ՄԱԿ-ի աշխատանքային խումբը Հայաստանում ուսումնասիրել է կանանց և աղջիկների իրավունքների վիճակը
ՄԱԿ-ի կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խումբը Հայաստանում իրականացրել է տվյալների հավաքագրում և տասնօրյա այց՝ նպատակ ունենալով գնահատել երկրում կանանց և աղջիկների իրավունքների ընդհանուր իրավիճակը։ Այցի շրջանակում խումբը հանդիպումներ է ունեցել պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ։
Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կանանց իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմներին, խտրականության դրսևորումներին և իրավական դաշտի բացերին։ Աշխատանքային խումբը հանդիպել է նաև «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են ԼԲՏՔ+ կանանց և աղջիկների իրավունքների իրավիճակը Հայաստանում՝ ընդգծելով ոլորտում առկա բազմաշերտ խնդիրները։
Մարտի 25-ին հրապարակված ամփոփ հայտարարության մեջ փորձագետները կոչ են արել ապահովել առավել անվտանգ և աջակցող միջավայր կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և քաղաքական գործիչների համար՝ ընդգծելով, որ նրանք պետք է կարողանան մասնակցել հանրային կյանքին՝ զերծ մնալով ահաբեկումից, ատելության խոսքից և բռնությունից՝ թե՛ առցանց, թե՛ անցանց հարթակներում։
Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ է կատարվել նաև ԼԲՏՔ+ կանանց և աղջիկների իրավիճակին Հայաստանում։ Ըստ փորձագետների՝ նրանք բախվում են բազմակի խտրականության դրսևորումների, որոնք պայմանավորված են խորքային գենդերային կարծրատիպերով, հասարակական խարանով և իրավական պաշտպանության բացերով։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տվյալներով՝ արձանագրվում են տարբեր խախտումներ՝ ներառյալ ատելության հողի վրա բռնություն, խտրականություն բնակարանային, աշխատանքային և կրթական ոլորտներում, ինչպես նաև ընտանեկան բռնություն և սեռական բռնություն։
Փորձագետները նշում են, որ իրավիճակը բարդանում է իրավապահ մարմինների նկատմամբ տարածված անվստահությամբ պայմանավորված, ինչը արդյունք է դեպքերի սխալ որակման և պետության ոչ պատշաճ արձագանքի։
Աշխատանքային խումբը նաև ընդգծել է համապարփակ հակախտրականության օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը կերաշխավորի բոլոր խմբերի, այդ թվում՝ խոցելի համայնքների արդյունավետ պաշտպանությունը և կուժեղացնի մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում։
Ամփոփելով՝ ՄԱԿ-ի փորձագետները կարևորել են համակարգային բարեփոխումները՝ ուղղված կանանց և աղջիկների իրավունքների լիարժեք իրացմանը և խտրականության բոլոր ձևերի հաղթահարմանը երկրում։
Այլ նորություններ
Նորությունների բաժին