Դատարանը վարույթ է ընդունել Մամիկոն Հովսեփյանի հայցադիմումն ընդդեմ Առողջապահության նախարարության
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 07.11.2025 թվականին վարույթ է ընդունել իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության։ Հայցադիմումով պահանջվում է վերացնել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո գործող մարմնի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) 04.08.2025 թվականի որոշումը, որով վերջինիս նկատմամբ կիրառվել է նկատողություն և կասեցվել է նրա անդամակցությունը ՄՀՀ-ում։
Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելը փաստում է, որ ներկայացված պահանջները ենթակա են դատական քննության և բարձրացված հարցերը չեն կարող դիտարկվել որպես անհիմն կամ զուտ ներքին կարգապահական բնույթի խնդիր։
Հիշեցնենք, որ Մամիկոն Հովսեփյանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կապված են վերջինիս կողմից բազմիցս բարձրաձայնված մտահոգությունների հետ՝ առողջապահության ոլորտում հնարավոր ֆինանսական չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Դրանց վերաբերյալ պատշաճ արձագանքի փոխարեն նախաձեռնվել է էթիկայի գործընթաց, որի ընթացքում խախտվել են արդար ընթացակարգի, անաչառության և պաշտպանության հիմնարար սկզբունքները։1
Այս գործը կարևոր է ոչ միայն մեկ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլև քաղաքացիական վերահսկողության, ազատ արտահայտման և հանրային շահի պաշտպանության իրավունքների համար։ Այն վերաբերում է նաև այն հարցին, թե արդյոք իրավապաշտպան գործունեությունն ու հանրային կարևորության խնդիրների բարձրաձայնումը կարող են հանգեցնել վարչական ճնշումների՝ էթիկայի անվան տակ։
Դատական քննությունը կարող է կարևոր նախադեպ դառնալ՝ սահմանելու համար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների պաշտպանության իրական չափանիշները։
1 Հայտարարություն․ դատապարտում ենք իրավապաշտպանին լռեցնելու` Առողջապահության նախարարության փորձերը. https://pinkarmenia.org/news-events/ccm-statement/
Նկարում՝ նախարար Անահիտ Ավանեսյան, նախարարի տեղակալ Լենա Նանուշյան, Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող Ինեսսա Ասմանգուլյան
Այլ նորություններ
Նորությունների բաժին