Տեղի ունեցավ Վիքիպեդիա հանուն խաղաղության. քվիր [խմբագրում] երիտասարդական փոխանակման ծրագիրը

19-08-2022

Օգոստոսի 2-ից 10-ը Վիեննայում հաջողությամբ իրականացվեց երիտասարդական փոխանակման ծրագիր, որին մասնակցեցին նաև 5 երիտասարդներ Հայաստանից։

Ամառային ճամբարի ընթացքում Վիքիպեդիայում հոդվածների խմբագրման և ստեղծման շուրջ հավաքվել էին Հայաստանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Թունիսում ապրող երիտասարդներ:

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը ստեղծում են Վիքիպեդիա կայքից օգտվողները՝ ազատ խմբագրման ձևաչափով։ Ըստ էության աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ՝ ունենալով հասանելիություն համացանցին կարող է խմբագրել, սրբագրել կամ վավերացնել հոդվածները և ցանկացած թեմայով նոր հոդվածներ գրել։ 2001 թվականին ստեղծվելուց ի վեր, Վիքիպեդիան արագորեն աճել և դարձել է բազմակողմանի տեղեկությունների ամենախոշոր ցանցային կայքը։

Միջինում 67 միլիոն մարդ ամեն օր օգտվում է Վիքիպեդիայից, և ցանցում կա ավելի քան 118,900 խմբագիր-հեղինակներ, ովքեր միաժամանակ աշխատում են ավելի քան 43 միլիոն հոդվածների վրա՝ մոտ 285 լեզուներով։

Այսպիսով, ծրագրի մասնակիցները աշխատարանների միջոցով սովորել են խմբագրել, թարգմանել և գրել հոդվածներ Վիքիպեդիայում՝ կենտրոնանալով քվիր անձանց պատմության, իրենց նկարագրող հասկացությունների և հիմնախնդիրների վրա: Միևնույն ժամանակ քննարկումներ եղան գենդերային բազմազանության, ԼԳԲՏԻ+ անձանց խնդիրների, քվիր քաղաքականության, հասարակական տարբեր շարժումների՝ մասնավորապես քվիր շարժման շուրջ։ Ծրագրի հիմնական նպատակն է խմբագրված և գրված հոդվածների միջոցով բարձրացնել ԼԳԲՏԻ+ անձանց հիմնախնդիրների տեսանելիությունը Վիքիպեդիայում տարբեր լեզուներով, ինչպես նաև մոտիվացնել քվիր երիտասարդներին ներգրավվել աշխարհում ամենահաճախ օգտագործվող առցանց հանրագիտարանում բովանդակության մշակման և ստեղծման մեջ։

Ծրագրի ընթացքում և ավարտին մասնակիցները հրապարակեցին հայալեզու հոդվածներ հայտնի քվիր անձանց և քվիր մշակույթի մասին։