Փինքն ազդարարում է IDAHOBIT շաբաթվա սկիզբը

16-05-2022

Այսօրվանից սկսվում է IDAHOBIT շաբաթը, որի շրջանակներում կանցկացվեն հանրային միջոցառումներ և արշավներ, ինչպես նաև համայնքային միջոցառումներ և վորքշոփեր լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և քվիր անձանց համար։

Ամեն տարի մայիսի 17-ին նշվում է Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, անգլերենով՝ IDAHOBIT, International Day Against Homophobia, Biphobia and Transphobia։ Այն սկսել են նշել 2005թ․-ից՝ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Օրվա նպատակը ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության և բռնության մասին իրազեկվածությունը բարձրացնելն է։

Հայտնի է, որ ԼԳԲՏ անձինք շատ հաճախ բախվում են հասարակության կարծրատիպային և բացասական վերաբերմունքին, որն էլ հանգեցնում է նրանց հանդեպ խտրականության, ոտնձգությունների և բռնության։ Խտրական մթնոլորտն ամենուր է, և ԼԳԲՏ անձանց հարցերը բարձրաձայնելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով IDAHOBIT-ն արդեն նշվում է մեկ շաբաթ տևողությամբ՝ մեկ օրվա փոխարեն։

Այս տարվա IDAHOBIT-ի խորհուրդն ուղղված է Հայաստանում ԼԳԲՏ անձանց հանդեպ տեղի ունեցող իրավախախտումների և դրանց անպատժելիության մթնոլորտի մասին բարձրաձայնմանը։ Այս տարի լրանում է Երևանում DIY փաբի պայթեցման 10-ամյակը, և մինչ այժմ համապատասխան գործողություններ չեն իրականացվել պայթյունն իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ Փինքը 2012թ․-ից սկսեց վարել իր ռազմավարական դատավարությունները, որոնցից առաջինը, DIY ակումբի պայթեցման դեպքն էր։ Այնուհետև՝ 2014թ․, Փինքը սկսեց իր 2-րդ ռազմավարական դատավարությունն ընդդեմ «Իրավունք» թերթի, որը նույն թվականին հոդված էր հրապարակել ԼԳԲՏ ակտիվիստների դեմ՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը․ ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով։ Փինքի վարած մեկ այլ ռազմավարական դատավարություն է Շուռնուխի գործը, երբ 2018թ․ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում բռնության ենթարկվեցին ինը երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստներ՝ իրենց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով։

Վերոնշյալ դատական գործերից ոչ մեկին դեռևս պատշաճ լուծում չի տրվել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Երեք գործերն էլ բազմիցս բողոքարկվել են Փինքի կողմից և այժմ գտնվում են ոչ միայն Հայաստանի դատարաններում, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Փինքը պատրաստել է իր ռազմավարական դատավարությունների մասին մի տեսահոլովակ՝ «Անպատժելիության 10 տարին» վերնագրով, որն անդրադառնում է կազմակերպության կողմից վարվող երեք ռազմավարական դատավարությունների ընթացքին։ Հոլովակն ուղղված է թե՛ պետական և իրավապահ մարմիններին՝ վերջիններիս կոչ անելով ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակի բարելավմանն ուղղված պատշաճ քայլեր ձեռնարկել, թե՛ հանրությանը՝ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և անպատժելիության մթնոլորտի մասին ահազանգելու նպատակով: