Գենդերային ուսումնասիրությունների և սեռականության 3-րդ հայկական կոնֆերանս 

05-10-2026

Սեռականությունը ընդհանուր առմամբ և դրա բաղադրիչները ձևավորվում և վերարտադրվում են սոցիալական, մշակութային, քաղաքական և ինստիտուցիոնալ միջավայրերի փոխազդեցության մեջ։ Գենդերային և սեռական ինքնությունները, դրանց արտահայտման հնարավորությունները, սոցիալական նորմերն ու սպասումները, իշխանության և անհավասարության ներքին դինամիկան, խտրականությունն ու դրա հետևանքները շարունակում են կարևոր հարցեր մնալ ինչպես ակադեմիական ուսումնասիրությունների, այնպես էլ մասնագիտական և հասարակական պրակտիկայի համար։

Այս գործընթացների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ավելի խորությամբ հասկանալու, թե ինչպես են գենդերն ու սեռականությունն առնչվում ինքնության, ինքնաարտահայտման, հարաբերությունների, առողջության և բարեկեցության, կրթության, աշխատանքի, ընտանիքի, մշակույթի, իրավունքի և սոցիալական կյանքի այլ ոլորտների հետ։ Միաժամանակ այն հնարավորություն է ստեղծում քննարկելու ոչ միայն առկա խնդիրները, այլև դիմադրության, սոցիալական փոփոխության, աջակցության և սոլիդարության հնարավոր ուղիները։

Գենդերային ուսումնասիրությունների և սեռականության 3-րդ հայկական կոնֆերանսը մասնագիտական և գիտական հարթակ է, որն արդեն 3 տարի է, ինչ շարունակում է միավորել հետազոտողներին, հոգեկան առողջության և առողջապահության ոլորտի մասնագետներին, սոցիալական աշխատողներին, իրավաբաններին, դասախոսներին, ուսանողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ակտիվիստներին և այլ մասնագետների՝ գենդերին, սեռականությանը և դրանց փոխկապակցված սոցիալական, մշակութային, քաղաքական և հոգեբանական գործընթացներին առնչվող հարցերը քննարկելու համար։

Կոնֆերանսը հրավիրում է ներկայացնելու հետազոտություններ, տեսական և գործնական մոտեցումներ, մասնագիտական փորձ, համայնքային և ակտիվիստական նախաձեռնություններ, ինչպես նաև քննադատական ու միջդիսցիպլինար աշխատանքներ։

Մենք հատկապես ողջունում ենք այն աշխատանքները, որոնք կապում են տեսությունն ու պրակտիկան, ուսումնասիրում են իշխանության և անհավասարության հարաբերությունները, անդրադառնում են մարգինալացված խմբերի փորձառություններին կամ ձևավորվում են Հայաստանի և տարածաշրջանի տեղային համատեքստերում։

Կոնֆերանսի նպատակն է խթանել գիտելիքի և փորձի փոխանակումը, զարգացնել միջդիսցիպլինար երկխոսությունը, կապել ակադեմիական, մասնագիտական, համայնքային և ակտիվիստական գիտելիքը և ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ՝ նպաստելով գենդերային ուսումնասիրությունների և սեռականության ոլորտների զարգացմանը Հայաստանում։ 


Կոնֆերանսը հնարավորություն է՝  

  • խորացնելու մասնագիտական և ակադեմիական գիտելիքները գենդերի, սեռականության և ինքնության հարցերի շուրջ,  
  • ներկայացնելու սեփական հետազոտությունը կամ մասնագիտական փորձը և ստանալու մասնագիտական արձագանք,  
  • քննարկելու տեղային և միջազգային համատեքստերում առկա խնդիրներն ու զարգացումները,  
  • ծանոթանալու տարբեր տեսական և գործնական մոտեցումների,  
  • խթանելու միջդիսցիպլինար քննարկումներն ու մասնագիտական համագործակցությունը,  
  • ձևավորելու և ընդլայնելու մասնագիտական կապեր ու համայնք։  

Թեմաները կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալ ոլորտներով՝  

  • Ինքնություն, նույնականացում և համայնք  
  • Գենդեր, սեռականություն և հոգեկան առողջություն  
  • Հոգեթերապիա, խորհրդատվություն և մասնագիտական պրակտիկա  
  • Հոգեբուժություն, բժշկություն և սեքսոլոգիա  
  • Կրթություն, հասարակություն և մշակույթ  
  • Իրավունքներ, քաղաքականություն և հասարակական համակարգեր  

Թեմաների այս ցանկը սպառիչ չէ։ Կդիտարկվեն նաև այլ զեկույցներ և հետազոտություններ, որոնք առնչվում են գենդերային ուսումնասիրություններին, սեռականությանը, հոգեկան առողջությանը, մարդու իրավունքներին և հարակից ոլորտներին։ 

Ներկայացված առաջարկները և դրանց սեղմագրերը կդիտարկվեն կոնֆերանսի ծրագրային հանձնաժողովի կողմից։ 

Ամրագրեք նոյեմբերի 28-ը և միացեք մեզ՝ ստեղծելու սեռականության և գենդերային ուսումնասիրությունների հայկական դիսկուրսը։ 

Կոնֆերանսին մասնակցությունը հնարավորություն է ոչ միայն ներկայացնելու սեփական աշխատանքը, այլև ներգրավվելու գիտելիքի, փորձի գործընթացում՝ միանալով այն մասնագիտական և համայնքային միջավայրին, որը ձևավորվում է գենդերի, սեռականության, հոգեկան առողջության և մարդու իրավունքների հատման կետերում։ 

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն հայերենն է։ Զեկույցներն ընդունվում են նաև անգլերեն լեզվով։

Զեկույցների ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 23