2025-ի ամենալավ 5 բաները
Յուրաքանչյուր տարվա ամփոփումը լի է մտորումներով, հույզերով, լավ ու վատի համեմատություններով։ Մենք առանձնացրել ենք անցնող տարվա 5 կարևորագույն իրադարձությունները, որոնք դրական ազդեցություն են ունեցել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության հարցում։
Համայնքում մարդիկ միշտ չէ, որ նկատում են այն հսկայական աշխատանքը, որ կատարվում է մեր կազմակերպության կողմից, և ընդհանրապես այն փոփոխությունները, որոնք լինում են իրավապաշտպանների ջանքերով։ Այս ամփոփումն օգնում է տեսնել այդ փոփոխությունները։
1․ Հաղթանակ Եվրոպական դատարանում
Տարին սկսեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) արձանագրած հերթական հաղթանակով։ Դատարանը հաստատեց, որ Հայաստանի օրենսդրությունը բավարար չափով չի պաշտպանում մարդկանց ատելության խոսքից և խտրականության հրահրումից։ Խոսքը 2014 թվականին «Իրավունք» թերթի կողմից մի խումբ անձանց նկատմամբ տարածված ատելության խոսքի ու խտրականության մասին էր։
Ինչո՞ւ է սա կարևոր. այս որոշմամբ պետությունը պարտավորվում է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ստեղծի գործուն մեխանիզմներ՝ մարդկանց ատելության խոսքից պաշտպանելու համար։ Հատկանշական է, որ Եվրադատարանում ԼԳԲՏ+ անձանց հիմնահարցերի թեմայով Հայաստանի դեմ երկու կարևոր որոշումներն էլ կայացվել են Փինք ՀԿ-ի ներկայացրած գործերի հիման վրա։
2․ Հոբելյանական «Ծիածան» ֆորումը
Հունիսին անցկացվեց 10-րդ «Ծիածան» ֆորումը։ 2015 թվականից սկսած այս միջոցառումը դարձել է ԼԳԲՏ+ համայնքի համար կարևորագույն ակտիվիստական միջավայր։ Այն տարիների ընթացքում ձևավորել է հիշողություն, սոլիդարություն և նոր հնարավորությունների դաշտ։
ԼԳԲՏ+ շարժման հզորացման ու տոկունությանն ուղղված այս կարևոր միջոցառումը նոր ճանապարհներ է բացում ակտիվիստների և համախոհների համար՝ միավորելու իրենց ջանքերը հանուն ԼԳԲՏ+ անձանց բարօրության ու պաշտպանվածության։
Հոբելյանական 10-րդ Ծիածան ֆորումը ոչ միայն վերականգնեց շարժման հիշողությունը, այլ նաև հնարավորություն տվեց նայել առաջ։ Այս ֆորումն ապացուցեց, որ ապահով տարածքները ոչ թե պարզապես հայտնվում են, այլ ստեղծվում են մեր ջանքերով։ Այն հիշեցրեց, որ շարժման շարունակականությունը կախված է մեր վստահությունից, պատասխանատվությունից և ավելի արդար աշխարհ ունենալու ձգտումից։
3․ Օգնող մասնագետները շատանում են
15 տարի առաջ, երբ մենք նոր էինք սկսում աշխատել մասնագետների հետ, դժվար էր պատկերացնել այսպիսի արդյունք։ Այսօր մասնագետների հետ աշխատանքի արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ մոտ 500 հոգեբանի, սոցիալական աշխատողի, հոգեբույժի, սեքսոլոգի, էնդոկրինոլոգի և այլ օգնող մասնագետների հետ որոշակի աշխատանք ենք տարել և ունենք սերտ համագործակցություն։
Այս տարի անցկացրեցինք նաև «Գենդերային ուսումնասիրությունների և սեռականության 2-րդ հայկական կոնֆերանսը», որտեղ 15 բանախոսներ կիսվեցին իրենց հետազոտություններով, պրակտիկ փորձառությամբ և գիտելիքներով։
Ի դեպ, Փինքում աշխատում են Հայաստանի լավագույն հոգեբաններն ու սոցիալական աշխատողները։ Սա ասում ենք ոչ թե պարզապես գովելու համար, այլ որովհետև նման զգայուն թեմաներով աշխատելու համար պահանջվում են լավագույն կրթություն, վերապատրաստումներ, մեծ փորձ և մարդկային ամուր արժեքներ։
4. Միջազգային առաջարկություններ՝ Փինքի զեկույցների հիման վրա
ՄԱԿ-ի կողմից Հայաստանի մարդու իրավունքների վիճակի պարբերական դիտարկման ժամանակ բազմաթիվ պետություններ կոչ արեցին մեր երկրին վճռական քայլեր ձեռնարկել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության համար։
Առաջարկությունների հիմնական շեշտադրումը վերաբերում էր համապարփակ հակախտրական օրենսդրության ընդունմանը, որը հստակ կերաշխավորի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով պաշտպանությունը։ Սա արտահայտում է միջազգային աճող սոլիդարությունը նրա շուրջ, որ ԼԳԲՏ+ անձանց իրավունքները պետք է լիարժեքորեն ներառված լինեն Հայաստանի մարդու իրավունքների ընդհանուր օրակարգում։
Մեր կազմակերպության ներկայացրած փաստահեն զեկույցները հիմք են հանդիսանում այս կարևոր առաջարկությունների համար։
5․ Հպարտության ամսվա ամենաջերմ առիթը․ Հպարտության ճամբար
5-րդ Հպարտության ճամբարը ևս ոչ պակաս հոբելյանական էր։ Ամեն տարի Հպարտության ամիսն ամփոփել ենք այս հավաքով, որը ներառել է ԼԳԲՏ+ համայնքի համար կարևոր թեմաների քննարկումներ։ Անձնական ու հուզական թեմաներից սկսած մինչև անվտանգության ու առողջության հարցերի վերաբերյալ քննարկումները վարում էին ինչպես Փինքի աշխատակիցները, այնպես էլ կազմակերպության հետ համագործակցող այլ մասնագետները։
Սակայն մասնակիցների համար ամենահիշվողը մնում է ջերմ մթնոլորտը՝ խարույկի շուրջ հնչող կիթառի ձայներն ու սիրելի երգերը։ Նման մտերմիկ միջավայրը, հոգատարությունն ու ընկերությունը համայնքի տոկունության ամենակարևոր մասնիկներն են։
Ամփոփելով տարին՝ ցանկանում ենք շնորհավորել մեր սիրելի ԼԳԲՏ+ համայնքի և համախոհների ամանորը։ Մենք ձեզ տեսնում ենք, ձեր կողքին ենք ու սիրում ենք ձեզ: Թող 2026-ը լինի նոր ձեռքբերումների ու խիզախության տարի:
Այլ նորություններ
Նորությունների բաժին