2023թ-ին արձանագրված ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների կիսամյակային ամփոփում

03-08-2023

2023 թ․ հունվարից հունիս ամիսների ընթացքում Փինքի իրավաբանները և փաստաբանները տրամադրել են շուրջ 180 իրավաբանական խորհրդատվություն և արձանագրել են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության նկատմամբ խտրականությամբ զուգորդված 18 իրավախախտում։ Փինքը արձանագրված դեպքերի վերաբերյալ համապարփակ զեկույց է պատրաստում յուրաքանչյուր տարի, ինչպես նաև հրապարակում է իրավիճակի ամփոփ նկարագիր տարվա առաջին վեց ամիսների վերաբերյալ։

Փինքը ԼԳԲՏ անձանց տրամադրում է իրավախախտումների տուժող անձանց պատշապնություն և վերականգնում նախատեսող մի շարք ծառայություններ, ինչպիսիք են հոգեբանի, սոցիալական աշխատողի, իրավաբանի և փաստաբանի աջակցությունը։ Տրամադրված խորհրդատվությունների արդյունքում իրավախախտման դեպքի արձանագրման պարագայում ներգրավվում է նաև փաստաբան, ով անվճար հիմունքներով տուժողի շահերն է ներկայացնում իրավունքների պաշտպանության դատական և արտադատական մարմիններում։ Մասնավորապես, կազմակերպության փաստաբանները իրավախախտումներից տուժած անձանց հետ այցելում են ոստիկանության և քննչական բաժիններ, դատարաններ, որպեսզի պաշտպանեն նրանց շահերը։ Հնարավորության դեպքում խնդիրները լուծվում են նաև փոխհատուցման և հաշտեցման միջոցով՝ առանց դատական մեխանիզմների կիրառման։

Իրավաբանական ծառայությունները հասանելի են ոչ միայն ԼԳԲՏ անձանց, այլ նաև նրանց հարազատների, ընկերների, ընտանիքի անդամների համար, ովքեր խտրականության զոհ են դարձել անձի հետ ասոցացման կամ կապի պատճառով։ Ինչպես նշվեց, 2023 թվականի հունվարից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում խորհրդատվություն է տրամադրվել 180 անգամ․ տուժողներին խորհրդատվություն է տրամադրվել և թեժ գծի միջոցով, և անձամբ՝ կազմակերպության համայնքային կենտրոնում, ինչը թույլ է տալիս մասնագետի և շահառուի միջև վստահության մթնոլորտ ձևավորել և աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել։

2023 թ․ առաջին կիսամյակում կազմակերպության իրավաբանների և փաստաբանների կողմից ներկայացուցչություն է իրականացվել 19 անգամ։ Նրանք սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության ենթարկված անձանց հետ այցելել են իրավապահ մարմիններ և ներկայացրել են տուժածների շահերը՝ պաշտպանելով նրանց իրավունքները։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից արձանագրված իրավախախտումների թիվը չի արտացոլում Հայաստանում ԼԳԲՏ անձնանց նկատմամբ բռնության դեպքերի ամբողջական պատկերը։

Հաճախ տուժողները անտարբեր են իրանց նկատմամբ խտրականության դրսևորումներին՝ համակերպվելով այն հանգամանքի հետ, որ հասարակության շրջանում առկա կարծրատիպային և խտրական վերաբերմունքը դրսևորվում է շատ ոլորտներում և դա ընկալելով որպես առկա նորմալ երևույթ։ Մյուս կողմից այս համակերպումը ևս կարելի է բնորոշել որպես ոչ պատշաճ պաշտպանության արդյունք, երբ տուժողը այլևս չի ընկալում, որ պետությունը պետք է իրեն տրամադրի իրավական պաշտպանություն՝ անկախ իր անձնական որևէ հատկանիշից։ Մյուս կողմից, տուժողները գիտակցաբար չեն վստահում իրավակիրառ մարմիններին։ պատճառն այն է, որ հաճախ ԼԳԲՏ անձինք կրկնազոհացվում և վատ վերաբերմունքի են արժանանում նաև իրավապահ մարմինների կողմից կամ իրենց վերաբերյալ անձնական տեղեկատվության գաղտնիությունը չի ապահովվում։ Անպատժելիության այս մթնոլորտի մասին է վկայում նաև Փինքի կողմից տարիներ շարունակ հրապարակվող զեկույցներն առ այն, որ տասնյակ դեպքերում իրավախախտները պատասխանատվության չեն կանչվում կամ ենթարկվում են անհամեմատ մեղմ պատժի։ Պատահում է նաև, որ կազմակերպությունը սահմանափակ տեղեկատվություն է ստանում որոշ իրավախախտումների մասին, սակայն դեպքերի մանրամասները պարզել հնարավոր չի լինում, ուստի այդ դեպքերը չեն արձանագրվում և հրապարակվում՝ կազմակերպության վիճակագրությունների արժանահավատությունը ապահովելու համար։

ԼԳԲՏ անձինք խորհրդատվություն են ստացել հետևյալ թեմաներով․

  • անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների ապօրինի տարածում,
  • սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության նկատմամբ խտրականության դրսևորումներ,
  • ֆիզիկական, սեռական բռնության, խոշտանգումների դեպքեր,
  • ընտանեկան բռնություն, դրանից պաշտպանվելու իրավական եղանակներ,
  • զինվորական ծառայության հետ կապված հարցեր,
  • ատելության խոսքի դրսևորումներ,
  • անձնագիր, կացության կարգավիճակ, վիզա ստանալու վերաբերյալ հարցեր,
  • քրեական գործով անցնելիս տուժողի, մեղադրյալի, իրավապահ մարմինների իրավունքներ և պարտականություններ,
  • ամուսնության, ամուսնալուծության, ալիմենտի հետ կապված հարցեր,
  • փախստականի կարգավիճակ ստանալու, իրավունքների և պարտականությունների հետ կապված հարցեր,
  • տարբեր այլ իրավունքների հետ կապված հարցեր։

