Վճիռ տասնամյա անպատժելիությունից հետո

17-05-2022

«Դի Այ ՈՒայ» ակումբի պայթեցումից տաս տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է Արմինե Օգանեզովայի իրավունքների պաշտպանությունը։

Դատարանը, մասնավորապես, գտել է, որ պետությունը, հաշվի չառնելով Արմինե Օգանեզովայի պնդումները հանցավորների հոմոֆոբ շարժառիթի վերաբերյալ, ձախողել է դեպքի պատշաճ քննությունը և տուժողին չի պաշտպանել սեռական կողմնորոշմամբ պայմանավորված հարձակումից։

Դատարանը գտել է, որ Արմինե Օգանեզովայի նկատմամբ շարունակական ոտնձգությունները, ակումբի պայթեցումը, նրա անձի վրա հոմոֆոբ ատելության դրդապատճառով հաջորդող հարձակումները և ընդհանուր առմամբ ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ տիրող բացասական վերաբերմունքը պետք է անպայման հանգեցնեին նրա մեջ վախի, տագնապի և անապահովության զգացումների: Այս ամենի արդյունքում խախտվել է անձի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանված անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ լինելու իրավունքը։ Հաշվի առնելով հանցավորների շարժառիթը՝ խախտումը տեղի է ունեցել 14-րդ հոդվածի, այն է՝ խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտման համակցությամբ:

Դատարանը նաև անդրադարձել է օրենսդրական բացին, որի պայմաններում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության շարժառիթով հանցագործությունները չեն կարող արդյունավետ քննության ենթարկվել։

Անդրադառնալով ատելության խոսքի վերջին կարգավորումներին, Դատարանը, այնուամենայնիվ, նշել է, որ սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը ներառված չեն որպես ատելության խոսքից պաշտպանված հատկանիշ։ Դատարանը նաև փաստել է, որ հենց այդ հիմքով է Արմինե Օգանեզովան հայտնվել ատելության խոսքի թիրախում։

Այսպիսով, մեկ տասնամյակ տևած անպատժելության մթնոլորտը կոտրվեց Դատարանի արդարացի վճռով, որի ուժով Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պարտավորվում է տուժողին տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում, այլ նաև անդրադառնալ օրենսդրական և իրավակիրառ դաշտում առկա խնդիրներին։

Հարկ է նշել, որ սա սեռական կողմնորոշման հիմքով իրավախախտման առաջին դեպքն է, երբ Եվրոպական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների խախտում։