ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր

02-08-2024

5-րդ տարին անընդմեջ oգոստոսի 3-ը նշվում է որպես ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օր: Այս օրը կարևոր է, քանի որ այն ընդգծում է ԼԳԲՏ+ անձանց հավասար իրավունքների և պաշտպանության համար մղվող շարունակական պայքարը Հայաստանում: Օրվա նախապատմությունը կապված է 2018 թ․ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տեղի ունեցած բռնության դեպքի հետ երբ, թվով ինը երիտասարդներ, այդ թվում՝ ԼԳԲՏ+ ակտիվիստներ, բռնության են ենթարկվել ավելի քան 20 անձի կողմից՝ իրենց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով։ Հենց այս դեպքն էլ հանդիսացել է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրվա հռչակման շարժառիթը։

Փինքը ուշադիր հետևել է այս գործի ընթացքին, սակայն ցավոք, այն շարունակում է անտեսվել Հայաստանի դատական համակարգի կողմից` մինչ օրս գործով քննությունը շարունակվում է, իսկ հանցավորներին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան կարևոր է բարձրաձայնել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

Ամեն տարի Փինքի կողմից արձանագրվում են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ատելությամբ զուգորդված բազմաթիվ հանցագործություններ և այլ իրավախախտումներ։ Այսպես, 2023 թ.-ին Փինքի փաստաբաններին և իրավաբաններին դիմել և խորհրդատվություն կամ տարբեր տեսակի իրավական աջակցություն են ստացել 260 անձ, իսկ արձանագրվել է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների խախտման 51 դեպք։

Նշվածը հաշվի առնելով կարևոր է ընդգծել ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականության դեմ երկարատև պայքարը՝ իրականացնելով տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ քննարկումներ և հանդիպումներ ոստիկանության, պատգամավորների, պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ, կազմակերպելով հանրային և առցանց արշավներ՝ ուղղված ԼԳԲՏ+ անձանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Տևական այս պայքարի արդյունքում ակնկալում ենք ունենալ մի հասարակություն, որտեղ բոլոր մարդկանց իրավունքները հավասար պաշտպանված են և յուրաքանչյուր ոք ազատ է՝ անկախ իր սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից։