Կազմակերպեցինք մեր տարեկան աշխատանքային պլանավորումը

21-01-2026

Հունվարի 16-ից 19-ը Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպության թիմը անցկացրեց աշխատանքային պլանավորում՝ նպատակ ունենալով վերանայել կազմակերպության ռազմավարական ուղղություններից բխող գործողությունները, ուժեղացնել ներքին համակարգերը և նախապատրաստվել առաջիկա զարգացումներին։ 

Պլանավորման ընթացքում թիմը համատեղ անդրադարձավ կազմակերպության ինքնությանը և զարգացման տեսլականին՝ ձևակերպելով, թե ինչ արժեքների և առաջնահերթությունների շուրջ է կառուցվելու կազմակերպության գործունեությունը առաջիկա տարիներին։ Քննարկումների արդյունքում հստակեցվեցին ԼԳԲՏ+ համայնքի հետ աշխատանքի մոտեցումները և այն չափանիշերը, որոնք կարևոր են թե՛ շահառուների, թե՛ թիմի անվտանգության համար։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Փինքի ծառայությունների որակին․ վերանայվեցին գործող մեխանիզմները, գործընկերային ցանցը և այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ է ընդլայնել նոր խմբերին հասանելիությունը ապահովելու համար։ Պլանավորման կարևոր բաղադրիչ էր կազմակերպության կայունության ապահովման հարցը։ Թիմը քննարկեց ֆինանսական և ինստիտուցիոնալ կայունության հնարավոր մոդելներ՝ նպատակ ունենալով երկարաժամկետ հեռանկարում ապահովել Փինքի շարունակական և անկախ գործունեությունը։ Առանձին քննարկման թեմա դարձավ 2026 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համատեքստում ԼԳԲՏ+ մարդկանց իրավունքների հետ կապված ռիսկերը։ Մշակվեցին հնարավոր սցենարներ և նախանշվեցին գործողություններ՝ համայնքի իրավունքների պաշտպանության ու իրավիճակի տարբեր զարգացումների դեպքում։ 

Այս աշխատանքային պլանավորումը հնարավորություն տվեց համադրել թիմի փորձն ու տեսլականը, ամրապնդել համատեղ պատասխանատվությունը և ձևավորել հստակ ուղենիշներ, որոնք կուղեկցեն Փինքի աշխատանքը 2026 թվականին։