2025 թ. առաջին կիսամյակում արձանագրված դեպքերի ամփոփ նկարագիր
08-09-2025
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2025 թ.-ի ընթացքում շարունակել է իրավաբանական, սոցիալական աշխատողի աջակցության և հոգեբանական ծառայություններ տրամադրել ԼԳԲՏ+ անձանց։ Սույն ամփոփագիրը ներկայացնում է 2025 թ. առաջին կիսամյակում ԼԳԲՏ+ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ փաստագրված դեպքերի վիճակագրությունը և վերլուծությունը։ Իրականացված աշխատանքի արդյունքում փաստագրված տվյալները ենթարկվում են վերլուծության և հիմք են հանդիսանում տարեկան զեկույցի կազմման, որն արտացոլում է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների խախտումների ընդհանուր նկարագիրը։
Սույն ամփոփագիրը ներառում է ԼԳԲՏ+ անձանց իրավիճակը 2025 թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում՝ հիմնվելով կազմակերպության մասնագետների կողմից արձանագրված մարդու իրավունքների ոտնահարումների վերլուծության վրա։
Այսպիսով, Կազմակերպության մասնագետների կողմից իրականացվել է 453 հոգեբանական խորհրդատվություն 70 անձի հետ, 89 սոցիալական աշխատողի խորհրդատվություն 67 անձի հետ, 113 իրավաբանական խորհրդատվություն 92 անձի հետ։
Խորհրդատվությունների ընթացքում արձանագրվել են մարդու իրավունքների ոտնահարումների դեպքեր, որոնք արձանագրվել են տուժողի համաձայնությամբ՝ իր իսկ հայտնած տվյալների հիման վրա։ Այն դեպքերը, որոնց տուժողը համաձայնություն չի տվել դեպքը արձանագրելու համար, արտացոլված չեն ամփոփագրում։ Հարկ է նշել նաև, որ անձինք, իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին տեղեկատվության տարածման վախից ելնելով միշտ չէ, որ դիմում են որևէ պաշտպանության։ Բարձր է անվստահությունը, հատկապես, իրավապահ մարմինների նկատմամբ, այդ իսկ պատճառով, տուժողները իմաստ չեն տեսնում դիմել իրավական պաշտպանության որևէ միջոցի, հետևաբար նաև՝ հաճախ նպատակահարմար չեն գտնում հասարակական կազմակերպություններին դիմելը։ Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ կազմակերպության կողմից արձանագրված դեպքերի մեծամասնությունը դուրս է բերվում սոցիալական աշխատողի խորհրդատվությունների միջոցով, իսկ տուժողները հրաժարվում են իրավաբանական աջակցությունից։ Իսկ իրավաբանական աջակցություն ստացած անձանցից քչերն են համաձայնում բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին։
2025 թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում փաստագրվել է իրավախախտումների 17 դեպք, որոնցից իրավապահ մարմիններին է հաղորդվել միայն չորսը, սակայն տուժողներից մեկը հետագայում հրաժարվել է բողոքից։
Իրավապահ մարմինների նկատմամբ անվստահությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով, որոնցից հիմնականը՝ քննության անարդյունավետությունն է։ Այսինքն, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով հանցագործությունների դեպքերն ի սկզբանե ճիշտ իրավական որակում չեն ստանում, հաշվի չի առնվում բռնարարի շարժառիթն ու արարքի բոլոր հանգամանքները, քննության ընթացքը հատում է ողջամտության սահմանները, և այդպես էլ՝ ի վերջո չի հանգեցնում տուժողի իրավունքների վերականգնման։ Անվստահության հաջորդ պատճառը հենց ոստիկանության կողմից դրսևորվող վերաբերմունքն է, որը «լավագույն դեպքում» անգործությունն է, իսկ հաճախ նաև ուղղակի ոտնձգությունը։ Այս տարվա ընթացքում ևս արձանագրվել են հետևյալ դեպքերը․
ոստիկանների կողմից իրենց լիազորությունների անցում,
անձի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորում,
ոչ պատշաճ արձագանք երրորդ անձանց կողմից դրսևորված վատ վերաբերմունքին, և այլն։
Ընտանեկան բռնություն
Արձանագրված դեպքերից 6-ը ընտանեկան բռնության դեպքեր են։ Ընդ որում, դրանցից 2-ում տուժողն անչափահաս անձ է։
Անչափահաս անձանց պաշտպանությունն առավել բարդ է քանի որ բռնարարը փաստացի հանդիսանում է անձի օրինական ներկայացուցիչը, և հաշվի առնելով իրավապահ մարմինների ոչ զգայուն վերաբերմունքը տուժողների նկատմամբ, քննության արդյունավետությունը բավականին ցածր է։ Մասնավորապես, հաճախ իրավապահ մարմինների կողմից ուղղակի կամ անուղղակի կերպով դատապարտվում է անչափահաս անձի կողմից ծնողների դեմ բողոքի ներկայացումը` արդարացնելով ծնողական բռնությունը` որպես դաստիարակչական միջոց։ Գրեթե բոլոր դեպքերում բռնության ենթարկված երեխաները շարունակում են բնակվել բռնարարի հետ, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում և նվազեցնում որևէ միջոց ձեռնարկելու ցանկությունը։
Ընտանեկան բռնության դեպքերից 3-ը կոնվերսիոն պրակտիկաների դեպքեր են։
Մասնավորապես երկու դեպքում` տուժողների ծնողները նրանց տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոններ՝ փորձելով գտնել «բուժում» նրանց սեռական կողմնորոշման դեմ։
Այսպես, իհարկե, գործ ունենք ոչ միայն ծնողի կողմից բռնության հետ, այլ նաև հոգեբան և հոգեբույժ մասնագետների մասնագիտական ոչ կոմպետենտության հետ, որոնք, օգտագործելով իրենց հասանելի միջոցները, անձանց նշանակել են հոգեկան և ֆիզիկական առողջությունը վտանգող դեղեր՝ նրանց «բուժման նպատակով»։ Անձի սեռական կողմնորոշման փոփոխությանն ուղղված միջոցառումները ինքնին համարվում են անմարդկային վերաբերմունք` հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը անձի հոգեկան ամբողջականության վրա և ծանր տառապանք պատճառելու ռիսկը։ Իսկ դեղամիջոցների նշանակումը լուրջ վնաս կարող էր հասցնել տուժողների հոգեկան առողջությանը։
Այսպիսով, կարելի էր եզրակացնել, ու կոնվերսիոն պրակտիկաներն իրենց բնույթով ունեն վտանգավորության այնպիսի աստիճան, ու ենթակա են պետական մարմինների կողմից հատուկ ուշադրության, ինչը պետք է ներառի մի կողմից իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, մյուս կողմից՝ մասնագետների գործունեության նկատմամբ վերահսկողություն և վնասակար, ոչ գիտահեն «փորձերի» կանխարգելում։
Ֆիզիկական բռնություն
Արձանագրվել էր ֆիզիկական բռնության 4 դեպք, որոնցից երկուսը` սեռական ծառայություններ տրամադրող տրանս անձանց նկատմամբ։ Հատկանշական էր, որ տրանս անձանց նկատմամբ բռնությունների, ընդհուպ մինչև առողջությանը ծանր վնաս հասցնելու և սպանության դեպքերը, որոնք արձանագրվել են նախորդ տարիներին, այդպես էլ որևէ ազդեցություն չեն ունեցել պետական մարմինների քաղաքականության վրա և չի ձեռնարկվել որևէ միջոց` բարձրացնելու պաշտպանության մակարդակը։ Ավելին, իրավապահ մարմինների կողմից նախորդ դեպքերի քննության ընթացքում հաշվի չեն առնվել իրավախախտների հնարավոր ատելության շարժառիթի վերաբերյալ ցուցիչները, նրանք պատասխանատվության են ենթարկվել հնարավորինս մեղմ ձևով կամ ազատվել են պատասխանատվությունից։ Միևնույն ժամանակ, աղմուկ բարձրացրած բռնության դեպքերը, որպես կանոն սոցիալական ցանցերում հրահրում են ատելության և թշնամանքի խոսք, բռնության արդարացում և հետագա բռնության կոչեր, ինչն էլ ավելի է խորացնում անպատժելիության մթնոլորտը և սրում ԼԳԲՏ+ անձանց վախերը։
Ֆիզիկական բռնության մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել անծանոթ անձի կողմից, ով իբրև թե սեռական հարաբերություն ունենալու նպատակով հանդիպման հրավիրելով, փորձել է մոլորեցնել տուժողին և փողոցում բռնության է ենթարկել։ Բռնության դեպք էր արձանագրվել նաև անձի բնակավայրում` հարևանների կողմից։
Այսպիսի դեպքերում բռնարարները գործում են ելնելով այն կանխավարկածից, որ իրենց արարքը արդարացվում է հասարակության կողմից և որ իրենց պատասխանատվության չեն ենթարկի` հաշվի առնելով տուժողի ինքնությունը։ Նման դեպքերում տուժողները նաև էլ ավելի խոցելի են այն պատճառով, որ չունենալով իրավապահ մարմինների աջակցությունը և փաստացի չունենալով հասանելիություն արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների, հաճախ հրաժարվում են անգամ որևէ մարմնի բողոք ներկայացնելուց։
Ոստիկանության կողմից լիազորությունների չարաշահում
Իրավապահ մարմինների կողմից անձանց պաշտպանելու պարտավորության ձախողումը, իհարկե, ձևավորում է անպատժելիության մթնոլորտ, սակայն ԼԳԲՏ+ անձանց էլ ավելի խոցելի և վտանգված է դարձնում հենց ոստիկանության կողմից կատարված ոտնձգությունը։ Այսպիսի արարքները խորացնում են անվստահությունը և գիտակցումը, որ իրավական պաշտպանության պետական մեխանիզմները չեն ծառայում իրենց նպատակին։
Իրավապահ մարմինների կողմից ուղղակիորեն լիազորությունների անցման մեկ դեպքի մասին էր հաղորդվել։ Երրորդ անձանց կողմից բռնության դեպքերում արձանագրվել էր նաև ոստիկանության կողմից անտարբեր վերաբերմունքի և անտեսման դեպքեր։
Շորթումև սպառնալիք
Արձանագրվել է մեկ շորթման և մեկ սպառնալիքի դեպք։ Հաշվի առնելով ԼԳԲՏ+ անձանց խոցելիությունը և վախը` կապված սեռական կողմնորոշման բացահայտման ու դրա հնարավոր հետևանքների հետ․ շորթման դեպքերը տարածված երևույթ են։ Այսպիսի դեպքերի դեմ պայքարը ներառում է ոչ միայն առանձին դեպքերի արդյունավետ քննություն, այլ նաև ընդհանուր հասարակական վերաբերմունքի փոփոխությամբ ուղղված միջոցառումներ, ինչի արդյունքում անձինք չեն վախենա իրենց սեռական կողմնորոշման բացահայտումից և ավելի պաշտպանված կլինեն։
Խտրականություն աշխատանքի ոլորտում
Արձանագրվել է դեպք, երբ անձը չի կարողացել աշխատանք գտնել իր սեռական կողմնորոշման պատճառով։ Խտրականության այսպիսի դեպքերը բավականին դժվար ապացուցելի են, հատկապես երբ խոսքը վերաբերում է ոչ թե աշխատանքային հարաբերությունների դադարեցմանը, այլ` աշխատանքի չընդունելուն։ Այդ իսկ պատճառով նման խտրականությունից տուժած անձինք հիմնականում որևէ պաշտպանության միջոցի չեն դիմում և որևէ մարմնի չեն հայտնում այդ մասին, ներառյալ` հասարակական կազմակերպություններին։
Պոռնոգրաֆիկ նյութերի վաճառք
Արձանագրվել է մեկ դեպք, երբ անձից գաղտնի նկարահանվել է սեռական հարաբերությունը և վաճառվել, ինչը պատահական է հայտնի դարձել։
Զուգընկերային բռնություն
Արձանագրվել է նախկին զուգընկերոջ կողմից բռնության մեկ դեպք։ Այսպիսի դեպքերում ևս ԼԳԲՏ+ անձինք չեն դիմում իրավական պաշտպանության` ունենալով վախեր, որ իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին տեղեկությունը կտարածվի, իրենք ծաղրի և ըստ էության նվաստացուցիչ վերաբերմունքի կարժանանան վարույթի ընթացքում։ Այս մտահոգությունները պայմանավորված է նաև իրավապահ մարմինների կարողությունների բացակայությամբ` քննելու ԼԳԲՏ+ անձանց անձնական կյանքին վերաբերող դեպքեր` ցուցաբերելով զգայուն վերաբերմունքը և չխախտելով մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը։
Չնայած նրան, որ ընտանեկան բռնության դեմ օրենսդրությունը արդեն իսկ նախատեսում է զուգընկերոջ կողմից բռնությունը և փաստացի հող է ստեղծում արդյունավետ պաշտպանության համար, սակայն այն առավելապես կախված է իրավակիրառ մարմինների գործելակերպից։
Եզրակացություն
Այսպիսով, հաշվի առնելով արձանագրված դեպքերի բնույթը, կարելի էր պնդել, որ 2025 թ.-ին ևս ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վիճակի փոփոխություն չի արձանագրվել։ ԼԳԲՏ+ մարդկանց իրավունքները շարունակում են խախտվել կյանքի տարբեր ոլորտներում։ Միևնույն ժամանակ խորանում է անվստահությունը իրավակիրառ մարմինների նկատմամբ և էլ ավելի քիչ դեպքերում են տուժողները ահազանգում իրենց նկատմամբ գործադրված բռնության մասին։
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, այնուամենայնիվ, շարունակում էր ջանքերը մի կողմից պետական մարմինների ուշադրությունը համակարգային խնդիրների վրա սևեռելու ուղղությամբ, մյուս կողմից ԼԳԲՏ+ մարդկանց է տրամադրում աջակցության այնպիսի շրջանակ, որը բազմակողմանիորեն հաշվի է առնում նրանց կարիքները։ Իրավախախտումներից տուժած անձինք ստանում են մի կողմից փաստաբանական աջակցություն` մինչև գործերի քննության ավարտը։ Զուգահեռաբար, անձինք հնարավորություն ունեն ստանալու հոգեբանական աջակցություն` հաղթահարելու դժվարությունները և վերականգնելու համար հոգեկան առողջությունը։ Կյանքի դժվար իրավիճակները հաղթահարելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքներ է տանում նաև սոցիալական աշխատողը։
Կոչ ենք անում ԼԳԲՏ+ անձանց շարունակել բարձրաձայնել ցանկացած իրավախախտման դեպք` ստանալու համար անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն և խթանելու համար իրավակիրառ մարմինների աշխատանքը։
Կազմակերպությունը կարևորում է պետության պարտավորությունների արդյունավետ իրագործումը և նախատեսում է շարունակել համագործակցությունը համապատասխան մարմինների հետ։