Բարօրության եռօրյա ճամբար

14-04-2026

Ապրիլի 10-12-ը տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած անձնային աճին նվիրված ճամբարը։ 

Այս եռօրյա հանդիպումը միավորել էր քվիր անձանց և համախոհների, ստեղծելով անվտանգ, աջակցող և հոգատար միջավայր՝ անձնային աճի և փորձի փոխանակման համար։ 

Այս անգամ ճամբարի առանցքային թեման անվտանգությունն էր՝ իր բազմաշերտ դրսևորումներով։

Երեք օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան աշխատել մասնագիտացված  հոգեբանների և կիբերանվտանգության մասնագետների հետ: Միասին ուսումնասիրեցինք  թվային, հուզական, հոգեբանական և ֆիզիկական անվտանգության տարբեր կողմերը։ 


Ճամբարը մեկնարկեց մասնակիցների հետ ծանոթությամբ

Առաջին օրը կենտրոնացած էր թվային անվտանգության և ընդհանուր կանոնների ձևակերպման վրա:

Քննարկվեցին առցանց հարթակներում ինքնապաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև ժամադրությունների հավելվածներում առկա ռիսկերն ու դրանց նվազեցման հնարավորությունները։

Մասնագետների ֆասիլիտացմամբ մասնակիցները մոդելավորեցին ծանոթության հավելվածներում օգտահաշիվների ստեղծման խաղային իրավիճակներ, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմեն թվային հարթակներում առկա սպառնալիքների և դրանցից պաշտպանվելու միջոցների մասին։


Երկրորդ օրը նվիրված էր ներքին անվտանգությանը

Մասնակիցները աշխատեցին իրենց հուզական փորձառությունների հետ, ուսումնասիրեցին սահմանների ձևավորման և ինքնապաշտպանության ռազմավարությունները՝ ձեռք բերելով ինչպես տեսական  գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ։ 


Երրորդ օրը անդրադարձ կատարվեց ֆիզիկական անվտանգությանը

Մասնակիցները սովորեցին գնահատել տարբեր իրավիճակներում առկա ռիսկերը և կիրառել հստակ  պաշտպանական գործիքներ։ Ճամբարը ավարտվեց ամփոփմամբ և հետադարձ կապի փուլով՝  հնարավորություն տալով մասնակիցներին վերաիմաստավորել իրենց փորձը։ 


Եռօրյա ճամբարը ոչ միայն գիտելիքների, այլ նաև սեփական անձին անդրադառնալու  հնարավորությունների մասին էր: