Մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը ԼԳԲՏ+ անձանց իրավիճակին

01-04-2026

Մարտի 27-ին հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, որն ամփոփում է 2025 թ-ի ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների իրավիճակը, ինչպես նաև պաշտպանի գործունեությունը։

Պաշտպանը անդրադարձել է նաև ԼԳԲՏ+ անձանց իրավունքների իրավիճակին` հիմնվելով իր կողմից արձանագրված տվյալների վրա, ինչպես նաև` անդրադառնալով Փինք իրավապաշտպան ՀԿ-ի կողմից փոխանցված տվյալներին։ Վերլուծված տվյալները վկայում են, որ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում շարունակում են առկա լինել լուրջ և համակարգային խնդիրներ։

Մասնավորապես, արձանագրվում է, որ հասարակությունում լայնորեն տարածված է հոմոֆոբ և տրանսֆոբ վերաբերմունքը, իսկ ԼԳԲՏ+ անձինք հաճախ բախվում են խտրականության, ատելության խոսքի, սոցիալական մեկուսացման, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերի։ 2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել է 15 դիմում-բողոք՝ 23 անձի վերաբերյալ, միևնեւյն ժամանակ, Փինքի կողմից արձանագրվել է առնվազն 56 իրավունքների խախտման դեպք, որոնց զգալի մասը չի հաղորդվում իրավապահ մարմիններին՝ պայմանավորված վստահության պակասով, կրկնազոհացման և նվաստացուցիչ վերաբերմունքի վախով։

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ որոշ դեպքերում իրավասու մարմինների կողմից դրսևորվում են ոչ զգայուն և կարծրատիպային մոտեցումներ։ Միևնույն ժամանակ, օրենսդրական դաշտում առկա բացերը շարունակում են խոչընդոտել արդյունավետ պաշտպանությանը․ սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը հստակ չեն ամրագրված որպես պաշտպանվող հատկանիշներ, իսկ ատելության շարժառիթով հանցագործությունների կարգավորումներում դրանք ուղղակիորեն ներառված չեն։ Բացի այդ, առողջապահական ոլորտում դեռևս պահպանվում են մոտեցումներ, որոնք կարող են նպաստել խարանի և խտրականության վերարտադրությանը։

Չնայած 2025 թվականին իրականացված որոշակի վերապատրաստումներին և իրազեկման նախաձեռնություններին՝ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները դեռևս բավարար չեն և պահանջում են առավել համակարգված, շարունակական և արդյունավետ մոտեցում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգում է, որ անհրաժեշտ է՝

  • իրականացնել ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի համապարփակ ուսումնասիրություններ՝ բացահայտելու հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի տարածվածությունն ու պատճառները,
  • կազմակերպել շարունակական հանրային իրազեկման արշավներ՝ ուղղված կարծրատիպերի հաղթահարմանը և հանդուրժողականության խթանմանը,
  • ապահովել իրավապահ մարմինների, դատավորների, բուժաշխատողների և այլ մասնագետների համար համակարգված վերապատրաստումներ՝ ձևավորելու ոչ խտրական և զգայուն մոտեցումներ,
  • մշակել ոլորտային ուղեցույցներ և գործիքներ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար,
  • օրենսդրությամբ հստակ ամրագրել «սեռական կողմնորոշումը» և «գենդերային ինքնությունը» որպես պաշտպանվող հատկանիշներ՝ ներառելով դրանք խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների կարգավորումներում։

Միայն համապարփակ և հետևողական քաղաքականության միջոցով հնարավոր կլինի ապահովել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը և ստեղծել հավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն բոլորի համար։