Լրամփոփ | օգոստոս 2025

01-09-2025

Առողջապահության նախարարությունը սկսել է ճնշումներ գործադրել Փինք ՀԿ-ի հիմնադիրի նկատմամբ

Մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և խստորեն դատապարտում ենք իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանի նկատմամբ իրականացվող անօրինական և անհիմն ճնշումները, որոնք կապված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշման հետ։

ՄՀՀ էթիկայի հանձնաժողովը չարաշահել է իր լիազորությունները, խախտել է արդար գործընթացի սկզբունքները և կիրառել է պատժամիջոց՝ առանց օրինական հիմքի։ Ակնհայտ է, որ այս գործընթացը միտված է քաղաքացիական վերահսկողության թուլացմանը։ Քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի՝ պահանջելու պետական մարմիններից թափանցիկություն և հաշվետվողականություն։

Տես հայտարարությունը։

ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր

Oգոստոսի 3-ին նշեցինք ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր: Այս օրը կարևոր է, քանի որ այն ընդգծում է ԼԳԲՏ+ անձանց հավասար իրավունքների և պաշտպանության համար մղվող շարունակական պայքարը Հայաստանում:

Օրվա նախապատմությունը կապված է 2018 թ․ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տեղի ունեցած բռնության դեպքի հետ երբ, թվով ինը երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ+ ակտիվիստներ, բռնության են ենթարկվել ավելի քան 20 անձի կողմից՝ իրենց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով։ Իսկ դեպքի քննությունը շարունակվում է մինչ օրս։

Հրապարակեցինք երկու տեսանյութ

Օգոստոսին պատրաստեցինք և հրապարակեցինք երկու տեսանյութ։ Առաջինը ԼԳԲՏ+ անձանց տեսանելության մասին է, քանի որ տեսանելի լինելը կարող է դժվար լինել, բայց դրանից է սկսվում փոփոխությունը: Տեսանյութում Հռիփսիմեն և Մամիկոնը խոսում են ԼԳԲՏ+ անձանց տեսանելիության, դրա հետ կապված խոչընդոտների և առավելությունների մասին։ Ինչու՞ է կարևոր տեսանելի լինել և ինչպիսի՞ն է նրանց անձնական փորձը։

Երկորդ տեսանյութը մի պատում է ընտրությունների մասին, քանի որ կարևոր է մեր համայնքի հետ խոսել ընտրության իրավունքի մասին։ Ընտրությունները ժողովրդավարական երկրներում իշխանություն ձևավորելու միակ ճանապարհն են։ Շատերը, հատկապես երիտասարդները, տարբեր պատճառներով չեն մասնակցում ընտրություններին, և, հետևաբար, դուրս են մնում իշխանություն ձևավորելու գործընթացից։ Սա հանգեցնում է նրան, որ իշխանությունները չեն արտացոլում երիտասարդների կարիքները և շատ հաճախ չեն ներկայացնում նրանց։ Այս փոքրիկ պատումը այն մասին է, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մարդկանց մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին և ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։

Սկսում ենք լեզվի դասընթացներ

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ սկսել ենք «Աջակցելով միգրանտ, ապաստան հայցող և տեղահանված ԼԳԲՏ+ անձանց Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպում ենք հայոց լեզվի ուսուցման դասընթացներ, որոնք նախատեսված են պարսկերեն, անգլերեն կամ ռուսերեն հաղորդակցվող անձանց համար։

Կազմակերպում ենք նաև անգլերենի B1, B2 մակարդակի ուսուցման դասընթացներ։ Այն նախատեսված է անգլերենի սկսնակ մակարդակի գիտելիքներ ունեցող հայախոս ներքին միգրանտ կամ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ հանդիսացող շահառուների համար։

Սեռական ու վերարտադրողական առողջության ծառայությունների ոլորտում առկա կարիքները և խնդիրները․ հարցում

Փինքը «Վերարտադրողական առողջության և իրավունքի հարցերով զբաղվող ցանցի» հետ համատեղ իրականացնում է փոքր հարցում՝ հասկանալու սեռական ու վերարտադրողական առողջության ծառայությունների ոլորտում առկա կարիքները և խնդիրները։

Եթե ԼԲՏ+ կին, քվիր կամ ոչ բինար մարդ եք և վերջին տարիների ընթացքում դիմել եք գինեկոլոգ, ուրոլոգ, մաշկաբան կամ ոլորտի այլ մասնագետի սեռական և վերարատադրողական առողջության հարցերով, ապա խնդրում ենք կիսել ձեր փորձառությունը՝ լրացնելով հարցումը։

Ձեր անձնական տվյալների գաղտնիության պահպանումը կապահովվի։ Տվյալները կներկայացվեն ընդհանրական՝ ամփոփվելով հակիրճ զեկույցում մասնագիտական դաշտի ու պետականների շրջանում խնդիրները բարձրաձայնելու համար։