Սոցիալական գովազդների վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը

02-03-2022

2022 թվականի մարտի 1-ին ՀՀ Վարչական դատարանը կայացրեց վճիռ, որով մերժեց սոցիալական ճանաչել «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացրած ԼԳԲՏ անձանց հանդեպ հանդուրժողականություն սերմանող երեք գովազդները։ Դատարանը հերթական անգամ նպաստել է Հայաստանում խտրականության ու անհավասարության տարածմանը։ Մշակույթի նախարարության կողմից ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականության հարցը սույն վճռով չկարևորելը, փաստացիորեն, արդարացվել է դատարանի կողմից, ինչը հող է նախապատրաստում նոր խտրական որոշումների և անպատասխանատվության համար։

Պետությունը, փաստորեն, մի կողմից հրաժարվում է Մշակույթի նախարարության անունից կարևորել ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականությանն ուղղված միջոցառումները, իսկ մյուս կողմից՝ դատական համակարգի միջոցով արդար քննություն իրականացնել և մատչելի պաշտպանություն տրամադրել ԼԳԲՏ անձանց։

Միևնույն ժամանակ, տարեցտարի աճում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանցագործությունների դեպքերը և դրանց ոչ արդյունավետ քննությունը, ինչը հասարակության այս խմբին ավելի անպաշտպան և խոցելի է դարձնում։

Մերժման վճիռը ներկայացնելուց հետո «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի մի քանի աշխատակից դատարանի դահլիճում իրենց բողոքն արտահայտելու համար մեջքով շրջվեցին դատարանին՝ ցույց տալով «Քո կողմնակալ որոշումը սպանում է ինձ» գրությամբ իրենց շապիկները։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը՝ ընդհուպ մինչև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններում։ Նմանատիպ դիմումներ արդեն իսկ առկա են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վարույթում։ Դատարանը շուտով գնահատական կտա պետության այս անպատասխանատու և անհանդուրժողականություն խրախուսող, մի խմբի մեկուսացման ու ատելության հիմքով հանցագործությունների հանգեցնող վերաբերմունքին։

Հիշեցնենք, որ 2017թ. «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն դիմել էր Մշակույթի նախարարությանը՝ ԼԳԲՏ անձանց հանդեպ հանդուրժողականություն սերմանող երեք գովազդները սոցիալական ճանաչելու նպատակով։ «Դու ուզում ես, որ բոլորը երջանի՞կ լինեն, ուրեմն մաղթի՛ր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» վերնագրված պաստառներն ու տեսանյութերը սոցիալական չեն ճանաչվել Մշակույթի նախարարության կողմից: