գործի վերսկսումից հետո: Տուժող կողմի դիմումները հանդիպում են նախաքննություն իրականացնող մարմնի՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու իրենց պարտավորությանը չհետևելը և կամայական մեկնաբանությանը։ Արդյունքում, Շուռնուխում տեղի ունեցած բռնությունից շուրջ 1.5 տարի անց գործով չեն ուսումնասիրվել էական նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, որևէ անձ ներգրավված չէ որպես մեղադրյալ, չի պարզվել տուժողներին պատճառված հոգեկան տառապանքի աստիճանը:

Մյուս կողմից՝ վարույթն իրականացնող մարմնի ապօրինի որոշումների դեմ բերված մյուս բողոքների քննությունը, որոնք գտնվում էին դատարանի մեկ այլ կազմի վարույթում, շարունակվում է ձգձգվել: Դատարանը կա՛մ նիստերը հետաձգում է ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով, ինչպես տեղի ունեցավ հունվարի 24-ի նիստով, կա՛մ ծանուցումներն ուղարկում է այնպիսի ժամկետներում, որ դրանք տուժող կողմին են հասնում նիստի նշանակված օրվանից հետո:

Գործի քննությունն իր հերթին ձգձգում է դատախազությունը՝ որպես նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, որևէ պատշաճ քայլ չի ձեռնարկում նախաքննական գործողությունների վերսկսման և տուժողների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ և չի ապահովում դատախազի ներկայությունը նիստերի ընթացքում:

ՀՀ-ն Սահմանադրությամբ և իր կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով ստանձնել է պարտավորություններ՝ իր տարածքում ապահովելու անձանց՝ խտրականությունից զերծ լինելու իրավունքի պաշտպանությունը, իսկ այդ իրավունքը խախտվելու դեպքում ապահովել գործի պատշաճ քննության իրականացումը և տուժողների իրավունքների վերականգնումը: Այս դեպքում պետությունը նախնական քննության բոլոր՝ նախաքննության և դրա նկատմամբ դատախազական հսկողության ու դատական վերահսկողության օղակներում, տապալում է իր վրա դրված պարտավորությունների իրականացումը։ Շուռնուխի գործի նախնական քննությունն ուղեկցվում է կողմնակալությամբ՝ վարույթի իրականացումը անհարկի ձգձգելով: Դա է փաստում նաև այն, որ բռնությունից շուրջ 1.5 տարի անց գործի նախաքննությունը դեռևս ավարտված չէ, իրականացված չեն նույնիսկ էական քննչական գործողությունները:

Պետության նման գործելաոճը՝ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազություն, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի անգործությունը, ոտնահարում է տուժող կողմի՝ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված արդարացի և ողջամիտ ժամկետով իրենց գործով քննություն ունենալու իրավունքը:

«Փինք» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ՀՀ-ին քայլեր ձեռնարկել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման և տուժողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, մասնավորապես.

  • ՀՀ քննչական կոմիտեին՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերսկսել քննչական գործողությունների իրականացումը, պատշաճ գնահատական տալ հանցավոր ոտնձգություններին, իրականացնել գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն,
  • ՀՀ դատախազությանը՝ պատշաճ կարգով իրականացնել նախաքննության նկատմամբ հսկողություն, ապահովել դատախազի մասնակցությունը գործով նշանակվող և նշանակվելիք նիստերին,
  • ՀՀ դատական համակարգին անհարկի չձգձգել գործի քննությունը, կայացնել բացառապես օրենքի և իրավունքի վրա հիմնված որոշումներ: