Փինքի 2023 թ․ տարեկան պլանավորումը

27-01-2023

2023 թ․ հունվարի 18-ից 21-ը Փինքի երևանյան և մարզային գրասենյակների աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական տարեկան պլանավորումը։

Պլանավորման ընթացքում Փինքի աշխատակազմի կողմից քննարկվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող արդիական հարցերը։

Հետադարձ հայացք նետելով նախորդ տարվա ձեռքբերումներին և խնդիրներին՝ կատարեցինք 2023 թ․ տարեկան պլանավորումը, որը հիմնված է Փինքի ռազմավարական ուղղությունները զարգացնելու և բարելավելու վրա։ Փինքը կշարունակի գործել իր հիմնական չորս ռազմավարական ուղղություններով՝

  1. ԼԳԲՏ անձանց և շարժման ներուժի զարգացում,
  2. ԼԳԲՏ հարցերի շուրջ հանրային ընկալումների ուսումնասիրություն և հասարակական դիրքորոշման ու վերաբերմունքի փոփոխություն,
  3. ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանություն և ջատագովություն,
  4. Կազմակերպության կարողությունների զարգացում և կայունության ապահովում։

Տարեկան պլանավորման ժամանակ մասնավորապես քննարկվեց ԼԳԲՏ համայնքի ներուժի զարգացմանն ուղղված սոցիալական և մշակութային միջոցառումների կարիքը, ինչպես նաև ներկայացվեց կազմակերպության հաղորդակցման նոր ռազմավարությունը։ Վերաարժևորվեցին 2023թ․ ակնկալվող միջազգային հանդիպումները, որոնց ժամանակ Փինքը հնարավորություն կունենա կազմակերպել ջատագովությանն ուղղված աշխատանքներ, քննարկվեցին նաև իրավիճակային ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված հետագա գործողությունները։

Փինքը շարունակում է իր գործունեությունը և անում հնարավոր ամեն բան՝ ապահովելու Հայաստանում ԼԳԲՏ անձանց բարեկեցությունը։ Փինքի տարեկան պլանավորումները հնարավորություն են տալիս հանգամանորեն քննարկել առկա խնդիրներն ու հնարավորությունները, որոնց հիման վրա էլ կառուցվում է կազմակերպության հետագա գործունեությունը։