Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդումը

02-04-2024

Հրապարակվել է 2023 թ․ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Հատկանշական է այն փաստը, որ ՄԻՊ գրասենյակի գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ ԼԳԲՏ անձանց իրավունքները ներկայացվել է առանձին գլխում՝ «Իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող առանձին խնդիրներ» բաժնի ներքո։ Բաժնում ներկայացված են նաև սեռական ոտնձգության և պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների խնդիրները, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ազգային փոքրամասնությունների հարցերը։

ԼԳԲՏ անձնանց իրավունքներին նվիրված գլուխը ներկայացված է 3 մասից․

  • ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ-ում,
  • Օրենսդրական խնդիրներ,
  • Պետական մարմինների աշխատանքը և քաղաքացիական հասարակության արձագանքը կատարված աշխատանքներին։

Տարվա ընթացքում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով անձի իրավունքների ոտնահարման վերաբերյալ Պաշտպանը ստացել է 9 դիմում-բողոք, այդ թվում՝ 4 գրավոր դիմում-բողոք և 5 հեռախոսազանգ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին։

Պաշտպանի աշխատակազմը ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակը տարվա ընթացքում ուսումնասիրել է նաև զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման միջոցով։ Բացի այդ, շարունակվել է տրանս կնոջը ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ դեռևս 2022 թվականին սկսված քննարկման ընթացակարգը։

2023 թ․ ընթացքում իրականացվել են նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության հարցերով՝ աշխատակազմի գիտելիքների կատարելագործման և զգայուն մոտեցումների ձևավորմանն ուղղված միջոցառումներ։

Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ևս վկայում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով անհանդուրժողական կամ խտրական վերաբերմունքի առկայության մասին։

Փաստաթղթում մատնանշվել է նաև 2023 թ․ ընթացքում «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտման 51 դեպքի մասին, որոնցից 49-ի պարագայում առկա են անհատ տուժողներ, իսկ 2-ը ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված ատելության խոսքի ծանր դրսևորումներ են՝ բռնության կոչեր կամ արդարացում։ Դեպքերից 22-ն ընտանեկան բռնության դեպքեր են, որոնց տուժողներից 5-ն են դիմել ոստիկանություն։

Տարեկան հաղորդման մեջ նշվել է, որ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ԼԳԲՏ անձանց նկատմամբ առցանց հարթակներում, հատկապես՝ սոցիալական ցանցերում ատելության հրահրման և բռնություն քարոզելու դեպքեր։ Մասնավորապես, ատելության խոսք պարունակող մեծաքանակ հրապարակումներեն կատարվել հատկապես 2023 թ․ օգոստոսի 21-ին տեղի ունեցած՝ տրանս կնոջ սպանության դեպքի առթիվ։ Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը ցույց է տվել, որ սոցիալական ցանցերում տարածվել են ինչպես սպանված կնոջ, այնպես էլ ընդհանուր առմամբ տրանս անձանց նկատմամբ ատելություն հրահրող, բռնություն քարոզող և արդարացնող գրառումներ։ Ի թիվս այլնի, տարածվել են սպանություն նարդարացնող գրառումներ՝ հաշվի առնելով տուժողի տրանս կին լինելու հանգամանքը։

Դեպքի առթիվ Պաշտպանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ դատապարտելով ինչպես սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության, այնպես էլ ցանկացած այլ հիմքով ատելության խոսքի և բռնության կոչերի տարածումը։

Պաշտպանը նաև անդրադարձել է 2023 թ․ ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ արձանագրված բուլիինգի դեպքերին՝ վերջիններիս իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված։ Խնդիրն առավել մանրամասն ներկայացվել է Պաշտպանի արտահերթ զեկույցում։

Փաստաթղթում ներկայացվում են օրենսդրական խնդիրները և այն հանգամանքը, որ որևէ օրենքում և օրենքի նախագծերում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանվող հատկանիշ ուղղակիորեն չեն նախատեսվում, ինչը խնդրահարույց է, հաշվի ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժողականության բարձր մակարդակը հայաստանյան հասարակությունում։

Վերլուծելով նաև պետական մարմինների աշխատանքը և առկա բացերը՝ Պաշտպանը հանդես է եկել մի շարք կարևոր առաջարկներով․

  • իրականացնել ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանրության վերաբերմունքի առնչությամբ ուսումնասիրություն՝ պարզելու համար հասարակությունում առկա հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի տարածվածությունը, առկա հիմնականկարծրատիպերը,
  • իրականացնել հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի, ԼԳԲՏ անձանց վերաբերյալ առկա կարծրատիպերի վերացմանն ուղղված հանրային իրազեկման արշավներ,
  • անմիջականորեն հասցեավորել ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքի և բուլիինգի դրսևորումներն ատելության խոսքի և բուլիինգի դեմ իրականացվող միջոցառումների շրջանակներում,
  • վերապատրաստումներ իրականացնել ոստիկանների, քննիչների, դատախազների և դատավորների համար՝ ուղղված ԼԳԲՏ անձանց նկատմամբ զգայուն, ոչ խտրական մոտեցումների ձևավորմանը,
  • վերապատրաստումներ իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձնակազմի համար՝ ուղղված ԼԳԲՏ անձանց նկատմամբ զգայուն, ոչխտրական մոտեցումների ձևավորմանը և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ կարողությունների զարգացմանը,
  • լրացնել «սեռական կողնորոշումը» և «գենդերային ինքնությունը»՝ որպես պաշտպանվող հատկանիշ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ, 329-330-րդ հոդվածներում, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածում,
  • փոփոխություններ կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ․ սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչում կամ հաստատել նոր դասակարգիչ՝ այն համապատասխանեցնելով Հիվանդությունների միջազգային դասակարգչի 11-րդ թարմացմանը։