Սոցիալական աշխատողների ընկալումները ՍԿԳԻ մասին և նրանց վերաբերմունքը ԼԳԲՏ+ անհատների հանդեպ

15-03-2024

Հայաստանյան և միջազգային համատեքստը (համառոտագիր)

Սեռականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված հիմնահարցերը ժամանակի ընթացքում ավելի շատ են սկսել հայտնվել հետազոտողների ուշադրության կենտրոնում տարբեր երկրներում։ Էնթոնի Գիդենսը, Մերի Մաքինթոշը, Էլիզաբեթ Վիլսոնը և այլոք դեռևս 1970-ականներից սկսած ձևավորել են բրիտանացի սոցիոլոգների շրջանում սեռականության թեմաներն ուսումնասիրելու ավանդույթ։ 1974 թվականին, օրինակ, Բրիտանական Սոցիոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողովի թեման էր՝ «Սեռականությունը սոցիալական համատեքստում»։ Ներկայումս, գենդերը և սեռականությունը հանդիսանում են սոցիոլոգների կողմից լայնորեն ուսումնասիրվող և քննարկվող թեմաներից։ Հետխորհրդային երկրներում այդ թեմաները համեմատաբար ավելի ուշ են հայտնվել հետազոտողների հետաքրքրության դաշտում։ Դրան զուգահեռ տարածաշրջանում սկսվեցին սեռական բազմազանության, գենդերային ինքնության հետ կապված հիմնահարցերին ուղղված առաջին նախաձեռնությունները, ԼԳԲՏ+ անհատների տեսանելիության բարձրացմանն ուղղված առաջին շարժումները, բազմազանության երթերը տարբեր երկրներում՝ ներառյալ Հայաստանում։ Այդուհանդերձ, առ այսօր էլ Հայաստանը շարունակում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) առումով ոչ ներառական, խտրական, հոմոֆոբ սոցիալական միջավայր հանդիսանալ, ինչի մասին վկայում է Ծիածան Եվրոպայի ինդեքսի ցածր ցուցանիշը տարիներ շարունակ։ Մասնավորապես, 2022 թվականի դրությամբ Հայաստանը վերջին 3 հորիզոնականները զբաղեցնող երկրներից մեկն է հանդիսացել։ Այսպիսի միջավայրում առավել մեծ նշանակություն են ձեռք բերում իրավապահների և օգնող մասնագետների, այդ թվում սոցիալական աշխատողների ծառայությունները, որոնցից երբեմն կախված է լինում ԼԳԲՏ+ անհատների կյանքը։ Այդպիսով, ներառականությունն ապահովելու խնդիրը շարունակում է արդիական մնալ Հայաստանում:

Վերջին քսան տարիների ընթացքում ԼԳԲՏ+ անհատների նկատմամբ հանրային, մասնավորապես օգնող մասնագետների վերաբերմունքի ուսումնասիրության նպատակով մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ են իրականացվել տարածաշրջանի տարբեր երկրներում։ Հայաստանում առաջին նման հետազոտություններն իրականացվել են 2010-2011 թվականներին։ 2013 թվականին Հայաստանի մի շարք քաղաքներում իրականացվել է քանակական հետազոտություն մոտ 500 օգնող մասնագետների շրջանում, որի նպատակն էր բացահայտել նրանց իրազեկվածության մակարդակը, գիտելիքները ՍԿԳԻ վերաբերյալ, ինչպես նաև նրանց վերաբերմունքը ԼԳԲՏ+ անհատների նկատմամբ: Այդ հետազոտության թիրախ չեն հանդիսացել սոցիալական աշխատողները, սակայն 2011 թվականին իրականացված հետազոտության շրջանակներում որպես հարցվող մասնակցել են նաև հայաստանցի սոցիալական աշխատողներ։

2017 և 2019 թվականներին իրականացվել է հետազոտություն սոցիալական աշխատողների, բժիշկների և ոստիկանների շրջանում 5 պետությունում, որոնցից ստացված տվյալները երկու տարվա կտրվածքով համեմատվել են, դուրս են բերվել վերաբերմունքի առումով որոշակի փոփոխություններ անգամ այդքան կարճ ժամանակահատվածում։ 2017 թվականի հետազոտությանը մասնակցել է 29 սոցիալական աշխատող, իսկ 2019 թվականին՝ 21։ Ընտրված երկրներում հարցված մասնագետների զգալի մասը համաձայնել է այն պնդմանը, որ ԼԳԲՏ+ անհատները պետք է ունենան նույն իրավունքներն, ինչ իրենց պետության այլ քաղաքացիները։ Հայաստանում 2019 թվականի հետազոտության շրջանակներում ԼԳԲՏ+ անհատների քաղաքացիական իրավահավասարության հետ համաձայնել էր հարցված սոցիալական աշխատողների 88%-ը։ Սա նկատելի դրական տեղաշարժ է ԼԳԲՏ+ անհատների հանդեպ վերաբերմունքի առումով։ Այդուհանդերձ, հայաստանցի սոցիալական աշխատողների արդի ընկալումներն ու վերաբերմունքը պարզելու համար անհրաժեշտ է իրականացնել նոր սոցիոլոգիական հետազոտություն:

Այս և այլ հետաքրքիր մանրամասները կարող եք ընթերցել սոցիալական աշխատանքի մասնագետ և հետազոտող Լուսինե Քարամյանի պատրաստած վերլուծության մեջ։

Վերլուծություն

Սոցիալական աշխատողների ընկալումները ՍԿԳԻ մասին և նրանց վերաբերմունքը ԼԳԲՏ+ անհատների հանդեպ