Հայաստանին կրկին առաջարկվում է պաշտպանել ԼԳԲՏ+ անձանց իրավունքները
Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջափուլի արդյունքում ամփոփվել է այլ պետությունների առաջարկները Հայաստանին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանը բարելավելուն։
«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն դիտարկման ընթացքում երրորդ անգամ է մասնակցել գործընթացին՝ ներկայացնելով ԼԳԲՏ+ անձանց իրավիճակը և առաջարկելով խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների, ատելության խոսքի, ինչպես նաև տրանս անձանց առողջապահական կարիքների հետ կապված օրենսդրական կարգավորումներ։
Հատկանշական է, որ արդեն շուրջ մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանին խորհուրդ է տրվում ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն՝ ներառելով սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը՝ որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշ և ապահովել ԼԳԲՏ+ անձանց պաշտպանությունը տարբեր ոլորտներում դրսևորվող խտրականությունից։ Միևնույն ժամանակ, «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը բազմիցս քննարկվել և փոփոխությունների է ենթարկվել, բայց որևէ պարագայում չի ներառել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությունից ուղղակի պաշտպանություն։
Կառավարությունը հավանության է արժանացրել առաջարկները՝ արձագանքելով, որ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը արդեն պատրաստ է և ներկայացված է Ազգային ժողովի դիտարկմանը։
Հիշեցնենք, որ այս օրենքի ընդունումը նախատեսված էր 2024 թ-ի երկրորդ կիսամյակում՝ համաձայն Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի։ Այնուամենայնիվ, հասարակական կազմակերպություններին՝ որպես շահագրգիռ կողմ, հայտնի չէ նախագծի կարգավիճակի վերաբերյալ որևէ տվյալ։
Նաև առաջարկվել է ապահովել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների պատշաճ քննություն, ներառյալ՝ օրենսդրության համապատասխանեցումը։
Պետության կողմից այս առաջարկը ևս հավանության է արժանացել՝ դիտարկմամբ, որ քրեական օրենսգիրքը նախատեսում է որոշակի հատկանիշներով պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունները՝ որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված արարք։
Այս առումով ուշադրության է արժանի նոր քրեական օրենսգրքով նախատեսված կարգավորումների արդյունավետ կիրառումը ԼԳԲՏ+ անձանց պաշտպանության նպատակով։ Այսպես, մինչ օրս առկա պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունները չեն որակվում որպես ծանրացնող հանգամանքներում կատարված արարք և պատշաճ քննության չեն ենթարկվում։ Հետևաբար, Կառավարությունը չպետք է սահմանափակվի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարություններով, այլ պետք է միջոցներ ձեռնարկի դրանց կիրառման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ։
Առաջարկվել է նաև վերացնել անձը հաստատող փաստաթղթերում տրանս անձանց գենդերի վերաբերյալ նշման փոփոխության համար որպես պարտադիր պայման սեռափոխությունը՝ գործընթացը հիմնելով ինքնորոշման սկզբունքի վրա։ Կառավարությունը չի մերժել առաջարկը, սակայն ընդունել է ի գիտություն՝ առանց որևէ մեկնաբանության։
Նշենք, որ ԼԳԲՏ+ անձանց խտրականությունից, բռնությունից և ատելության խոսքից պաշտպանելուն ուղղված առաջարկների թիվը աճել է, հասնելով 24-ի։ Առաջարկներով հանդես են եկել հետևյալ պետությունները Կուբա, Շվեդիա, Պորտուգալիա, Չեխիա, Ուրուգվայ, Նորվեգիա, Չիլի, Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Իռանդիա, Շվեյցարիա, Բրազիալիա, Մոնտենեգրո, Մալթա, Կանադա, Բելգիա, Մեքսիկա, Նիդերլանդներ, Իսպանիա, Կոլումբիա։
Այսպիսով, կոչ ենք անում Կառավարությանը և Ազգային ժողովին՝
- «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերջնականացնելիս հաշվի առնել սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը՝ որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշ ներառելու մասին կրկին ներկայացված առաջարկները, որոնք հիմնված են Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց իրավիճակի գնահատման վրա։
- Հստակ քաղաքականությամբ հասցեավորել ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի կարգավորմանն ուղղված քրեաիրավական դրույթների կիրառումը ԼԳԲՏ+ անձանց պաշտպանության նպատակով՝ ներառյալ՝ դիտարկելով սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ուղղակիորեն նախատեսելու կարիքը՝ որպես օրենսդրության արդյունավետ կիրառության երաշխիք։
Այլ նորություններ
Նորությունների բաժին