Քամինգ աութ․ առավելություններ և ռիսկեր

11-10-2022

Քամինգ աութը կարևորագույն դեր ունի ԼԳԲՏ անձանց կյանքում։ Դա այն գործընթացն է, երբ մարդը հասկանում, ընդունում և գնահատում է իր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության փաստն ինչպես ինքն իր, այնպես էլ հասարակության առջև։

Այնուամենայնիվ, քամինգ աութը դժվար գործընթաց է ԼԳԲՏ անձանց համար։ Քանի որ մեր հասարակության մեջ սահմանված են սեռական կողմնորոշմանն ու գենդերային ինքնությանն առնչվող վարքագծի պարտադիր կանոններ, մարդկանց մեծամասնությունը պարտադրված է լինել հետերոսեքսուալ և գործել հասարակության ակնկալիքների համաձայն։ Գեյ, լեսբի, բիսեքսուալ և տրանս անձինք կարող են իրենց մյուսներից տարբեր զգալ և մտածել, թե չեն համապատասխանում այն դերին, որն իրենց վերագրում են ընտանիքի անդամները, ընկերները, կոլեգաները և այլն։ Այսպիսով, քամինգ աութ անելով ԼԳԲՏ անձինք առերեսվում են իրենց նկատմամբ հասարակության արձագանքին և վերաբերմունքին։

Կարևոր է նաև նշել, որ քամինգ աութը շարունակական և երբեմն անգամ մինչև կյանքի վերջը տևող գործընթաց է ԼԳԲՏ անձանց համար։ Ոմանք դեռ վաղ տարիքից են գալիս իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության գիտակցմանը, իսկ մյուսներն այս եզրակացությանն են հանգում երկար տարիներ անց։ Այնուամենայնիվ, քամինգ աութը ԼԳԲՏ անձանց կյանքի հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում, հետևաբար, այն անհրաժեշտ քայլ է որպես անհատ զարգանալու համար։ Քամինգ աութն անհատին հնարավորություն է տալիս զարգացնել իր ինքնագնահատականը և ազատվել «բացահայտվելու» վախից, և, ըստ այդմ, խուսափել կրկնակի կյանք վարելու սթրեսից։

Այն միտքը, որ քամինգ աութը ԼԳԲՏ անձանց համար անձնային աճի հասնելու միջոց է, արտահայտված է նաև ամերիկացի քաղաքական գործիչ և ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների շարժման ակտիվիստ-հերոս Հարվի Միլքի հետևյալ խոսքում․ «Յուրաքանչյուր գեյ անձ պետք է քամինգ աութ անի։ Ինչքան էլ որ դա դժվար լինի, միևնույն է, այդ մասին պետք է հայտնել ընտանիքի անդամներին և հարազատներին։ Այդ մասին պետք է իմանան քո ընկերները, եթե նրանք իսկապես քո ընկերներն են։ Պետք է իմանան նաև այն մարդիկ, ում հետ աշխատում ես, և քո գեյ լինելու փաստը պետք է հայտնի լինի նաև այն մարդկանց, որոնք աշխատում են խանութներում, որտեղից գնումներ ես կատարում։ Երբ նրանք հասկանան, որ մենք իսկապես նրանց զավակն ենք, ընկերը, կոլեգան կամ պարզապես հասարակության մի մասն ենք, այն, որ մենք ամենուր ենք, միայն այդ դեպքում յուրաքանչյուր միֆ, սուտ կամ ակնարկ հոդս կցնդի։ Եւ երբ դա անես, քեզ այնքան թեթևացած և լավ կզգաս»։

Քամինգ աութն ունի բազմաթիվ առավելություններ, սակայն նաև որոշակի ռիսկեր է պարունակում: Այնուամենայնիվ, քամինգ աութի առավելություններն ու ռիսկերը ներկայացնելը նպատակ չի հետապնդում որևէ մեկին համոզելու որոշակի իրավիճակում քամինգ աութ անել կամ չանել։ Ընդհակառակը, քամինգ աութ անելու որոշ հավանական հետևանքների մասին մտածելը կարող է մարդուն օգնել կողմնորոշվել քամինգ աութ անելու համապատասխան ժամանակի հարցում և նախապատրաստել նրան հնարավոր արձագանքներին։ Ստորև ներկայացնում ենք քամինգ աութի հիմնական առավելությունները և որոշակի ռիսկեր, որոնք այն կարող է պարունակել։

Քամինգ աութի առավելությունները ներառում են՝

  • սեփական կյանքն ազնվորեն ապրելու կարողություն՝ առանց թաքցնելու սեփական ինքնությունը կամ ստելու դրա վերաբերյալ,
  • սթրեսի և անհանգստության նվազում՝ այդպիսով մարդու մտավոր և ֆիզիկական առողջության բարելավում,
  • մարդու ինքնագնահատականի բարելավում և անձնական աճի ապահովում,
  • ընկերների և ընտանիքի հետ ավելի մտերիմ, ավելի անկեղծ հարաբերությունների կառուցում,
  • այլ ԼԳԲՏ անձանց հետ ծանոթանալու և մտերմանալու, ինչպես նաև նրանց կողմից աջակցություն ստանալու կամ նրանց պատմություններով ոգեշնչվելու հնարավորություն,
  • քեզ հետ շատ ընդհանուր բաներ ունեցող համայնքի մի մասը դառնալու հնարավորություն,
  • սեփական փորձով կիսվելու և ուրիշներին կրթելու միջոցով ԼԳԲՏ անձանց վերաբերյալ տարածված միֆերն ու կարծրատիպերը ցրելու հնարավորություն։

Քամինգ աութը պարունակում է նաև հետևյալ ռիսկերը՝

  • հարազատ մարդկանց կողմից մերժվելու կամ վտանգի ենթարկվելու վախ, ինչի հետևանքով որոշ հարաբերություններ կարող են ընդմիշտ փոխվել կամ ավարտվել,
  • հասարակության, օրինակ՝ համադասարանցիների, համակուրսեցիների, կոլեգաների կողմից խտրականության ենթարկվելու վախ,
  • սեռական ոտնձգության կամ սեռական բռնության զոհ դառնալու վախ,
  • մշտական անհանգստության վիճակ, որն ազդում է անհատի հոգեկան առողջության վրա,
  • ընտանիքի անդամների կողմից անձին տնից վռնդելու կամ ֆինանսական աջակցությունից զրկելու հավանականություն։

Անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել այն բոլոր ռիսկերը, որոնք կարող է պարունակել քամինգ աութը։ Այնուամենայնիվ, ինչքան էլ որ դժվար է այդ քայլին գնալը, պետք է հաշվի առնել, որ այն բարելավում է ԼԳԲՏ անձանց կյանքի որակը և նպաստում է նրանց անձնական աճին։ Ինչպես ասում են՝ անձրևից հետո միշտ էլ ծիածան է բացվում։