Արձանագրվել են հետևյալ իրավունքների խախտումներ՝

  1. Խտրականությունից զերծ լինելու իրավունք,
  2. Խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ լինելու իրավունք,
  3. Անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք,
  4. Մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք։

Իրավախախտումները դրսևորվել են ֆիզիկական և հոգեբանական բռնության, խուլիգանության, ոստիկանության ներկայացուցիչների կողմից լիազորությունների անցման և անմարդկային, վնաստացուցիչ վերաբերմունքի, անձնական տեղեկատվության տարածման տեսքով։ Արձանագրված 18 դեպքերից 5-ը ընտանեկան բռնության դեպքեր են, որոնք դրսևորվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական և տնտեսական բռնության տեսքով։

Դեպքերից երկուսի տուժողները սեռական ծառայություն տրամադրող տրանս անձինք են, ովքեր խոցելի են ոչ միայն իրենց գենդրային ինքնության, այլ նաև զբաղվածության պատճառով։

Արձանագրված դեպքերից ութի պարագայում մարդու իրավունքների խախտումները դրսևորվել են անմիջազպես պետական մարմինների կողմից, ինչպիսիք են ոստիկանությունը, հոգեբուժական հաստատությունը, զինկոմիսարիատը։ Մասնավորապես, երկու դեպքում ոստիկանությունը ապօրինի կերպով անձանց զրկել է ազատությունից և բերման ենթարկել ոստիկանության բաժին։ Չորս դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունք է տեղի ունեցել տուժողների նկատմամբ ոստիկանության բաժնում՝ ֆիզիկական և հոգեբանական բռնության, նվաստացման միջոցով։ Մեկ այլ դեպքում անձը ֆիզիկական բռնության է ենթարկվել հոգեբուժական հաստատության կողմից՝ իր սեռական կողմնորոշման պատճառով։ Եվս մեկ դեպքում անձի կողմնորոշման վերաբերյալ տվյալները փոխանցվել են ընտանիքի անդամներին։

Մյուս երեք դեպքերում անձինք ֆիզիկական բռնության կամ խուլիգանության զոհ են դարձել փողոցում՝ անծանոթների կողմից՝ իրենց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով, ինչի պատճառը եղել է նրանց արտաքին տեսքը և ասոցացումը ԼԳԲՏ անձանց հետ՝ հասարակության նախապաշարմունքների և կարծրատիպերի հիման վրա։

Անդրադառնալով իրավապահ մարմիններին դիմելու և իրավապահների վերաբերմունքի խնդրին՝ ԼԳԲՏ անձինք այս տարի ևս խուսափում են դիմել իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, քանի որ մտավախություն ունեն, որ կենթարկվեն խտրականության, կամ այնպես է ստացվել, որ նախկինում ենթարկվել են խտրականության իրավապահների կողմից, կամ էլ ծանոթ են իրենց այն ընկերների պատմություններին, որոնք ևս ենթարկվել են խտրականության։ Այլ կերպ ասած՝ ԼԳԲՏ անձինք չեն հավատում, որ ոստիկանները և քննիչները կպաշտպանեն իրենց իրավունքները, և որ հանցավորները պատժի կենթարկվեն։

Հատկանշական է, որ մարդու իրավունքների բոլոր ոտնահարումները տեղի են ունեցել խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտման հետ համակցված։ Այնուամենայնիվ, որևէ դեպքում արարքը իրավակիրառ մարմինների կողմից չի որակվել որպես ատելության շարժառիթով հանցագործություն։

Ամփոփում

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում դեռևս շարունակվում են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ու արտահայտման հիմքով խտրականության, բռնության դեպքերը, և չնայած նրան, որ կազմակերպությունը ապահովում է համայնքի իրավական տեղեկացվածությունը և իրականացնում է տուժածների ներկայացուցչությունը, այնուամենայնիվ, խտրականության կանխարգելման հարցում համակարգային փոփոխությունները հնարավոր են միայն պետության ձեռնարկած արդյունավետ քայլերի միջոցով։

2022թ-ի հուլիսին ուժի մեջ մտավ նոր քրեական օրենսգիրքը, որը ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանության մեխանիզմների առումով դրական գնահատվեց այն առումով, որ նախատեսում էր խտրականության արգելք և առավել լայն կարգավորում սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների համար։ Միևնույն ժամանակ, ամփոփելով իրավիճակի վերաբերյալ վերլուծությունը, կարող ենք եզրակացնել, որ նոր քրեական օրենսգիրքը ևս արդյունավետ իրավական պաշտպանության մեխանիզմ դեռևս չի կարող համարվել։ Փինքը շարունակելու է օրենսդրության պատշաճ կիրառման ուղղությամբ քայլերն ու դրա մոնիթորինգը՝ ապահովելու համար ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանություն։

Հիշեցնենք, որ կարող եք իրավաբանական խորհրդատվություն ստանալ՝ այցելելով կազմակերպություն կամ զանգահարելով մեր իրավաբանական թեժ գծին (099-522-533)։