Սեռական ոտնձգության հանրայնացման դեպք

20-04-2022

Հայաստանի Հանրապետությունում սեռական բնույթի ոտնձգությունները հազվադեպ չեն։ Չնայած դրանց տարածվածությանը՝ սեռական ոտնձգությունից տուժած անձինք խուսափում են դիմել իրավապահ մարմիններին՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Դա պայմանավորված է թե՛ բռնությունից տուժած անձանց նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքով և խարանով, թե՛ բռնության մեջ նրանց մեղադրելով, թե՛ իրավապահ մարմինների ոչ զգայուն և ոչ զոհակենտրոն մոտեցմամբ։

2020թ. օգոստոսի 12-ին Ս.-ն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել առ այն, որ նախորդ երեկո «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում գործող «Մինիսո» խանութ-սրահում մի տղամարդ ձախ ձեռքի բազկային հատվածով դիտավորությամբ դիպչել է իր կրծքին: Բացատրության մեջ նա հայտնել է, որ 2019թ. ընթացքում նույն անձը ևս 2 անգամ դիտավորությամբ դիպել է իր մարմնի տարբեր հատվածների:

Քանի որ դիմումատուն ցանկանում էր նպաստել կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների վերացմանը, նա, չվախենալով հասարակական քննադատությունից, հանրայնացրել է իր հանդեպ տեղի ունեցածը։ Դրա արդյունքում պարզվել է, որ նույն բռնարարը հետապնդել է նաև ավելի քան 20 անձանց կամ դիտավորությամբ դիպել է նրանց մարմնի ինտիմ հատվածներին: Հաջորդ օրվա ընթացքում տուժողը ոստիկանության բաժին է ներկայացրել այս անձանց կողմից իրեն տրամադրված տեղեկությունները։

ՀՀ ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցելու դիմումը։ Վարույթն իրականացնող մարմինն անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ (Անառակաբարո գործողություններ) և 139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածներին և նշել, որ տուժողի նկատմամբ իրականացված գործողություններում այդ հոդվածների հանցակազմերը առկա չեն։ Որոշումը բողոքարկվել է վերադասության կարգով։ Վերաքննիչ քրեական դատարանը 2022թ․ փետրվարին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու մասին և պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ս.-ի և մյուսների իրավունքների խախտումները։

Սեռական ոտնձգության խնդրի մասին բաձրաձայնելու կարևորությունը հաստատվեց նաև 2019թ․ Հայաստանում սկիզբ առած «Բռնության ձայնը» շարժմամբ, երբ տարբեր տարիքի կանայք ներկայացրին իրենց պատմությունները #բռնության_ձայնը հեշթեգի շրջանակներում, սակայն այդպես էլ անանուն մնացին։

Իրավապահ մարմիններին դիմելուց խուսափելը պայմանավորված է նաև օրենսդրական բացերով։ Չնայած նրան, որ ներպետական օրենսդրությունը արգելում է սեռական ոտնձգությունը, այնուամենայնիվ, դրա որոշ տեսակներ, ինչպիսիք են սեռական հետապնդումը և անառակաբարո գործողությունները չափահաս անձի նկատմամբ, պատժելի չեն համարվում։

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում անառակաբարո գործողություններ կատարելու համար։ Այնուամենայնիվ, հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդպիսի գործողություններից տուժող կարող են հանդիսանալ միայն մինչև 16 տարեկան անձինք։ Իսկ 16 տարեկանից բարձր այն անձինք, որոնց նկատմամբ կատարվել են անառակաբարո գործողություններ, օրինակ՝ առանց համաձայնության դիպել են նրանց մարմնի ինտիմ հատվածներին, դրսևորել են էքսգիբիցիոնիստական վարքագիծ (ցույց են տվել իրենց սեռական օրգանները, ինքնաբավարարվել կամ սեռական ակտի իմիտացիա են արեն նրանց ներկայությամբ), պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր են ցուցադրել և այլն, տվյալ հանցագործությունից տուժած չեն կարող համարվել, իսկ նրանց նկատմամբ իրականացված ոտնձգությունը չի պատժվի նշված հոդվածով (ընդ որում՝ նշված գործողությունները պատժող այլ հոդված ևս չկա ՀՀ քրեական օրենսգրքում)։ Սա նշանակում է, որ 16 տարեկանից բարձր անձանց նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելը քրեականացված չէ ներպետական օրենսդրությամբ։

Արդյունքում նկարագրված տեսակի ոտնձգությունների ենթարկվող անձանց իրավունքները մնում են ոտնահարված անգամ իրավապահ մարմիններին դիմելու դեպքում։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ՀՀ կողմից ստորագրված և վավերացված միջազգային պայմանագրերը և դրանց վերաբերյալ միջազգային մարմինների մեկնաբանությունները պարտադիր են համարում սեռական բնույթի բոլոր տեսակի ոտնձգությունների համար պատասխանատվություն նախատեսելը։

Ելնելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության մեջ սեռական ոտնձգությունների անպատժելիության մասով առկա է բաց, որը հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին: