Համակերպո՞ւմ, թե պայքար. 11-րդ Ծիածան ֆորում

21-05-2026

Մայիսի 15-16-ը տեղի ունեցավ 11-րդ Ծիածան ֆորումը, որը համախմբեց ԼԳԲՏ+ անձանց, համախոհներին ու գործընկեր կազմակերպություններին՝ քննարկման, փոխադարձ աջակցության և համայնքային կապերի ամրապնդման շուրջ։


Այս տարվա ֆորումն անցկացվեց «Համակերպո՞ւմ, թե պայքար» խորագրի ներքո՝ ստեղծելով տարածք խոսելու Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց առջև կանգնած մարտահրավերների, ճնշումներին արձագանքելու տարբեր ռազմավարությունների, ինչպես նաև համատեղ պայքարի, խնամքի և համագործակցության կարևորության մասին։


Ֆորումը մեկնարկեց «ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում․ 2025թ․» տարեկան զեկույցի ներկայացմամբ և կլոր-սեղան քննարկմամբ։ Մասնակիցները քննարկեցին սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով 2025 թվականին արձանագրված մարդու իրավունքների խախտումները, իրավապահ մարմիններին դիմելու խոչընդոտները, ինստիտուտների նկատմամբ անվստահությունը, ատելության հիմքով հանցագործությունները, ատելության խոսքը և բռնության կոչերը, ընտանեկան և զուգընկերային բռնության դեպքերը, ինչպես նաև արդարադատության ոլորտում առկա խնդիրները։


Ֆորումի պաշտոնական բացման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին նաև ֆորումի տարածքներն ու անվտանգության կանոնները՝ ընդգծելով Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց և համախորհների համար ավելի անվտանգ և ներառական միջավայրերի ստեղծման կարևորությունը։

«Հայաստանում մեր հեռանկարը․ գործընկերների հետ մտահոգությունների քննարկում»

Առաջին օրվա կարևոր քննարկումներից մեկը՝ «Հայաստանում մեր հեռանկարը․ գործընկերների հետ մտահոգությունների քննարկում»-ը, համախմբեց ԼԳԲՏ+ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ անդրադառնալու ներկայիս քաղաքական միջավայրի մարտահրավերներին, շարժման և մարդու իրավունքների օրակարգի զարգացման տեսլականներին և շարժման ներսում ավելի ամուր համագործակցության հնարավորություններին։

Առաջին օրվա զուգահեռ քննարկումները նվիրված էին ընտրական գործընթացների և քաղաքական հռետորաբանության ազդեցությանը ԼԳԲՏ+ համայնքի վրա, անվտանգ և ներառական համայնքային տարածքների պատմությանն ու կարևորությանը, ինչպես նաև սոցիալական մեդիայի, ալգորիթմների և ապատեղեկատվության ազդեցությանը վստահության և հաղորդակցության վրա։

Օրվա ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն և երաժշտական երեկո, որը դարձավ ոչ ֆորմալ ու ապահով տարածք շփումների, նոր ծանոթությունների, համայնքային կապերի ամրապնդման և համերաշխությունը տոնելու համար։

Ֆորումի երկրորդ օրը շարունակվեց համայնքի ներսում առկա այլատյացության, նախապաշարմունքների և բացառման շուրջ քննարկումներով՝ փորձելով հասկանալ համակարգային ճնշումների ազդեցությունը և խոսել ավելի ներառական ու համերաշխ միջավայրեր կառուցելու հնարավորությունների մասին։

Մասնակիցները ներգրավվեցին նաև քվիր քաղաքականության և ֆեմինիզմի վերաբերյալ քննարկումներում։

«Քվիր կուսակցություն․ տեսություն և պրակտիկա»

քննարկումը անդրադարձավ Հայաստանում քվիր քաղաքական օրակարգի ձևավորման և քաղաքական սուբյեկտության հնարավորություններին

«Ֆեմինիզմ և այլ գաղափարներ․ «Ես ֆեմինիստ եմ, բայց…»

քննարկման ընթացքում խոսվեց ֆեմինիզմի շուրջ առկա միֆերի, հակասությունների և գենդերի ու սեռականության հարցերի փոխկապակցվածության մասին։

Ֆորումի շրջանակում կազմակերպվեցին նաև զուգահեռ տարածքներ՝ նվիրված երիտասարդական փոխանակման ծրագրերին, հայկական դրեգ մշակույթին՝ որպես տեսանելիության և դիմադրության ձևի, ինչպես նաև միգրանտների և ապաստան հայցողների առջև կանգնած իրավական և սոցիալական խնդիրներին։ Մյուս տարածքը ԼԳԲՏ+ անձանց ծնողների հետ քննարկումն էր, որը հնարավորություն էր ստեղծել ջերմ միջավայրում խոսել ընտանիքի անդամների աջակցության և ծնողների հետ հարաբերությունների կարևորության մասին:


11-րդ Ծիածան ֆորումն ավարտվեց ամփոփիչ քննարկմամբ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու օրերի հիմնական թեմաներին, մարտահրավերներին և ձևավորված կարևոր եզրահանգումներին։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ծիածան ֆորումը դարձավ կարևոր հարթակ՝ Հայաստանում ԼԳԲՏ+ համայնքի և համախոհ շարժումների միջև երկխոսության, տեսանելիության, համերաշխության և համագործակցության ամրապնդման համար։