Մեր զորակցությունն ենք հայտնում Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններին, ակտիվիստներին և ԼԳԲՏ+ համայնքին
Լուսանկարը՝ Transparency International Georgia-ի
Վերջին ժամանակաշրջանում Վրաստանի ներկա իշխանությունը հապճեպ օրենսդրական փոփոխություններ է կատարում, որով բռնություն է քարոզում և ճնշումներ կիրառում ոչ միայն քաղհասարակության ու ԼԳԲՏ+ համայնքի վրա, այլ նաև վտանգում է ողջ հասարակության ներկայացուցիչների մարդու իրավունքների պաշտպանությունը և երկիրը հեռացնում ժողովրդավարության ճանապարհից։
Մենք ցավով ենք արձանագրում ռուսական բռնապետության կողմից ստեղծված օրենքների վերարտադրումը Վրաստանում, որը վտանգավոր նախադեպ կարող է ստեղծել Արևելյան գործընկերության երկրների համար։
Վրաստանի իշխանությունների այս քաղաքականությունը` որպես ատելության խրախուսում ու կանաչ լույս դեպի անհանդուրժողականություն, ցավոք, արդեն իսկ ունեցավ իր հետևանքը։ Խորհրդարանի մեծամասնության կողմից օրենսդրական փոփոխությունների փաթեթի միակողմանի հաստատման հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ունեցած երիտասարդ տրանս կնոջ սպանությունը ոչ այլ ինչ է, քան դրա վկայությունը։
Լուսանկարը Կեսարիա Աբրամիձեի Ինստագրամի էջին
Փորձը ցույց է տալիս, որ ատելության հիմքով հանցագործությունները առավել ծանր կերպով դրսևորվում են այն պարագայում, երբ իշխանությունը օրենսդրության կամ քաղաքականության միջոցով ձախողում է խոցելի խմբերի համար իրավական պաշտպանության ապահովումը։ Հուսանք նմանատիպ դեպքերը արդյունավետ կերպով կկանխվեն և քաղաքացիները չեն տուժի պետության արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխության արդյունքում։
Մեր զորակցությունն ենք հայտնում Վրաստանի քաղաքացիական հասարակությանը, ակտիվիստներին ու ԼԳԲՏ+ անձանց և աջակցում բոլորի պայքարին՝ բեկանելու սույն օրենսդրական փոփոխությունները, որոնք միտում ունեն ճնշելու ազատ արտահայտման, հավաքների ազատության և այլ մարդու իրավունքները, լռեցնելու առավել խոցելի անձանց ձայները ու սահմանափակելու քաղաքացիների մարդու իրավունքները։
Մենք հույս ունենք, որ այս իրավիճակը շուտով կփոխվի Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, և երկրի ղեկավարումը կանցնի ժողովրդավար և մարդակենտրոն ուժերին։
Տոկունություն և համբերություն ձեզ։