ԳԲՏ անձինք շարունակում են ճնշված մնալ բանտերում
ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը, որին անդամակցում է նաև Փինքը, հրապարակել է 2021թ․ տարեկան հաշվետվությունը։
Խումբը 2021թ․ դիտարկել է բանտերում գտնվող գեյ, բիսեքսուալ և տրանս անձանց պահման պայմանները, նրանց նկատմամբ վերաբերմունքը և պարզել, որ 2021թ․ ընթացքում ԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը չի վերացել։
Ըստ հաշվետվության՝ ԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը համակարգային բնույթ ունի, ինչպես նաև աշխատակիցներն ու ազատազրկված անձինք հաճախ տարբեր պիտակներով են անվանում նրանց։
Պետք է նշել, որ բանտերում դեռևս պահպանվող քրեական ենթամշակույթի պատճառով նույնասեռականությունը երբեմն կարող է առնչություն չունենալ անձի սեռական կողմնորոշման հետ, այն կարգավիճակ է, որը ստանում են նաև քրեական ենթամշակույթի կանոնները կոպտորեն խախտած դատապարտյալները։
2021թ․ «Արմավիր» ՔԿՀ կատարած այցի ընթացքում խումբը պարզել է, որ նույնասեռական անձանց համար կա առանձնացված տաքսոֆոն, որից այլ անձինք չեն օգտվում, իսկ այլ անձանց համար նախատեսված տաքսոֆոններից ԳԲՏ անձինք չեն կարող օգտվել։ «Գորիս» և «Արմավիր» ՔԿՀ-ներում խումբը նկատել է, որ սնունդը հիմնականում մատուցվում է մեկանգամյա օգտագործման տարաներով, կամ նույնասեռական անձինք իրենց մոտ ունեն իրենց օգտագործման ամանները, որոնց մեջ լցվում է սնունդը։ Նշված հանգամանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ բանտերում ԳԲՏ անձանց համար իրերն առանձնացված են, և դրանցից մյուս ազատազրկվածները չեն օգտվում։
ԳԲՏ անձնանց խցային պայմանները
ԳԲՏ կամ նույնասեռական ասոցացվող անձինք բանտերում բնակվում են միմյանց հետ և մյուս ազատազրկվածներից առանձին, ընդ որում՝ նրանց խցերը հիմնականում շատ վատ և ոչ բարվոք վիճակում են լինում։ «Գորիս» ՔԿՀ այցի ընթացքում արձանագրվել է, որ նրանց ՔԿՀ տեղափոխելուց հետո միանգամից տեղավորել են նույնասեռական անձանց համար նախատեսված խցերում։ Այնինչ վարչակազմը պնդում է, որ անձինք իրենց դիմումի հիման վրա են առանձնացել։ Հարկ է ընդգծել, որ բանտերում ԳԲՏ անձանց նկատմամբ նման վերաբերմունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում որպես խտրականություն է որակվում։
Մեկ այլ խնդրի են բախվում տրանս կանայք, ովքեր ստիպված են ազատազրկումը կրել տղամարդկանց համար նախատեսված բանտերում։ ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց տեղաբաշխումը կատարվում է ըստ անձնագրում նշված սեռի։ Սա նշանակում է, որ անձնագրում սեռի նշումը փոխված չլինելու դեպքում տրանս կանայք տեղաբաշխվում են տղամարդկանց, իսկ տրանս տղամարդիկ՝ կանանց քրեակատարողական հիմնարկներում: Խումբն արձանագրել է, որ ՔԿՀ-ներից մեկում գտնվող տրանս անձը պահվում է բուժմասում առանձին՝ ելնելով իր անվտանգությունից։ ՔԿՀ-ի պետը նշում է, որ տրանս կնոջ դեպքում չեն կարողանում հասկանալ, թե որտեղ պետք է կրի իր պատիժը, քանի որ «վերևն աղջիկ է, ներքևը՝ տղա»։
Ամփոփելով՝ ԳԲՏ անձանց մյուս ազատազրկվածներից առանձին պահելու մասով խումբը նշում է, որ ՔԿՀ-ներում գործող պրակտիկան քողարկվում է նրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով։ Իսկ դա իրականում խտրականության դրսևորում է և ավելի է նպաստում ԳԲՏ անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի և խարանի խորացմանը։