ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը «Փինք»-ն ընդդեմ Аysor.аm-ի գործով

26-01-2024

2023թ․ նոյեմբերի 23-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ տեղեկացնելով, որ Aysor.am լրատվական կայքում հրապարակված «Կամրջից իրեն նետել է նույնասեռական մի տղա»՝ 15.11.2023թ. նյութի ֆեյսբուքյան հրապարակման տակ շուրջ 900 մեկնաբանություն կա, որոնց գերակշռող մեծամասնությունը ատելության խոսք և վիրավորական արտահայտություններ է տարածում նույնասեռական անձանց նկատմամբ։

Բողոքում նշվել է, որ լրատվամիջոցը թե՛ նոյեմբերի 15-ի, թե՛ նոյեմբերի 21-ի հրապարակումների ֆեյսբուքյան հրապարակումների մեկնաբանությունները վերածվել են ատելության խոսքի և բռնության կոչերի տարածման հարթակների։ Լրատվականը չի վերահսկել մեկնաբանությունների դաշտը, ինչն էլ ուղղակիորեն նպաստել է ԼԳԲՏ+ անձանց հանդեպ ատելության և բացասական վերաբերմունքի ամրապնդմանը։ Լրատվականը օգտատերերին ո՛չ հորդորել է զերծ մնալ նման վարքից, ո՛չ էլ ջնջել կամ արգելափակել է դրանք։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, մինչ բողոքի առարկայական քննությունը, նոյեմբերի 24-ին դիմել է Aysor.am-ի խմբագրությանը՝ պարզաբանում ներկայացնելու առաջարկով, սակայն խմբագրությունն այդ նամակին չի պատասխանել։

Դիտորդական մարմինը, հաշվի առնելով ներկայացված փաստերը, օրենսդրական և էթիկական նորմերը, 2024 թ․ հունվարի 19-ին ներկայացրել է փորձագիտական կարծիք։ Բացի մի շարք փաստաթղթերից, Դիտորդական մարմինը հղում է կատարել Հայաստանի լրատվամիջոցերի և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրքին, ինչպես նաև «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը։

Դիտորդական մարմինն արձանագրել է, որ Aysor.am-ի՝ քննարկման առարկա նյութերի ֆեյսբուքյան հրապարակումների մեկնաբանություններում ԼԳԲՏՔ+ անձանց ուղղված ատելության խոսքի, խտրականության, վիրավորանքի բազմաթիվ դրսևորումներ կան, որոնք լրատվամիջոցի կողմից մոդերացիայի չեն ենթարկվել, ինչպես նաև Դիտորդական մարմնի դիմումը ստանալուց հետ մեկնաբանությունները չեն հեռացվել։

Դիտորդական մարմինը նաև արձանագրել է, որ «Փինք» ՀԿ-ն ատելության խոսք և խտրականություն սփռող մեկնաբանությունների մոդերացիայի հարցով չի դիմել Aysor.am-ի խմբագրությանը և հորդորել է լրատվամիջոցների հետ ծագող խնդիրների դեպքում նախ փորձել հարցը լուծել լրատվամիջոցի հետ անմիջական քննարկումների միջոցով։

Դիտորդական մարմինը հորդորել է Aysor.am-ի խմբագրությանը՝

  • մոդերացիայի ենթարկել սույն գործով քննարկման առարկա սոցցանցային հրապարակումները և հեռացնել ատելության խոսք և խտրականություն պարունակող մեկնաբանությունները և նույն կերպ վարվել նաև հետագա հրապարակումների պարագայում,
  • այս փորձագիտական կարծիքը հրապարակել իրեն հասանելի միջոցներով։