Հոկտեմբերը՝ ԼԳԲՏ+ պատմության ամիս
Ամեն տարի հոկտեմբեր ամիսը նշվում է որպես ԼԳԲՏ+ պատմության ամիս։ Գաղափարը սկիզբ է առել ԱՄՆ-ում 1994 թվականին, և գաղափարի հեղինակը Միսսուրիի ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Ռոդնի Ուիլսոնն էր։ Նա կարծում էր, որ պատմության ամիսը պետք է նշվի հոկտեմբերին, քանի որ 1980-ականների վերջին հոկտեմբերի 11-ը հռչակվեց «Ազգային քամինգ աութի» օր, նաև 1997-ի հոկտեմբերին է տեղի ունեցել հանուն լեսբի և գեյ անձանց մարդու իրավունքների պաշտպանության առաջին Ազգային երթը Վաշինգտոնում: ԼԳԲՏ+ պատմության ամսվա ընթացքում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են համայնքի միավորմանը, համախմբմանը և առաջխաղացմանը։ ԼԳԲՏ+ համայնքը և աջակից կազմակերպություններն օգտագործում են պատմության ամիսը՝ ամփոփելու տարիների ձեռքբերումները և քննարկելու դեռևս առկա խնդիրները և լուծման տարբերակները։
Հայաստանում ԼԳԲՏ+ շարժման պատմության սկիզբը նշում ենք 1998-ին Լոս Անջելեսում առաջին հայկական կազմակերպության՝ Գալասի հիմնադրմամբ, որը նաև խորհրդանշում է շարժման ինստիտուցիոնալիզացումը։ Գալասի ստեղծումը մեծ նշանակություն ունեցավ նաև Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի համար։ Այն ստեղծվել է սփյուռքում ապրող մի խումբ ԼԳԲՏ հայերի կողմից, ովքեր փնտրում էին աջակցություն համայնքի ներսում, և 1998 թվականից ի վեր Գալասը հանդիսանում է հայկական ԼԳԲՏ+ համայնքի իրավահավասարության առաջատար ձայներից մեկը: Իսկ 2003 թվականին Հայաստանում նույնասեռական անձանց սեռական հարաբերությունների ապաքրեականացումն առաջին նշանակալի իրադարձությունն էր ու իրավունքների պաշտպանության պայքարի հիմնաքարը։
Այս տարի «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն ԼԳԲՏ+ պատմության ամսվա շրջանակներում սկսում է արշավ՝ վերհիշելով բոլոր նշանավոր իրադարձությունները, որոնք նպաստեցին Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի լսելի դառնալուն և իրավունքների պաշտպանության առաջընթացին։ Կազմակերպության կայքում կհրապարակվեն այն անկյունաքարային իրադարձությունները, որոնք ավելի ազդեցիկ են եղել շարժման կայացման գործում, և առանձին կներկայացվեն դրանք ողջ ամսվա ընթացքում կազմակերպության սոցիալական մեդիայի էջերում։ Բնականաբար, առանձնացված իրադարձությունները ԼԳԲՏ+ շարժման միայն մի մասն են կազմում և դրանցով չեն սահմանափակվում։