Կայացավ 9-րդ Ծիածան ֆորումը «Համայնք և հասարակություն․ բացառումից ներառում» խորագրով

24-07-2024

Ավելի քան 150 մասնակից, տասնյակ զուգահեռ քննարկումներ ու աշխատարաններ, ինչպես նաև 4 պանելային քննարկում՝ 20 հիմնական խոսնակներով․ այսպիսի հագեցած օրեր ենք ունեցել 2024թ․ հուլիսի 12-ին և 13-ին Երևանում անցկացվող 9-րդ հայկական Ծիածան ֆորումի ժամանակ։

Ամեն տարի ֆորումին մասնակցել ցանկացողների թիվն աճում է, ինչը մեզ ավելի է ոգևորում և ընդգծում միջոցառման կարևորությունը։ Մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը նպաստեց օրակարգային հարցերի վերաբերյալ բազմակողմանի քննարկումներ կազմակերպելուն:

Ֆորումի նպատակն է քննարկել ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրները և քայլեր ձեռնարկել ԼԳԲՏ+ շարժման զարգացման համար, իսկ այս տարվա խորագիրն է՝ «Համայնք և հասարակություն․ բացառումից ներառում»։

2024 թ․ ֆորումի ժամանակ քննարկվեցին ինչպես ԼԳԲՏ+ ակտիվիզմին առնչվող և ներհամայնքային թեմաները, այնպես էլ՝ անդրադարձ կատարվեց կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական, առողջապահական և իրավական ոլորտներում ԼԳԲՏ+ անձանց ներգրավվածության հարցերին։ Միջոցառման ժամանակ նաև վեր հանվեցին ԼԳԲՏ+ անձանց համար կարևոր և հրատապ հարցեր, ինչպիսիք են զգայուն մասնագետների կարիքը, համայնքի տեսանելիությունը սոցիալական մեդիայում, անվտանգային իրավիճակի ազդեցությունը, միգրացիան, ընտանեկան հարաբերությունները և այլն։

ԼԳԲՏ+ շարժումը Հայաստանում ընդամենը 15-20 տարվա պատմություն ունի, սակայն ժամանակն է խոսել արդեն սերունդների թողած հետքերի և շարունակականության մասին։ Հաճախ կարելի է նկատել, որ շարժման ակտիվությունը կարծես տարիքային պայմանավորվածություն ունի՝ առավել ակտիվ ու ներգրավված է համայնքի ավելի երիտասարդ մասը և օրինաչափորեն մի սերունդը գալիս է մյուսին փոխարինելու։ Մեծահասակները հեռվանում շարժումից, սակայն համայնքը կարող է աջակցել նրանց և շարունակել աշխատանքները տարիքով ավելի մեծ քվիր անձանց հետ։

Ֆորումն ամփոփվեց շոշափելի փոփոխությունների ու ձեռքբերումների մասին քննարկումով, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ԼԳԲՏ+ անձանց կյանքում։ Խոսնակներն արդրադարձան այն քայլերին, որոնք անհրաժեշտ են ավելի ներառական հասարակություն ունենալու համար։

Ֆորումը նաև հագեցած էր ժամանցային և իրազեկող ծրագրերով։ Դրանցից մեկն ակտիվիստական ցուցահանդեսն էր, որտեղ մասնակիցները ծանոթացան ոլորտային հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, նրանց աշխատանքին և շփվեցին ներկայացուցիչների հետ։ Առանձին ցուցադրվեցին նաև Փինքի նախաձեռնած գրաֆիկ և վեբ դիզայնի դասընթացների առաջին շրջանավարտների ավարտական աշխատանքները։

Ամփոփելով Հայաստանում իրականացվող ամենամեծ քվիր-ակտիվիստական միջոցառումը՝ մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, վարողներին և խոսնակներին, ինչպես նաև մեր շատ սիրելի կամավորներին։

Այժմ մենք նոր ճանապարհ ենք հարթում 10-րդ հոբելյանական Ծիածան Ֆորում 2025-ի համար։