Լռեցված իրականություն

16-05-2012

Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներըն և միջազգային հանրության ներկայացուցիչները մայիսի 15-ին «ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում. Լռեցված իրականություն» կոնֆերանսի ժամանակ քննարկեցին լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության վերացման և նրանց իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև՝ քննարկել ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականության, նրանց ընդունման և հասարակություն ինտեգրման խնդիրները:

Մարդու իրավունքների տեղական և միջազգային փորձագետները քննարկեցին «ԼԳԲՏ անձանց մասին հասարակական կարծիք» հետազոտությունը, որը ներկայացվեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կողմից: Բաց քննարկումները նույնպես ԼԳԲՏ անձանց ընկալման, խոսքի ազատության խնդրի և հավասար իրավունքներ երաշխավորող օրենքների հետագա կիրառման մասին էին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խոսեցին խտրականության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և սեռական ու այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորության մասին:

Մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ու պաշտպանությունը ՄԱԿ-ի առանցքային սկզբունքներից է` ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որը  Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր փաստաթղթերից մեկն է:

Սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը նուրբ թեմաներ են, բայց անհրաժեշտ է բարձրաձայնել դրանց մասին, քանի որ մարդկային կյանքն ու արժանապատվությունը վտանգված են: Խտրականության դեմ պայքարի սկզբունքը պահանջում է մարդու իրավունքների կիրառում ցանկացած մարդ արարածի նկատմամբ`անկախ նրա սեռական կողմնորոշվածությունից կամ գենդերային ինքնությունից:

Եվրոպական միությունը պարտավորված է պաշտպանել մարդու համընդհանուր և անքակտելի իրավունքները: Կազմակերպությունը ակտիվորեն խթանում և պաշտպանում է այդ իրավունքները` իր սահմաններում և այլ երկրների հետ հարաբերություններում:

Միջոցառումը կազմակերպվել էր «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կողմից` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Եվրոպական միության աջակցությամբ: