Հանրային արշավների իրականացման փոքր դրամաշնորհներ
Հայտարարում ենք հանրային արշավի իրականացման փոքր դրամաշնորհների մրցույթ։ Ընդունվում են հանրային արշավների ծրագրային առաջարկներ՝ 2026 թվականի մայիսին (Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա՝ IDAHOBIT-ի շրջանակներում) կամ հունիսին (Հպարտության ամսվա շրջանակներում) հանրային արշավներ իրականացնելու համար, և առավելագույնը 1.000.000 ՀՀ դրամ բյուջեի սահմաններում։
Դրամաշնորհին կարող են դիմել այն անհատները, խմբերը կամ կազմակերպությունները, որոնց հանրային արշավի գաղափարները կապված են ԼԳԲՏ+ անձանց իրավունքների, տեսանելիության, անվտանգության կամ առնչվող ոլորտների հետ։
Հանրային արշավը պետք է իրականացվի IDAHOBIT-ի կամ Հպարտության ամսվա շրջանակներում և ներառի հետևյալ ուղղություններից մեկը կամ մի քանիսը՝
- ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ատելության, խտրականության և բռնության դեմ իրազեկում,
- ԼԳԲՏ+ անձանց իրավունքների և իրավական պաշտպանության թեմաների հանրայնացում,
- ԼԳԲՏ+ անձանց տեսանելիության ու դրական դիսկուրսի խթանում Համայնքային համերաշխության և աջակցության խթանում,
- Արվեստի, սթորիթելինգի, մեդիայի կամ առցանց հարթակների միջոցով իրազեկման և հանրային խոսքի ձևավորում,
- ԼԳԲՏ+ շարժման նշանակալի օրերի և ուղերձների տարածում։
Նշված ուղղություններից տարբերվող հանրային արշավի գաղափարները կդիտարկվեն և կքննարկվեն, եթե դիմորդը ներկայացնի առաջարկվող գաղափարի իրականացման հրատապությունը, կարևորությունը և նպատակայնությունը։ Հանրային արշավի այն առաջարկները, որոնք չեն առնչվում սահմանված ուղղություններին, չեն դիտարկվի։
Հանրային արշավի առաջարկները կդիտարկվեն ու կգնահատվեն ըստ դուրս բերված կարիքի առաջնահերթության, խնդիրների և նպատակների հստակության, պլանավորված գործողությունների ու ակնկալվող արդյունքների համապատասխանելիության, ինչպես նաև իրականացման իրատեսականության։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է մարտի 31-ը։ Արդյունքների մասին կտեղեկացնենք մինչև ապրիլի 7-ը։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ուղարկել [email protected] էլ․ հասցեով։ Հանրային արշավի հիմնական գործողությունների իրականացման ժամկետը պետք է լինի 2026 թ․ մայիսի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում (համապատասխանաբար՝ IDAHOBIT-ի կամ Հպարտության ամսվա շրջանակներում)։
Հավելյալ տեղեկության համար կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել +374 60 377277 համարով երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00–18։00։

Այլ նորություններ
Նորությունների բաժին