ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ ատելությունը՝ որպես ծանրացնող հանգամանք․ Նախադեպային որոշում

21-05-2026

2024 թվականի փետրվարի 3-ին  մի խումբ մարդիկ նախապես պայմանավորվել և միասին հարձակվել են մեկ անձի վրա՝ դանակով կամ այլ սուր առարկայով միջին ծանրության վնասվածք հասցնելով նրան։ Հարձակման պատճառը եղել է տուժողի նկատմամբ ատելությունը՝ կապված նրա սեռական կողմնորոշման հետ։ 

Սույն գործը կազմակերպության կողմից տասնյակ տարիներ շարունակ արձանագրված նմանատիպ դեպքերից առաջինն է, որի շրջանակներում իրավապահ մարմինները հանցագործության որակման և գործի քննության ընթացքում հաշվի են առել ատելության շարժառիթը՝ այն ուղղակիորեն կապելով տուժողի սեռական կողմնորոշման հետ։ Հատկանշական է նաև, որ գործի նկատմամբ ցուցաբերված արձագանքը որոշակիորեն պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ տուժողը հանդիսացել է ԱՄՆ քաղաքացի։ 

Քրեական վարույթի ընթացքում քննչական մարմինը մեղադրանքի հիմքում դրել է այն փաստը, որ հանցագործությունը կատարվել է նույնասեռական անձի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության շարժառիթով։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ 

Դատարանը, հետազոտելով և գնահատելով ներկայացված ապացույցները, հաստատված է համարել մեղադրանքը (ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով) և կայացրել է մեղադրական վերդիկտ։

2026 թվականի ապրիլի 23-ին դատարանը մեղադրյալներին ճանաչել է մեղավոր և դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ 

Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ այս գործը մնում է նախադեպ այն պայմաններում, երբ ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ բռնության և ատելության հիմքով կատարված տասնյակ այլ դեպքեր պատշաճ քննության չեն ենթարկվում, իսկ ատելության շարժառիթը հաճախ անտեսվում է իրավապահ մարմինների կողմից։ ԼԳԲՏ+ անձանց շրջանում իրավապահ համակարգի նկատմամբ անվստահությունը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր, ինչը պայմանավորված է ինչպես անարդյունավետ քննություններով, այնպես էլ երկար տարիներ ձևավորված անպատժելիության խորապես արմատավորված մթնոլորտով։