Սիրո ամիսը Փինքում

16-02-2023

Փետրվարը կարծես դարձել է սիրո ամիս․ սուրբ Սարգսից մինչև սուրբ Վալենտին սիրահարներն ավելի են կարևորում իրենց զգամունքները, թեև սերը տոնելու համար առիթ ու ժամանակ հարկավոր չէ, և էական չէ՝ սիրահարիդ հասնելու համար աղի բլիթ ես կերել, թե նա քեզ սրտաձև կարմիր քաղցրավենիք է հյուրասիրել։ Այսուհանդերձ, կարևոր է հաշվի առնել, որ սիրո նշանակությունը կարող է տարբեր լինել՝ կախված մշակութային առանձնահատկություններից:

Թե՛ սուրբ Սարգսի և թե՛ Վալենտինի օրը համարվել են հետերոնորմատիվ տոներ, մինչդեռ ԼԳԲՏ+ անձինք նույնպես ցանկանում են ունենալ այն տարածքը, որտեղ կարող են ազատորեն սիրել և տոնել սերն այնպես, ինչպես և մյուսները:

Իսկ ի՞նչ տեղ է զբաղեցնում հայ ԼԳԲՏ+ անձն այս ամենի մեջ, կարո՞ղ են արդյոք նրա սիրո առանձնահատկությունները դրսևորվել այս տոներին։ Կարևոր է, որ սիրո տոնին յուրաքանչյուր անձ կարողանա ազատ լինել իր սիրո դրսևորման մեջ՝ անկախ որևէ հանգամանքից։

Փինքը սիրո տոներին ընդառաջ ապահով տարածք տրամադրեց Հայաստանի ԼԳԲՏ+ համայնքի մասը կազմող անձանց, այս անգամ՝ սիրո տոնը նշելու համար։

Միջոցառման ընթացքում մասնակիցները կիսվեցին սիրո մասին իրենց պատկերացումներով և նշեցին այն կարևորագույն փաստը, որ քվիր անձինք նույնպես տոնի մի մասնիկն են, քանի որ յուրաքանչյուր անձ ունի սիրելու և սիրվելու իրավունք։ Բարձրացվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են քվիր մարդկանց հարաբերությունների յուրահատկությունները, տարբերությունները և դժվարությունները։ Նրանք քննարկեցին նաև հետերոնորմատիվության խնդիրը, որն առկա է նույնիսկ քվիր հարաբերություններում։ Մասնակիցներն անդրադարձան տոնի հանդեպ քննադատական վերաբերմունքին և վերհանեցին կապիտալիզմի և սպառողականության դերը սիրո տոնի կոնտեքստում։

Քննարկվեցին նաև սիրո այլ պրակտիկաներ, օրինակ՝ բազմասիրությունը և առոմանտիկ հարաբերությունները։ Սիրո յուրաքանչյուր դրսևորում յուրահատուկ է, և հենց այդ յուրահատկությունն էլ այն դարձնում է գեղեցիկ և արժանահավատ։

Միջոցառման վերջում մասնակիցները միմյանց հետ շփվելու հնարավորություն ունեցան, և հաճելի ժամանակ անցկացրին երաժշտության ներքո։